«Հայաստանյան և վրացական հեղափոխություններից հետո հասարակությունների առջև ծառացած խնդիրները տարբեր են». Վրաստանում իրավիճակը կրկին «թեժ» է
Վրաստանում ներքաղաքական կյանքը կրկին «եռում» է. համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրինագծի տապալումից հետո Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի շուրջօրյա ակցիաներ են սկսվել, փակվել են խորհրդարանի բոլոր մուտքերը: Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը ցրել էր նոյեմբերի 18-ի ակցիան, որի հետևանքով ձերբակալվել էր՝ 37, վիրավորվել` 4 անձ: Սակայն այսօր ուշ երեկոյան խորհրդարանի շենքի մոտ վերսկսվելու են բողոքի միջոցառումները:
20 քաղաքական ուժերից բաղկացած ընդդիմությունը միավորվել է գործող իշխանության դեմ՝ պահանջելով արտահերթ համամասնական խորհրդարանական ընտրություններ, կառավարության հրաժարական և ժամանակավոր կառավարության ձևավորում, նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերաձևավորում։ Նախօրեին հրապարակվել է նաև Միջազգային հանրապետական ինստիտուտի IRI կազմակերպության հետազոտությունը, համաձայն որի՝ Վրաստանի բնակչության մեծամասնությունը՝ 53 տոկոսից ավելին, կողմ է համամասնական ընտրակարգին: Ըստ հարցման արդյունքների, եթե ընտրություններն անցկացվեին վաղը, իսկ հետազոտությունն իրականացվել է սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում, «Վրացական երազանքը» կստանար ձայների 23 տոկոսը, ընդդիմությունը միասին՝ 41 տոկոսը:
168.am-ի հետ զրույցում Ռազմավարական անալիզի վրացական կենտրոնի առաջատար փորձագետ Գելա Վասաձեն ասաց, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հեղինակությունը Վրաստանում արդեն վաղուց սկսել է անկում ապրել, որի պատճառով, թեև իշխանությունները խոստացել էին անցում կատարել լիովին համամասնական ընտրակարգի, ներկայումս հրաժարվել են դրանից:
Ըստ նրա՝ իշխանությունները ցանկանում են պահպանել մեծամասնական ընտրակարգը, քանի որ այդ համակարգն ընտրախախտումների հնարավորություն է տալիս, այսկերպ նրանք կկարողանան գոնե ինչ-որ կերպ ընտրություններում ընտրազանգված, հետևաբար՝ հաղթելու հնարավորություն ունենալ: «Մեծամասնական համակարգը թույլ է տալիս գնել ձայները, վախեցնել և նման խախտումներով առաջ ընթանալ»,- ասաց Վասաձեն:
Վրացի վերլուծաբանի կարծիքով՝ «Վրացական երազանքի» որոշումը Վրաստանի ներքաղաքական կյանքում քաղաքական ճգնաժամի պատճառ է դարձել, քանի որ ընդդիմության ճնշող մեծամասնությունը, ոչ կառավարական կազմակերպությունները, քաղաքացիական հասարակությունը կտրուկ դեմ են իշխող ուժի այս որոշմանը, ընդդիմությունը պահանջներ է առաջադրել համամասնական ընտրակարգի վերաբերյալ, ինչին, ըստ էության, համաձայն են բոլոր շերտերը, բացի իշխանությունից:
«Սա քաղաքական ճգնաժամ է, որի ընթացքի հետագա սցենարները կարող են շատ տարբեր լինել՝ կախված նրանից, թե իշխանությունը կկարողանա՞ արդյոք իրավիճակը երկարաձգել՝ մինչև նախկին համակարգով անցնեն ընտրությունները, կամ էլ ստիպված կլինի որոշ զիջումների գնալ»,- ասաց Վասաձեն:
Վրացի վերլուծաբանը չի բացառում, սակայն, որ իշխանությունը չի գնա զիջումների: Նրա կարծիքով՝ դա կախված է այն հանգամանքից, թե ընդդիմությունը որքան կազմակերպված կշարունակի պայքարը, և որքան իշխանությունը չի կարողանա երկարաձգել ստեղծված իրավիճակը:
Նա նշեց, որ թյուր են կարծիքները, թե սա պայքար է Իվանիշվիլիի և Սահակաշվիլիի միջև, քանի որ խոսքն այն մասին է, որ բոլոր քաղաքական ուժերն են ներգրավված գործընթացում, այսինքն՝ ոչ միայն այն ուժերը, որոնք աջակցում են Սահակաշվիլիին: «Սա այդպիսի պայքար չէ, գործընթացում բոլորը դեմ են իշխանության կայացրած որոշմանը»,- ասաց Վասաձեն:
Ստեղծված իրավիճակում, Գելա Վասաձեի խոսքով, Վրաստանի հարևան երկրները, այդ թվում՝ Հայաստանը, իրավիճակին հետևողի դերում են, ինչպես՝ Վրաստանի հասարակությունը մեկուկես տարի առաջ, երբ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը լարված էր:
«Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիներն այս դեպքում հանդես են գալիս՝ որպես Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի»,- ասաց Վասաձեն:
Հարցին, թե հետհեղափոխական Հայաստանն ի՞նչ դասեր կարող է քաղել այն իրավիճակից, որը ստեղծվել է Վրաստանում «Վարդերի հեղափոխությունից» շատ տարիներ անց, Վասաձեն պատասխանեց, որ ընդհանրություններ գտնելը և դրանցով վերլուծություններ անելը դժվար է, քանի որ Հայաստանի և Վրաստանի հասարակության առջև ծառացած խնդիրները տարբեր են:
«Հայաստանի դեպքում հասարակությունը պահանջում էր փոփոխություններ, փոփոխություններ տեղի ունեցան քաղաքական, բայց տնտեսական մեծ արդյունքներ դեռ չկան, դա դեռ առաջնահերթ հարց է: Իսկ Վրաստանն այսօր այլ շրջափուլ է ապրում՝ իր այլ խնդիրներով, Վրաստանի դեպքում կա ընդգծված արտաքին քաղաքական վեկտոր, և այլն»,- ասաց Վասաձեն: