«Այս որոշումն օրինական չէ և վտանգում է ոչ միայն՝ մեր քաղաքացիներին, այլև՝ պետական համակարգը». Դավիթ Սանդուխչյան

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը քննադատության արժանացավ ոլորտի փորձագետների կողմից: ՀԾԿՀ-ն, ըստ էության, փորձ է անում ինտերնետ պրովայդերներից պահանջել 2 տարով արխիվացվել օգտվողների ընթացիկ տվյալները (IP, IMEI, էլեկտրոնային փոստի տվյալներ և այլն) և դրանք բացահայտել օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Իրավաբան Դավիթ Սանդուխչյանը 168 TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում այս խնդրի վերաբերյալ ասաց, որ այս որոշմամբ գրանցվում են բոլոր այն գործողությունները, որոնք անձը կատարում է համացանցում:

«Լուրջ հանցագործը մտածում է՝ ինչպես թաքցնել իր IP համարները, IMEI-ները և այլն, և չի օգտագործում իր անձնական սարքավորումները: Դա փոքր հանցագործությունների հետ է կապված, իրավապահների գործը թեթևացնում է, բայց ստեղծում է մի շարք խնդիրներ: Նախ՝ որոշումն օրինական չէ այն պատճառով, որ կարգավորող մարմինը, լինելով գործադիր մարմնի մի տեսակ, չի կարող ընդունել նորմատիվ ակտ, որը սահմանափակում է ֆիզիկական կամ իրավաբանական անձի իրավունքները, կամ առաջացնում է ինչ-որ պարտավորություններ: Համաձայն Սահմանադրության՝ դա կարելի է անել միայն օրենքով: Այդ առումով, իմ կարծիքով՝ որոշումն այդքան էլ օրինաչափ չի եղել»,- ասաց իրավաբանը:

Նա նաև նկատեց. «Փաստորեն, գրանցվում է անձնական տվյալների մեծ զանգված՝ վստահ չլինելով, որ այն պատշաճ պաշտպանված է: Կան երկրներ, որտեղ հարցն այդպես է լուծվում, նույն՝ ԱՄՆ-ը, որտեղ ինտերնետ օգտագործողների, բջջային հեռախոսների բաժանորդների տվյալները հավաքագրվում, պահպանվում են: Բայց դուք պարտավոր եք նախքան նման քայլի դիմելը՝ ապահովել այդ տվյալների պաշտպանվածությունը: Այսինքն՝ երբ դուք պարտադրում եք պրովայդերին պահպանել նման ծավալի անձնական տվյալներ, պետք է համոզված լինեք, որ նա կարողանում է պատշաճ ապահովել դրանց անվտանգությունը»:

Դավիթ Սանդուխչյանի կարծիքով՝ Հայաստանի պրովայդերները պատրաստ չեն դրան. «Հաճախ լսում եմ, թե ինչպես են նման ծավալի տվյալներ պահպանելու. դա տեխնիկապես հեշտ է, բայց հեշտ չէ կազմակերպելը, որովհետև դուք պետք է ունենաք համապատասխան ծրագրեր, աշխատակազմ, որակավորում ունեցող մասնագետներ: Դրա համար նախ պետք է ժամանակ տրվի, որպեսզի այդ ընկերությունները ձեռք բերեն այդ հնարավորությունները, գնահատեն, թե ինչպիսի ծախսեր կարող է դա լինել այդ ընկերության համար, և նոր այդ որոշումը կայացնել: Իմ տեսակետն այս հարցում բացասական է, ես համարում եմ, որ ինչքան քիչ տվյալ պահեք որևէ տեղ, այդքան լավ, որովհետև եթե այսօր ԱՄՆ-ի պետական կառույցների սերվերներն են կոտրում և այդտեղից տանում ԱՄՆ-ի պետծառայողների անձնական տվյալները՝ իրենց մատնահետքերով, անձնական տվյալներով, ուրեմն՝ Հայաստանում պրովայդերների բազաները կոտրելը շատ ավելի հեշտ է: Իսկ մենք ոչ ամենախաղաղ վիճակում գտնվող երկիր ենք, ունենք բավականին լուրջ խնդիրներ մեր հարևանների հետ, այսինքն՝ այդ հարևանների հատուկ ծառայությունները պատրաստ են և որսում են այդ տվյալները»:

Մեզ հետ զրուցում իրավաբանը նաև պարզաբանեց, թե այդ տվյալներն ինչի համար են անհրաժեշտ իրավապահ մարմիններին. «Ենթադրենք, ինչ-որ մեկը որոշակի համար ունեցող սարքից IP-ով մտնում է համացանց և ապօրինի, շատ վատ գործողություն է կատարում, ի՞նչ է անում իրավապահը. Նա գալիս է պրովայդերի մոտ և ասում է՝ ցույց տվեք, թե այս ժամանակահատվածում ով է տվյալ IP հասցեի տակ այս համարն ունեցող սարքից կապ ունեցել: Եթե մարդու մտքին ինչ-որ չարամիտ գործողություն կատարելու ցանկություն կա, նա չի օգտվի իր սարքից, նա կօգտվի կա՛մ գողացված սարքից, կա՛մ սև շուկայում գնված սարքից: Երկրորդ՝ նա չի օգտվի իր տան օրինական կապից, այլ կօգտվի անվճար ինտերնետից՝ սրճարանում, գրադարանում և այլն: Այստեղ երկրորդ տրամաբանական քայլն է գալիս. եթե իրավապահ մարմիններն ուզում են թեթևացնել իրենց աշխատանքը, պարզել՝ ով ինչ է անում ինտերնետում այս պահին, դա նշանակում է, որ հաջորդ քայլը պետք է լինի ազատ ինտերնետը վերացնելը, ինչպես դա արվել է Ռուսաստանում, որտեղ դուք չեք կարող կապ հաստատել՝ առանց նույնականացման: Այսինքն՝ դա ազատ, անվճար ինտերնետ է, բայց արդեն՝ նույնականացված»:

Դիտարկմանը՝ այսինքն՝ հաջորդ քայլը կարող է ազատ ինտերնետի վերացումը լինել, նա այսպես արձագանքեց. «Դա պետք է լինի հաջորդ քայլը, որովհետև եթե դուք ասում եք՝ եկեք բոլորին նույնականացնենք ու հասկանանք՝ ով ինչ է անում ինտերնետում, դուք չեք կարող բաց թողնել սրճարանները, գրադարանները, համալսարանները, որտեղ կա անվճար ինտերնետ»:

Հետաքրքրվեցին՝ քաղաքացու վրա ինչպե՞ս կանդրադառնա այս որոշումը: Ի պատասխան՝ Դավիթ Սանդուխչյանն ասաց. «Քաղաքացին իր առօրյա կյանքում չի զգա դա, բայց մենք կվտանգենք այդ քաղաքացիներին: Եկեք մենք մի քիչ պետական մտածելակերպ դրսևորենք: Ենթադրենք՝ կապի գինը չի փոխվի, մարդիկ կշարունակեն օգտվել ինտերնետից, բայց մենք վտանգում ենք այդ մարդկանց՝ իրենց անձնական տվյալները պահելով կենտրոնացած ինչ-որ պրովայդերների մոտ: Մենք վտանգում ենք նաև պետական համակարգը, որովհետև եթե դուք պրովայդերների մոտ նման տվյալներ եք կուտակում, և հանկարծ տեղի ունենա այդ տվյալների արտահոսք, այդ տվյալներով կարելի է ստանալ բավականին լուրջ տեղեկություններ՝ Հայաստանում տեղի ունեցող գործընթացների, վիճակագրական տվյալների մասին: Այսինքն՝ ով որտեղ է ապրում, որտեղ են մարդիկ կուտակված, ինչից են օգտվում»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս