Նիկոլ Փաշինյանը քաղաքականացրեց «Հայաստան» հիմնադրամն ու ստացավ դրա պատասխանը»
Քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանը քաղաքականացրեց «Հայաստան» հիմնադրամն ու ստացավ դրա պատասխանը…
Նրանք ովքեր ապրել ու հասակ են նետել հարևան երկիր Իրանում վստահաբար կհաստատեն, որ հեղափոխության բացասական կողմերից մեկը հասարակական ու կենցաղային բոլոր երևույթների ու նաև համազգային արժեքների անհարկի քաղաքականացումն է, որը միշտ էլ բացասական արդյունք է ունեցել:
Հայաստանում 2018 թվականի իշխանափոխությունից հետո պարզ դարձավ, որ այդ օրենքը նույնությամբ գործում է նաև «թավշյա հեղափոխության» դեպքում, որից հետո քաղաքականացվեցին հասարակական, մշակութային տարբեր երևույթներ ու համազգային արժեքներ, սկսած մշակույթից ու ֆուտբոլից, վերջացրած «Համահայկական հիմնադրամ»-ով ու համահայկական «Հեռուստամարաթոն»-ով:
Մինչև 2017 թվականը, 20 տարիներ շարունակ, հայ ժողովրդի մասնավորապես Սփյուռքում բնակվող հատվածն անկախ այն բանից, թե ով է եղել Հայաստանի իշխանության ղեկին, իր պարտքն է համարել մասնակցելով համահայկական հեռուստամարատոնին իր լուման նվիրաբերել Հայաստանին ու Արցախին: Այդ տարիների ընթացքում գործող նախագահներից որևէ մեկը, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն քաղաքականացրել «Հայաստանի հիմնադրամ»-ն ու «Հեռուստամարաթոն»-ը: 20 տարիների ընթացքում Սփյուռքն իր նվիրած գումարներով սատարել է Հայաստանում ու Արցախում պետականության հիմքերի ամրագրմանն ու տարբեր նախագծերի իրագործմանը: 2008 թվականի նոյեմբերին՝ «Մարտի 1»-ի իրադարձություններից ընդամենն ամիսներ անց, «Հեռուստամարաթոն»-ի ընթացքում հանգանակվեց 35 միլիոն դոլար:
2018 թվականի մայիսին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ««Հայաստան» հիմնադրամը Հայաստանի իշխանությունների հանդեպ վստահության ցուցիչ» ներկայացնելով ի շարս շատ այլ երևույթների ու արժեքների քաղաքականացրեց նաև «Հայաստանի հիմնադրամն» ու դրա շրջանակներում իրականացվող համահայկական «Հեռուստամարատոնը»:
Շատ պարզ է, որ «Հեռուստամարաթոնը» քաղաքականացնելով Նիկոլ Փաշինյանը փորձեց հայրենիքի հանդեպ Սփյուռքի սիրո հաշվին իր իշխանության համար կրեդիտ վաստակել ու արժանացավ Սփյուռքի համապատասխան արձագանքին, այս տարի ստանալով վերջին 15 տարիների ընթացքում Սփյուռքի դրամային ամենաքիչ օժանդակությունը (9 միլիոն 856 հազար 100 դոլար) :
Մեր տեր Հիսուս Քրիստոսը Նոր Կտակարանում ասում է. «Այն չափով, որով չափում եք, նո՛ւյն չափով պիտի չափվի ձեզ համար» (Ղուկաս 6։38):
Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» հիմնադրամը Հայաստանի իշխանությունների հանդեպ վստահության ցուցիչ համարեց ու Սփյուռքն էլ նույն ցուցիչով ցուցադրեց Հայաստանի թավշյա իշխանությունների հանդեպ իր վստահությունը»:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՐԵՑ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄՆ ՈՒ ՍՏԱՑԱՎ ԴՐԱ ՊԱՏԱՍԽԱՆԸՆրանք ովքեր ապրել ու հասակ են նետել հարևան…
Gepostet von Robert Markarian am Freitag, 29. November 2019