Ի՞նչ է հայտնաբերվել գիշերը Վերին Լարսից Հայաստան ուղևորվող ավտոբուսում
Այս գիշեր Վերին Լարսի հսկիչ-անցակետային կետի Վրաստանի հատվածում արգելված բեռի տեղափոխման կասկածանքով կանգնեցվել է Հայաստան ուղևորվող ավտոբուսը:
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը ճշտում է միջադեպի հանգամանքները:
«Այս գիշեր Վերին Լարսի հսկիչ-անցակետային կետի Վրաստանի հատվածում արգելված բեռի տեղափոխման կասկածանքով կանգնեցվել է Հայաստան ուղևորվող ավտոբուսը: Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատունն աշխատում է Վրաստանի համապատասխան իշխանությունների հետ, որ ապահովի Հայաստանի քաղաքացիների արագ տեղափոխումը ՀՀ: Վրաստանում ՀՀ դեսպանատան դիվանագետները շուտով կլինեն Վերին Լարսում ու կծանոթանան իրավիճակին, ինչպես նաև, որպեսզի մարդկանց ապահովեն սնունդով ու առաջին անհրաժեշտության պարագաներով»,- ասված է Վրաստանում ՀՀ դեսպանատան հաղորդագրության մեջ:
Համացանցում հայտնվել է նաև վրաց իրավապահների և հայ ուղևորների հետ կապված սույն միջադեպի տեսագրությունը:
«Եթե որևէ որոշակիություն չլինի, ես չիմանամ՝ ձերբակալվա՞ծ եմ, թե՞ ոչ, ինչո՞ւ է իմ անձնագիրը ձեզ մոտ, ինչո՞ւ եք դուք ապօրինի կերպով սահմանափակել իմ ազատ տեղաշարժը»,- ասում է ուղևորներից մեկը՝ վրաց իրավապահներին տեղեկացնելով, որ ինքն ունի նրանց նկարահանելու իրավունք, քանի որ իրեն թույլ չեն տալիս կապ հաստատել իր երկրի դեսպանատան հետ, և ինքը հետո այս տեսանյութն անպայման պետք է նրանց ցույց տա:
Ի պատասխան՝ վրաց իրավապահ մարմնի ներկայացուցիչն ասում է, որ ավտոբուսը լուրջ խնդիր ունի, այստեղ հանցակազմ կա:
«Ելնելով այն հանգամանքից, որ դա կարող է լուրջ հանցագործություն լինել, ընթացակարգն այնպիսին է, որ դուք բոլորդ պետք է հարցաքննվեք»,- ասում է վրաց ուժայինը, ինչին առարկելով՝ տվյալ քաղաքացին տարակուսում է, որ մարդը, ում մոտ հայտնաբերել են դա (ենթադրաբար՝ խոսքը թմրանյութի մասին է), խոստովանել է, որ գտածոն իրենն է, ուրեմն ինչո՞ւ պետք է ավտոբուսում եղած մնացած մարդիկ դեռ սպասեն:
Ամեն դեպքում, նշում է Հայաստանի քաղաքացին տեսանյութում, իրենցից առգրավել են իրենց անձնագրերը և թույլ չեն տալիս կապ հաստատել Հայաստանի դեսպանատան հետ Վրաստանում:
Գոհար Սավզյան