«Հայաստանը Արցախի կողքին է՝ ոչ թե Արցախի փոխարեն»․ Վիտալի Բալասանյան. LIVEnews.am
LIVEnews.am-ի հարցազրույցը Վիտալի Բալասանյանի հետ.
— Պարոն Բալասանյան, LIVEnews.am կայքին տված Ձեր հարցազրույցը ( 08.10.2019թ) բուռն քննարկումների առիթ դարձավ՝ տեղիք տալով բազմաթիվ իրարամերժ մեկնաբանութունների, ընդ որում, դրանք երբեմն իրենց բովանդակությամբ խիստ հակասական էին։ Վստահաբար, հետևել եք այդ քննարկումներին ու Ձեր հասցեին հնչեցրած գնահատականներին, արդյո՞ք համամիտ եք դրանց հետ և ի՞նչ ուղերձ կցանկանայիք հղել Ձեր լսարանին։
— Ասեմ հետևյալը՝ ուշադիր հետևել եմ բոլոր արձագանքներին, փորձել եմ հասկանալ՝ ինչով են պայմանավորված հարցազրույցի կապակցությամբ հնչեցված գնահատականներն ու մեկնաբանությունները, ընդ որում, որոշ մեկնաբանություններում իմ արտահայտած մտքերի բովանդակությունն այնքան է խեղաթյուրված և հեռու իմ իրական ասելիքից, որ որոշ ժամանակ անց կրկին ամբողջությամբ դիտել եմ հարցազրույցը, հասկանալու՝ թե ինչը կարող էր նման տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տալ։
Առաջին հայացքից կարող է թվալ, որ ես իմ գնահատականներում խիստ եմ և էմոցիոնալ, բայց դա միայն առաջին հայացքից, քանզի ես շատ լավ հասկանում եմ, որ մեր հասարակությունը և՛ Հայաստանում, և՛ Արցախում 2018թ․ մայիսին ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո դեռևս գտնվում է էյֆորիկ, զգացմունքային տրամադրությունների ներքո, և հասարակությունն ինքն է փաստացի տեղի ունեցած և իմ կողմից արձանագրած փաստերի ներկայացումն ընդունում էմոցիաներով՝ չցանկանալով հաշտվել այն մտքի հետ, որ նույնիսկ իրենց ձեռքերի վրա իշխանության եկած անձը կարող է սխալներ թույլ տալ և երբեմն նույնիսկ այնպիսի սխալներ, որոնց չանդրադառնալը և չկանխելը հետագայում կարող է հանգեցնել մեր պետությունների համար անցանկալի հետևանքների։
Եվս մեկ հանգամանք շեշտադրեմ, որը նկատելի է գրեթե բոլոր մեկնաբանություններում։ Փորձ է արվում իմ ասածները անձնավորել և քննության նյութ դարձնել․ դիտարկում են ոչ թե իմ կողմից մատնանշված կոնկրետ երևույթները և դրանց հնարավոր հետևանքները, այլ թե ում կողմից են դրանք ասվել և ում հասցեին։ Այդպիսով՝ տպավորություն են ստեղծվում, որ քննության առարկան ոչ թե բարձրաձայնված հարցն է ու նրա լուծման շուրջ տեսակետը կամ տեսակետների բախումը, այլ վեճ է կոնկրետ անձերի, տվյալ պարագայում՝ Վիտալի Բալասանյանի և Նիկոլ Փաշինյանի միջև։
— Սակայն մեր հարցազրույցի ժամանակ դուք նշում էիք դեպքեր և տալիս էիք կոնկրետ անձանց անուններ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը։
— Լուսինե ջան, թերևս դու ճիշտ ես, բայց եկեք նախ երևույթը նկարագրենք․ օրինակ, ինչ-որ մեկը, կապ չունի թե ով, Հայաստանի Հանրապետությունում հայտարարում է, թե Արցախում որոշ ուժեր դավադրաբար փորձում են պատերազմ հրահրել, հողեր հանձնել և այդ մեղքը գցել այդ՝ ինչ-որ մեկի վրա։ Արցախի մարտական գեներալը, ի՞նչ եք կարծում, ի՞նչ պետք է պատասխանի նման հայտարարությանը։ Կարող է լռել, հակադրվել, կամ էլ համաձայնել այդ մտքի հետ։ Բոլոր պարագաներում այն պետք է փաստարկվի՝ ինչո՞ւ լռեց, հակադրվեց կամ համաձայնեց։ Այս դեպքում ես հակադրվել եմ, որովհետև փաստեր ունեի, որ Արցախում որևէ նման ուժ չկա, ոմանք՝ լռել են, ոմանք՝ համաձայնել։ Ժամանակը ցույց կտա՝ ո՞վ էր ճիշտ։ Ընդ որում, ձեզ տրված հարցազրույցում մի քանի նման դրվագներ ևս կան և դրանցից եզրակացություն անել, թե առկա հակադրությունը ոչ թե տեսակետների, այլ երկու անձանց միջև է՝ իրականության հետ որևէ աղերս չունի։
Ազնիվ լինենք․ մեր պարագայում կան հարցեր, որոնց դեպքում առանց էմոցիաների անհնար է, օրինակ՝ Արցախի հարցը։
Հայրենիք, որտեղ անցել է իմ ողջ կյանքը, որի ամեն մի թիզ հողի համար հազարավոր կյանքեր ենք տվել, պայքարել, արյուն թափել, որտեղ կորցրել ենք բազմաթիվ մարտական ընկերների, որոնք գիտակցաբար գնացել են մահվանն ընդառաջ, որպեսզի մենք ունենանք այն, ինչ ունենք այսօր։
Ասացեք խնդրեմ, այսքանից հետո ինչպե՞ս չլինել էմոցիոնալ, երբ լսում ես արտահայտություններ, որոնք պառակտող են, քայքայիչ, պարտություն տանող։ Հիշենք մի կարևոր հանգամանք, մենք ունենք Արցախյան հիմնախնդիր, որի հակամարտող կողմերը, ուշադի՛ր, Արցախն ու Ադրբեջանն են, Հայաստանը արցախյան կողմի անվտանգության երաշխավորն է: Բնականաբար, Հայաստանի կողմից արված ցանկացած հայտարարություն Արցախի վերաբերյալ պետք է լինի հազար անգամ չափված, և որոշ հարցերի հետ կապված՝ Արցախը կարող է և հարյուր տոկոսով չկիսել Հայաստանի տեսակետը, ինչին, կարծում եմ, պետք է շատ առողջ վերաբերվել, քանզի գործ ունենք քաղաքականապես կազմակերպված երկու պետականությունների հետ, որոնք նույնիսկ մարտավարական առումներով կարող են և տարբեր տեսակետներ ունենալ։ Եվ այս համատեքստում առողջ քննադատությունը ոչ միայն ավելորդ չէ, այլև պարտադիր գործընթաց է:
Այստեղ կա ևս մի նրբություն, եթե մենք հայտարարում ենք, որ Արցախն ու Հայաստանը նույնակարծիք են հարյուր տոկոսով՝ հարց է առաջանում, էլ ինչո՞ւ ենք ամեն կերպ փորձում Արցախը վերադարձնել բանակցությունների սեղան: Այստեղ շատ տեղին է հիշատակել անչափ կարևոր մի գաղափար՝Հայաստանը Արցախի կողքին է՝ ոչ թե Արցախի փոխարեն: Արցախի և Հայաստանի իշխանությունների միջև, բնականաբար, կարող են լինել որոշ անհամաձայնություններ տարբեր հարցերի վերաբերյալ, սակայն դա որակել որպես թշնամանք՝ առավել քան չափազանցված է, ասեմ ավելին՝ անհնար:
Արցախը, Հայաստանն ու Սփյուռքը համատեղ պայքարել ու հաղթել են, ոչ նրա համար, որ այժմ որոշ անհամաձայնությունների կամ սխալ մեկնաբանությունների պատճառով այդ ամենը իչիք դարձնեն։ Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետությունը և Սփյուռքը միշտ միասնական են, կան և կլինեն։
— Պարոն Բալասանյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի անգամ տարբեր ամբիոններից հայտարարել է, որ Արցախյան հիմնախնդիրը պետք է ստանա այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի բոլոր երեք կողմերի՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Մի՞թե այս ձևակերպումը անընդունելի է Ձեզ համար։
— Եթե հնարավոր լիներ գտնել նման լուծում, ի սեր Աստծո, որևէ մեկը չէր հանդգնի հակադրվել դրան, բայց անդրադառնանք խնդրին հետևյալ տեսանկյունից. 1994թ. մայիսին Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ստորագրված զինադադարից հետո հիմնախնդրի կարգավորումն այդպես էլ առաջընթաց չունեցավ։ Երեք կողմերի քաղաքական վերնախավերը չկարողացան մշակել հակամարտության կարգավորման փոխշահավետ նախագծեր, նրանց հասարակությունները չկարողացան իրենց միջավայրում վերարտադրել հաշտեցման անհրաժեշտ տարրեր, իսկ միջազգային միջնորդներին չհաջողվեց հակամարտության կողմերի դիրքորոշումները հանգեցնել խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ Այս հակամարտությունը դեռևս շարունակվում է, կարելի է ասել, որ այն գոյություն ունի իր առանձնակի կյանքով՝ մեր տարածաշրջանում դառնալով աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական ծրագրերի մաս։
Բացահայտ ռազմական բախման փուլին հաջորդած 25 տարիների ընթացքում, եթե Արցախյան հակամարտությունը կարգավորված չէ, ապա պետք է եզրակացնել, որ նման հակամարտությունը փոխադարձ ընդունելի քաղաքական լուծում չունի՝ ո՛չ հակամարտության անմիջական կողմերի, ո՛չ էլ արտաքին հիմնական դերակատարների համար։ Արցախյան հակամարտությունն իր խորքից անընդհատ մակերես է բարձրացնում այլ կարևոր հարցեր ևս, առանց որոնց պատասխանելու՝ հնարավոր չէ առաջընթաց արձանագրել կարգավորման որոշակի փուլում։
— Կարելի՞ է Ձեր խոսքից եզրակացնել, որ փոխզիջումային լուծում ասվածը, որը ենթադրում է ինքնորոշման իրավունքի ճանաչում՝ տարածքների դիմաց, Ձեզ համար անընդունելի է։
— Արցախյան հիմնախնդրի լուծման խոչընդոտներից մեկը հանդիսանում է այն սխալ պատկերացումը, թե Արցախի կողմից այսպես կոչված (ըստ միջազգային հանրության) «վերահսկվող» բոլոր տարածքների կամ նրանց մի մասի զիջումը կարգավորման գործընթացը կարող է մոտեցնել դրական արդյունքի։ Իրականում, թեկուզ մեկ շրջանի զիջումը չի մեղմացնի, առավելևս՝ չի բացառի Արցախը զավթելու Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու ռազմական ջանքերը, այլ՝ ընդհակառակը, նման զիջումը Ադրբեջանի համար նոր՝ ավելի կոշտ ու ուժային դիրքերից հանդես գալու խթան կհանդիսանա՝ մեծացնելով Ադրբեջանի «ախորժակը»։
Վերահսկվող տարածքները հօգուտ Ադրբեջանի զիջելու փոխարեն Արցախին առաջարկելով անվտանգության միջազգային երաշխիքներ և իրավասուբյեկտության միջազգային սահմանափակ ինչ-որ միջանկյալ կարգավիճակ՝ միջազգային միջնորդները հարվածի տակ են դնում տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը, որը հաստատվել է ու խոր արմատներ է գցել վերջին 25 տարիների ընթացքում։ Հայկական կողմը չի կարող վստահել անվտանգության ադրբեջանական երաշխիքներին, եթե դրանք ամրագրված կլինեն նույնիսկ միջազգային հանրության կողմից, քանի որ Ադրբեջանը շարունակում է այն ամենը, (օրինակ՝ 2016թ․Ապրիլյան պատերազմը ) ինչը հնարավորություն չի տալիս նրան դիտարկել որպես ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը ապահովող հուսալի գործընկեր։
— Պարոն Բալասանյան, դա նշանակո՞ւմ է արդյոք, որ Ադրբեջանը կարող է սկսել գործընթաց և ռազմական ճանապարհով լուծել Արցախյան հիմնախնդիրը հօգուտ իրեն։
— Մենք պարտավոր ենք պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման, այդ թվում նաև պատերազմի, որը կարող է սանձազերծել Ադրբեջանը, թեև հույս ունենք, որ Բաքվի ղեկավարությունն այնքան բանականություն կունենա, որ չի գնա իր համար նման կործանարար քայլի։ Եթե Ադրբեջանն սկսի նոր պատերազմ, ապա նա կպարտվի այնպես, ինչպես նախորդ անգամ, սակայն ավելի մասշտաբային կորուստներով։
1990-92 թթ․ ամբողջությամբ տիրանալով իր տարածքում տեղակայված նախկին խորհրդային բանակին, ՆԳՆ և ՊԱԿ-ի զորքերի սպառազինությանը, Ադրբեջանը մի քանի անգամ ավելի ռազմական տեխնիկա, ռազմամթերք ու այլ զինվորական գույք ստացավ, քան Վրաստանը, Հայաստանը և ԼՂՀ-ը միասին վերցրած։ Ադրբեջանին բաժին հասավ նաև մեծ քանակի ավիացիոն տեխնիկա և Կասպիական ռազմական նավատորմի մի մասը, այն դեպքում, երբ այդ ժամանակ Հայաստանն ընդհանրապես մարտական ինքնաթիռներ և, բնականաբար, ռազմածովային սպառազինություն չստացավ։ Այս ամենը, սակայն, չխոչընդոտեց, որ 1994թ․Ադրբեջանն ինքը հայցի զինադադար։ Եվ այժմ էլ Ադրբեջանի կողմից իր ռազմական բյուջեի աճի բարձր տեմպերի առավել գովազդված շեշտադրումները հանդիսանում են հայկական կողմի վրա հոգեբանական ազդեցության գործիք, ոչ թե ռազմական շինարարության ոլորտում որակական փոփոխություններ անցկացնելու ընդունակության իրական ցուցանիշ։
Այնպես որ, մենք պարտավոր ենք հավատալ մեր ուժերին և միասնական լինել, սրանում է հաղթանակի գաղտնիքը, և հայ ժողովուրդը ծանր պահերին հենց այդպես էլ անում է։
— Ո՞րն է Արցախյան հիմնախնդրի կարգավորման Ձեր տեսակետը։
— Ընդհանուր առմամբ հակամարտության կարգավորման հարցի շուրջ իմ մոտեցումը հետևյալն է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները առաջին հերթին պետք է լուծեն հակամարտության պատճառներին առնչվող խնդիրները (Արցախի քաղաքական կարգավիճակը և նրա անվտանգությունը) և հետո միայն այն հարցերը, որոնք կապված են հակամարտության հետևանքների հետ (վերահսկվող տարածքներ, փախստականներ, հաղորդակցման ուղիների վերականգնում և այլն)։
Արցախի և Ադրբեջանի փոխադարձ ճանաչումը և հակամարտության լուծման ռազմական ուղուց հրաժարումը պետք է ելակետային դառնա, ոչ թե հանդես գա նրանց միջև բանակցությունների վերջնակետ։ Փախստականների, տարածքների և սահմանների որոշման հարցերը պետք է լուծվեն միջազգային իրավունքի սկզբունքներով, որոնցում պայմանավորվածության հիմնական կողմերը կլինեն Արցախն ու Ադրբեջանը։ Այդ ամենը պետք է ներդաշնակվի խաղաղ գործընթացին։