Բաժիններ՝

«Օնլայն տաքսի ծառայությունները, առանց լիցենզիա ունենալու, առանց պետական հարկեր վճարելու՝ գործում են, ավելին, երբ ուզեն՝ կարող են սակագին փոխել»

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում GG առցանց ծառայությունը սակագնային փոփոխություն է կատարել, ինչն առաջացրել է քաղաքացիների դժգոհությունը: Նրանց փոխանցմամբ՝ եթե նախկինում 3.1 կիլոմետրի համար վճարում էին 500-600 դրամ, հիմա ստիպված են վճարել 900-1000 դրամ: Նկատենք, որ օնլայն մյուս տաքսի ծառայությունների դեպքում նույնպես թանկացումներ եղել են և կան:

Երբ դիմեցինք GG առցանց ծառայությանը՝ հասկանալու թանկացման պատճառը, մեզ պատասխանեցին. «Ծանրաբեռնվածության ժամանակ սակագնի փոփոխությունը կատարվել է՝ նպաստելու համակարգի անխափան աշխատանքին և միշտ կատարելագործվելու նպատակով: Կատարվել են խորը ուսումնասիրություններ և վերլուծվել են մեր շատ սիրելի թիմակիցների արձագանքները: Ունենք մեծ պահանջարկ և կկարողանանք բոլոր մեր թիմակիցներին տրամադրել իրենց առավել հարմարավետ և շահավետ առաջարկ»:

«Հայաստանի տաքսի ծառայությունների ասոցիացիայի ճյուղային միության» նախագահ Վահագն Սահակյանի կարծիքով՝ նման խնդիրների առջև չէինք կանգնի, եթե օնլայն տաքսիները նույնպես լիցենզավորվեին:

«Եթե հիշում եք՝ սկզբում «Yandex taxi»-ի ղեկավարությունն իր գրպանից վարորդներին փող էր բաժանում ամեն մի պատվերի համար, և շուրջ երկու տարի մենք բողոքում էինք Հակամենաշնորհային հանձնաժողովին, որպեսզի այս ամենի վերջը տան: Երկու տարի հետո 1.5 միլիոն դրամ տուգանեցին՝ այն դեպքում, երբ իրենք դեմպինգի (ապրանքների ինքնարժեքից ցածր գնով վաճառելն արտասահմանյան շուկաներում՝ մրցակիցներին դուրս մղելու նպատակով) վրա արդեն մոտ երեք միլիոն դրամ փող էին ծախսել, որպեսզի փակեն հայաստանյան բոլոր ծառայությունները: Իսկ մեր պետությունը հետևողական չեղավ: Եթե այսօր լիցենզավորում պահանջեն, այդ օնլայն տաքսի ծառայությունները մեկ օր չեն աշխատի այստեղ: Բայց մեզ մոտ արեցին հակառակը, թույլ տվեցին, որ դրանք փչացնեն շուկան: 1100 տաքսի ընկերություն է փակվել, որոնք աշխատում ու օրինական հարկեր էին վճարում:

Իրենք երբ ուզեն՝ կարող են սակագինը փոխել, թանկացնել կամ էժանացնել, դա մեր երկրում կարգավորված չէ:

Դիմել եմ Քաղաքապետարան, Կառավարություն, որ՝ եկե՛ք տաքսու սակագինը Հայաստանում ֆիքսեք: Ասել են, թե՝ չէ, շուկայական հարաբերություններ են, մենք իրավունք չունենք: Բայց սխալ են ասում. կան ֆինանսական և ոչ ֆինանսական շուկայական հարաբերություններ: Մի դեպքում թողնում են՝ ազատ գնի վրա են մրցում մարդիկ, մյուս դեպքում էլ, երբ ֆիքսում են գինը, մարդիկ սկսում են որակի վրա աշխատել, լավ մեքենաներ բերել, որպեսզի հաճախորդը շատ լինի: Իսկ երբ գնի համար են սկսում շուկայում մրցակցել, անընդհատ ծառայության որակը գցում են, որովհետև առանց դրա հնարավոր չէ: Խնդիրն ուրիշ տեղ է, այդ մեքենաները պետք է լիցենզավորեն: Այսօր ինչո՞ւ են ավտովթարները շատացել, որովհետև ամեն ոք տաքսի է վարում: Էլ չասեմ, որ նրանց շարքերում նաև թմրամոլներ կան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի տաքսի ծառայությունների ասոցիացիայի ճյուղային միության» նախագահը:

Վահագն Սահակյանի խոսքով՝ լիցենզիայի դեպքում մենք վստահ կարող էինք լինել, որ պետությունը ոլորտին հետևում է, մեքենան ու վարորդը ստուգվել են:

«Շատ ժամանակ մարդիկ լիցենզիան խառնում են հարկերի հետ: Մարդը կարող է անվճար լիցենզիա ստանալ ու ոչ մի կոպեկ հարկ չվճարել: Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ տաքսիները չպետք է հարկ վճարեն, թող չվճարեն, բայց լիցենզիա պարտադիր պետք է ունենան, իսկ լիցենզիայի մեջ հատուկ պայմաններ կան, օրինակ՝ հեռախոսներով և պլանշետներով իրավունք չունեն կիլիոմետր չափել և հաշիվ ներկայացնել, որովհետև դրանք պետության կողմից չվերահսկվող սարքեր են: Իզուր չէ, որ տաքսու հաշվիչները սերտիֆիկացվում են, գրանցվում պետական ռեգիստրում, քանի որ ամեն տարի ստուգվում են պետության կողմից, կնքվում, ու ոչ ոք չի կարող այդ սարքերով սխալ հաշիվ ներկայացնել՝ ի տաբերություն հեռախոսների ու պլանշետների, որ ցանկացած պահի ինչ գին ուզում են՝ ներառում են: Հայաստանում օնլայն տաքսի ծառայությունները բոլորը պատկանում են մեկ հոգու, բոլորի «կռիշը» մեկն է, ինչքան ուզում է՝ գոռան, որ առանձին ընկերություններ են:

Մեկ մարդու են ծառայում: Այ հիմա, որ սրանք թանկացնեն գները, մեկ էլ կտեսնենք, որ քաղաքային տրանսպորտն էլ է դարձել «Yandex»-ինը, ու հետո ինչ գին ուզի՝ կթելադրի: Առանց լիցենզիա ունենալու, պետական հարկեր վճարելու՝ գործում են, պատճառաբանում են, թե իրենց հավաքագրած գումարից ինչ-որ հարկ վճարում են, բայց դա տաքսու ոլորտի համար նախատեսված հարկ չէ, 20 անգամ ավելի էժան է, քան սովորական տաքսին կվճարեր»,- նշեց «Հայաստանի տաքսի ծառայությունների ասոցիացիայի ճյուղային միության» նախագահը:

Անի Կարապետյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս