«Պայմանական վաղաժամկետ ազատելու դեմ դատախազությունը չէր կարողանում իրավական փաստարկ ներկայացնել». Միհրան Պողոսյան
«Աշոտ Մանուկյանը որոշել էր, որ չգար նիստին, որովհետև եթե գար, պետք է նախօրոք գար այստեղ»,- ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի՝ դատական նիստին ներկա չլինելու մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Միհրան Պողոսյանը:
Սեպտեմբերի 4-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ, մերժել էր Աշոտ Մանուկյանի՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը: Դատապարտյալը դիմել է վերաքննիչ քրեական դատարան ու բողոքարկել առաջին ատյանի որոշումը:
Դատապարտյալ Աշոտ Մանուկյանը, որը մոտ 24 տարի առաջ 3 զինծառայողի սպանության համար դատապարտվել էր ցմահ ազատազրկման, 20 տարի պատիժը կրել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ապա տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ:
1 ամիս առաջ Աշոտ Մանուկյանի պահման ռեժիմը փոխվել էր, նա կիսափակ ռեժիմով «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխվել էր կիսաբաց ռեժիմով «Սևան» ՔԿՀ:
Վերջին դատական նիստին Մանուկյանի բացակայության պատճառով դատավոր Մնացական Հարությունյանը միայն լսել էր կողմերի փաստարկներն ու հակափաստարկները, ասել, որ ցանկանում է լսել նաև դատապարտյալին, և հենց այդ պատճառով էլ նիստը հետաձգել էր՝ խոստանալով հաջորդ դատական նիստին ապահովել Աշոտ Մանուկյանի ներկայությունը:
«Դատարանն առանձին որոշումներ պետք է կայացնի, որոնք ներկայացնելու է քրեակատարողական վարչություն, և նրանք էլ պետք է ի կատար է ածեն որոշումն ու բերելու հարցը լուծեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը:
Փորձեցինք Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունից տեղեկություն ստանալ, արդյո՞ք Վերաքննիչ քրեական դատարանից նոր որոշում ստացել են: Քրեակատարողական ծառայության հանրային կապերի պատասխանատու Նոնա Նավիկյանը 168.am-ին փոխանցեց, որ հաջորդ նիստի մասին դեռևս որևէ որոշում դատարանից չեն ստացել:
Դատական նիստում դատախազ Արայիկ Բրուտյանը նշել էր, թե դատապարտյալ Աշոտ Մանուկյանն իսկապես կանգնած է ուղղման ճանապարհին, բայց, ըստ դատախազության, ոչ այն աստիճանի, որ պայմանական վաղաժամկետ ազատ արձակվի: Դատախազության պնդումները պաշտպանական կողմին բացարձակապես չեն բավարարում:
«Այստեղ կարևոր են այն հանգամանքները, որ դատախազությունը որպես փաստարկ՝ ներկայացնում էր, որ, օրինակ, տեսեք, Աշոտ Մանուկյանի պատժի տեսակը տարիների ընթացքում փոխվել է. փակից՝ կիսափակ, կիսափակից՝ կիսաբաց: Ցմահների հետ կապված ցույց են տալիս, որ փոփոխությունը պատժի կրման ընթացքում եղել է, որը որ, ըստ դատախազության, բավարար չէ պայմանական վաղաժամկետ ազատվելու համար: Սակայն պայմանական վաղաժամկետ ազատելու դեմ դատախազությունը չէր կարողանում իրավական փաստարկ ներկայացնել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը:
Դատական նիստում որպես փաստարկ՝ դատախազությունը բերել էր ազատազրկման ընթացքում Աշոտ Մանուկյանի կատարած 5 խախտումը, որոնց համար տույժ էր նշանակվել:
Աշոտ Մանուկյանի փաստաբանը 168.am-ին ասաց, որ բոլոր տույժերը մարված են, որովհետև ըստ օրենքի՝ եթե անձը 6 ամսվա ընթացքում նոր տույժ չի ունենում, այդ տույժը համարվում է մարված: Վերջը տույժը 2014 թվականին է եղել: Բոլոր խախտումներն էլ հեռախոսների հետ կապված խախտումներ են եղել, որոնք, ըստ փաստաբանի, ուղղված են եղել սոցիալական կապը պահպանելուն:
Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, ժամը 16:30-ին: