Բաժիններ՝

«Ինչո՞ւ պետք է նախարարը ստանա արժանապատիվ աշխատավարձ, իսկ գիտնականը՝ ոչ». երիտասարդ գիտնական

«Գիտությունն օրհասական վիճակում է». ահազանգում են երիտասարդ գիտնականները: Ֆիզմաթ գիտությունների թեկնածու Տիգրան Քոթանջյանը մտավախություն ունի, որ գիտության ոչ բավարար ֆինանսավորման հետևանքով ընդամենը 5-6 տարի հետո Հայաստանը կկանգնի գիտություն ունենալ-չունենալու վտանգի առաջ:

«Մենք գիտնականների մշտական արտագաղթ ունենք: Բոլոր զարգացած երկրներում հիմնական առաջ տանող ուժը 35-55 տարեկան գիտնականներն են, որոնք գիտաշխատողների թվաքանակի 50 տոկոսից ավելին են կազմում, մեզ մոտ այդ թվաքանակը 15 տոկոս է: Փոխարենը` 65-ից բարձր տարիքի գիտաշխատողների թվաքանակը 30-35 տոկոս է, մինչդեռ սովետական տարիներին 4 տոկոս էր կազմում: Ամեն տարի 200-250 գիտաշխատող լքում է մեր շարքերը` տարիքի հետ կապված խնդիրների պատճառով, իսկ նրանց տեղը լրացնող չկա: Գիտությունը փաստացի ծերանում է, բայց հենց այդ գիտնականների շնորհիվ է, որ մենք դեռ գիտություն ունենք»,- ասաց Տիգրան Քոթանջյանը:

Խնդիրը Հայաստանում գոյություն ունի մոտ 30 տարի, սակայն հիմա այն ավելի է սրվել: Ըստ Գիտության մասին օրենքի՝ բյուջեի եկամտային աճի տոկոսին հավասար տոկոսով պետք է աճի նաև գիտության ֆինանսավորումը: Երիտասարդ գիտնականները պնդում են՝ արդեն 3 տարի է՝ բյուջեն աճում է, գիտության ֆինանսավորումը՝ ոչ:

«2020թ. բյուջեով նախատեսվում է որոշակի բարձրացում, բայց միայն ռազմական հետազոտությունների ոլորտին է ուղղված, դա շատ քիչ գիտնականների է վերաբերելու: Հիմա գիտությանը տրամադրվող բյուջեն նվազագույն շեմից 1.5 մլրդ պակաս է: Բայց այդ 1.5 մլրդ-ի տրամադրման դեպքում էլ խնդիրը չի լուծվի, ընդամենը նվազագույն շեմը կապահովվի, կտրուկ քայլեր են պետք»,- ասաց  Տիգրան Քոթանջյանը:

Աշխատավարձը, իհարկե, մեծ խնդիր է գիտնականների համար, սակայն մեկ այլ լուրջ խնդիր են նյութերն ու սարքավորումները, որոնցով աշխատում են: Երիտասարդ գիտնական Արմեն Սարգսյանը պնդում է, որ եթե իրենք ի սկզբանե ներկայացնեն, թե ինչ սարքավորումներով ու նյութերով են աշխատել, միջազգային հարթակներում իրենց հոդվածները կմերժեն՝ առանց կարդալու:

«Այսօր շատ գիտական հիմնարկներում օգտվում են դեռ այն նյութերից ու սարքավորումներից, որոնք մեզ ժառանգություն են հասել Սովետական Միությունից: Մինչև վերջերս դրանք բավարարում էին, բայց հիմա դրանք արդեն բարոյապես մաշված են: Կան նյութեր, որոնց պիտանելիության ժամկետն անցել է, մենք հույսներս դնում ենք նրա վրա, որ դրանք լավ պայմաններում են պահպանվել, կամ ստիպված ենք լինում հավելյալ կերպով ճշտել դրանց որակը»,- ասաց Արմեն Սարգսյանը:

Երիտասարդ գիտնականները պնդում են, որ գիտությամբ հետաքրքրված չէ նաև մասնավոր հատվածը: Նրանք հիշեցրին դեռ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ուղղված աշխատավարձերի բարձրացմանը, որտեղ նա ասում էր՝ «ինչո՞ւ պետք է ուսուցիչը 4 անգամ ավելի քիչ աշխատավարձ ստանա, քան նախարարը կամ պատգամավորը»:

«Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ ասաց, որ սա ցինիզմ է, իսկ հիմա նախարարները 1.5 միլիոն աշխատավարձ են ստանում: Ինչո՞ւ պետք է նախարարը ստանա արժանապատիվ աշխատավարձ, իսկ գիտնականը՝ ոչ: Չկա մի երկիր, որը լինի զարգացած, բայց գիտությունը՝ ոչ»,- ասաց Տիգրան Քոթանջյանը:

Երիտասարդ գիտնականները չեն հիշում, թե վերջին անգամ ե՞րբ է որևէ գիտական լաբորատորիա կապիտալ վերանորոգվել: Նրանք պնդում են, որ խնդրի մասին անցյալ տարի խոսել են նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ, սակայն խնդիրը լուծում չի ստացել: Անգամ այս պարագայում մեր գիտնականները վատ ցուցանիշներ չեն գրանցում, սակայն ասում են՝ դա միայն Հայաստանի գիտնականների շնորհիվ չէ:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս