Բաժիններ՝

«Սառը սիրտ 2» մուլտֆիլմը դրամամուտքերի ռեկորդ է սահմանել տոնական հանգստյան օրերին

Ամերիկյան The Walt Disney Company կինոընկերության «Սառը սիրտ 2» (Frozen 2) մուլտֆիլմը դրամամուտքերի ռեկորդ է սահմանել Գոհաբանության օրը եւ դրան հաջորդած «սեւ ուրբաթին» ու հանգստյան օրերին: Այդ մասին դեկտեմբերի 1-ին հայտնել է The Wall Street Journal թերթը։

Նրա տվյալներով՝ չորս օրվա ընթացքում՝ նոյեմբերի 28-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը, ռեժիսորներ Քրիս Բաքին եւ Ջենիֆեր Լիին հաջողվել է ԱՄՆ-ի ու Կանադայի կինոթատրոններում հավաքել 123,7 մլն դոլար: Դա զգալիորեն գերազանցել է այն ռեկորդը, որը 2013 թվականի այս տոնական ժամանակաշրջանում սահմանել էր «Քաղցած խաղեր. եւ կբոցավառվի կրակը» ֆիլմը: Այդ ժամանակ ռեժիսոր Ֆրենսիս Լոուրենսի ֆիլմին հաջողվեց 110 մլն դոլար դրամամուտք ապահովել:

Ավելի վաղ «Սառը սիրտ 2»-ը մուլտիպլիկացիոն կինոնկարի համար համաշխարհային դրամամուտքերի ռեկորդ էր սահմանել վարձույթի առաջին ուիքենդի ընթացքում: Ամբողջ աշխարհում վաճառվել էր 358,2 մլն դոլարի տոմս: Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը (238 մլն դոլար) պահպանում էր «Խաղալիքի պատմություն 4»-ը, որը թողարկվել Է այս տարվա հունիսի 21-ին: «Սառը սրտի» երկրորդ մասը էկրան է բարձրացել նոյեմբերի 22-ին. ներկա դրությամբ նրա համաշխարհային դրամամուտքերը գերազանցում են 738,6 մլն դոլարը:

«Սառը սիրտ 2»-ը 2013 թվականին էկրան բարձրացած համանուն անիմացիոն ֆիլմի շարունակությունն է, որը պատմում է Էլզա թագուհու արկածների մասին, ով օժտված է այն ամենը սառցնելու արտասովոր շնորհով, ինչին որ նա դիպչում է, եւ նրա քրոջ՝ Աննայի մասին: Մուլտֆիլմը դարձել է The Walt Disney Company-ի ամենահաջողված նախագծերից մեկը: Վարձույթից դրամամուտքերը կազմել են գրեթե 1,3 մլրդ դոլար՝ 150 մլն դոլար արտադրական ծախսերի դեպքում: «Սառը սիրտը» նաեւ նշվել է «Օսկար»-ի երկու պարգեւով՝ որպես լավագույն անիմացիոն ֆիլմ եւ լավագույն երգի համար:

«Սառը սիրտ 2»-ի հաջողությունն այնքան շռնդալից էր, որ դրա մոտիվներով 2018 թվականին բեմադրվեց մյուզիքլ, որը ներկայում ցուցադրվում Է Նյու Յորքի բրոդվեյյան թատրոններից մեկում: Disney World զվարճալիքների այգում ստեղծվել է առանձին սեկցիա, որը նվիրված է այդ ֆիլմին, իսկ համաշխարհային շուկան հեղեղել են հերոսների խորհրդանշաններով բազմապիսի խաղալիքները, հագուստներն ու հուշանվերները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս