Բաժիններ՝

«Ես այս պայքարում զինվորներից մեկն եմ մյուսների հետ միասին». Սահակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին պնդում է, որ Թբիլիսիում բողոքի ակցիան պետք է ընդլայնվի եւ ընդգրկի երկրի տարածաշրջանները։ «Մենք չպետք է բաց թողնենք այս պահը: Բոլորը պետքէ մոբիլիզացվեն ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում»,-լույս նոյեմբերի 26-ի գիշերը հայտարարել է նա «Մթավարի արխի» ընդդիմադիր վրացական հեռուստաալիքի եթերում Կիեւից միանալիս:

Սահակաշվիլին հայտնել է, որ արտագաղթած վրացիները դրամահավաք են սկսել Թբիլիսիում ընթացող բողոքի ակցիայի մասնակիցների կարիքների համար: «Մենք պետք է լինենք նպատակասլաց եւ գրոհենք խաղաղ ձեւով: Մենք շատ մոտ ենք արշալույսին: Այժմ չի կարելի թուլանալ եւ հարկավոր է գնալ մինչեւ վերջ: Ես այս պայքարում զինվորներից մեկն եմ մյուսների հետ միասին»,-ասել է Սահակաշվիլին:

Բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք երկրորդ շաբաթն անընդմեջ պահանջում են համամասնական համակարգով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, նոյեմբերի 25-ի երեկոյան ձեռնամուխ են եղել երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի շենքի մուտքերի պիկետմանը՝ փորձելով պատգամավորներին զրկել երեքշաբթի օրը լիագումար նիստ անցկացնելու հնարավորությունից: Հատուկ նշանակության ուժերը հանրահավաքի մասնակիցներին հետ են մղել խորհրդարանի մուտքերից: Ակցիայի ցրումն ուղեկցվել է ոստիկանության հետ բախումներով, ինչի հետեւանքով առնվազն 28 մարդ է բերման ենթարկվել եւ երեքը՝ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ ստացել: Վրաստանի ՆԳ նախարարությունում հայտարար են, որ հանրահավաքի մասնակիցների պիկետն անօրինական էր, եւ Ակցիան դուրս էր եկել ժողովների ու խոսքի ազատության մասին օրենքի շրջանակից, մասնավորապես, խախտվել է «Ժողովների ու ցույցերի մասին» Վրաստանի օրենքը, որն արգելում է արգելափակել օրենսդիր մարմնի շենքի մուտքերը:

Ընդդիմադիրները հայտարարում են, որ մտադիր չեն հրաժարվել իրենց պլաններից եւ կշարունակեն պիկետումը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս