Համերաշխության գործադուլ ԵՊՀ-ում՝ որպես միաբանության քայլ
Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության «Բարձրագույն կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի շուրջ անհանգստությունը դասախոսներին ու ակադեմիկոսներին հավաքել էր մի սեղանի շուրջ:
ԵՊՀ դասախոսներ՝ պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը, պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը և ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը կոչով դիմեցին իշխանություններին և ուսանողությանը: Ուսանողությանը հորդորեցին դադարեցնել դասադուլը, իսկ նախարարությանը՝ օրենքի նշված նախագիծը հանել շրջանառությունից և ձեռնամուխ լինել նոր նախագծի մշակմանը:
Հայտարարության առաջին կետով ԵՊՀ Հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմն իր համերաշխությունն էր հայտնում ուսանողական շարժմանը՝ ի պաշտպանություն բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում Հայոց լեզու և գրականություն, Հայոց պատմություն առարկաների պարտադիր ուսուցման դրույթին:
Երկրորդ կետով դասախոսները հայտարարեցին համերաշխության մեկօրյա գործադուլ՝ որպես միաբանության քայլ:
Երրորդ կետով հույս հայտնեցին, որ հարցի հրատապ քննարկում տեղի կունենա բոլոր շահագրգիր, իրավասու կողմերի և, մասնավորապես, ԿԳՄՍ նախարարի մասնակցությամբ՝ առանց քաղաքական շահարկումների: Ու մեկ անգամ ևս ուսանողությանը հորդորեցին դադարեցնել դասադուլը:
Անդրադառնալով նախարարության պնդումներին, թե օրենքի այս նախագծով փորձում են բարձրացնել բուհական ինքնավարության մակարդակը, ԵՊՀ պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանն ասաց, թե նման բան անգամ խորհրդային կարգերի ժամանակ չկար:
Ավելի վաղ Երևանի պետական Հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսներից Արշալույս Գալստյանը հայտնել էր, որ հայտարարության տեքստն ընդունվել է քվեարկությամբ:
Հիշեցնենք, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Բարձրագույն կրթության մասին» օրենքում փոփոխություն անելու նախագիծը, որով նախատեսվում է Հայոց լեզու, Հայոց պատմություն և Հայ գրականություն առարկաների դասավանդումը հանել ոչ մասնագիտական բուհական ծրագրերում պարտադիր դասավանդվող առարկաների ցանկից:
ԿԳՄՍ նախարարության այս նախագիծը ստիպել էր ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողներին գնալ դասադուլի ու այդ կերպ արտահայտել իրենց անհամաձայնությունը նախարարության այս քայլին: Արդեն մեկ շաբաթ է՝ տապալված է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ողջ ուսումնական պրոցեսը: 3 օր է, ինչ ուսանողներն իրազեկման երթ են իրականացնում Հայաստանի մյուս բուհերում:
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ