«Նման նախագիծն անհրաժեշտություն է, սակայն այն թերի է». Բնապահպանը՝ «Էկոլոգիական տեղեկատվության մասին» օրինագծի մասին
Երեկ Ազգային ժողովում քննարկվեց տեղեկատվության ազատության ոլորտում «Էկոլոգիական տեղեկատվության մասին» աշխատանքային նախագիծը, որին ներկա էին բնապահպանության և իրավական ոլորտների ներկայացուցիչներ։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանի խոսքով՝ օրենքի այդ նախագիծն ուղղված է հանրության շրջանում էկոլոգիական տեղեկատվության մասին իրազեկվածության բարձրացման խրախուսմանը, հետևաբար՝ այն պետք է անցնի հանրային իրազեկվածության և խորհրդատվության շատ լայն փուլ:
Քննարկման ընթացքում յուրաքանչյուրն իր կարծիքն արտահայտեց նախագծի վերաբերյալ և նշվեցին բոլոր այն թերություններն ու բացթողումները, որոնք տեղ են գտել նախագծում՝ սկսած վերնագրից։
Քննարկման կազմակերպիչները նշեցին, որ մասնագետների բոլոր դիտարկումները հաշվիչ կառնեն և դրանք կներառեն նախագծում։
168.am-ի հետ զրույցում բնապահպան Սիլվա Ադամյանն անդրադառնալով օրենքի նախագծին՝ նկատեց, որ բոլոր մասնագետներն արդեն հայտարարել են, որ տեղեկատվության մասին կա մեկ օրենք, որի որոշ կետեր այս նախագծում կրկնվում են։
«Միանշանակ է, որ շրջակա միջավայրի խնդիրները պետք է ճիշտ արտացոլվեն, և տեղեկատվությունը պետք է տեղ հասնի։ Կարծում եմ՝ այս նախագիծը մեզ շատ անհրաժեշտ էր, մասնավորապես՝ շրջակա միջավայրի խնդիրների հետ կապված տեղեկատվություն ստանալու հարցում։ Սակայն նախագծում կան որոշ թերություններ, որոնք պետք է հաշվի առնեն ու շտկեն, և ամենակարևորը, որ հասարակությունը բաց տեղեկատվություն ստանա ընթացող բոլոր գործընթացների մասին»,- նշեց բնապահպանը։
Նրա խոսքով՝ նախագծում սահմանափակումներ կան «Կարմիր գրքում» գրանցված կենդանիների, բույսերի և տարածքների վերաբերյալ տեղեկատվության ստացման հետ կապված, ինչը ճիշտ չէ։
«Թող այդ սահմանափակումը լինի, բայց այն մարդկանց համար, որոնք առնչություն չունեն գիտական ոլորտի հետ, այդ սահմանափակումները չպետք է լինեն հասարակական կազմակերպությունների համար, որոնք զբաղվում են կենսաբազմազանության խնդիրներով։ Կազմակերպիչներն ասացին, որ հարցը կքննարկվի։ Ըստ իս՝ այս խնդրին լուծում կտրվի։ Ընդհանուր առմամբ, նախագիծը դեռ թույլ վիճակում է, հղկման խնդիր կա»,- շեշտեց Սիլվա Ադամյանը։
Նա նաև ընդգծեց, որ նախագծի մշակման գործում իրենք որևէ մասնակցություն չեն ունեցել, դրա մասին նոր են տեղեկացել և անմիջապես արձագանքել են, որ ցանկանում են մասնակցել նախագծի քննարկմանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան