«ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը դեռ մնում է Հայաստանի հիմնական շրջանակն ԱլԳ-ում». փորձագետ

«Ներկայիս ՀՀ-ԵՄ փաստաթուղթը Հայաստանի եվրոպական հավակնություններին լիովին բավարարում է»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով ԱլԳ ապագային և դրանում ՀՀ դերին:

Հիշեցնենք, որ օրերս Ստոկհոլմում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված «ԱլԳ նոր քաղաքական տեսլականը» խորագրով նախարարական հանդիպումը, որին ելույթով հանդես եկավ նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նախարարը նշել է, որ ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունների զարգացումը, մեր ՀԸԳՀ-ն, ըստ էության, մեզ տալիս է բացառիկ հնարավորություն՝ բարձրացնելու մեր զարգացման մակարդակը՝ համաձայն այն մոդելի, որին մենք ձգտում ենք: «ՀԳԸՀ-ով նախատեսված ոլորտային համագործակցությունը մեզ տալիս է այդ հնարավորությունը, ուստի պետք է դրանից առավելագույնս օգտվենք։ Մենք ի ցույց ենք դրել քաղաքական կամքի ուժը կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման և այլ հարցերում։ Մենք գիտենք, որ դա բավարար չէ, մենք պետք է ինստիտուցիոնալ մակարդակով ամրապնդենք և առաջ մղենք այն։ Եվ դա հենց այն է, ինչ մենք անում ենք, և այստեղ է, որ Եվրոպական Միությունը եղել և մնում է մեր կարևոր գործընկերը, և դրանք մեր հարաբերությունների զարգացման օրինակներ են: Մենք ունենք հարաբերությունների այս էվոլյուցիան, և դա շարունակական է:

Մենք այն դիտարկում ենք մեր առջև ծառացած անվտանգության մարտահրավերների առավել լայն համատեքստում, իսկ մեր անվտանգության մարտահրավերները բավական ընդգրկուն են, և նպատակահարմար չէ դրանք ներկայացնել քննարկման այս ձևաչափում: Սակայն անվտանգության տեսակետից ԵՄ-ն հանդիսանում է կարևոր դերակատար՝ ինստիտուտների ամրապնդման, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և արժեքների տեսանկյունից, որոնք նշանակություն են ունեցել 28 տարի և շարունակելու են կարևոր լինել առաջիկայում: Սա դաշտ է, որի կարևորությանը մենք հավատում ենք, որի շրջանակներում համատեղ աշխատում ենք, և շարունակվելու են նույն ոգով»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

Կոնրադ Զաշտովտի գնահատմամբ՝ կարևոր է նման միջոցառումների անցկացումը, որը ԵՄ-ին և ԱլԳ անդամ երկրներին հնարավորություն է տալիս քննարկել ծրագրի կարևորությունը, ծրագրում ներառված երկրների ակնկալիքները փոփոխվող աշխարհում: Ըստ նրա՝ ծրագրի վերաբերյալ ԵՄ-ի ընդհանուր մոտեցումը և տեսլականը փոխվել են՝ ԵՄ-ն շարունակելու է նպաստել այս երկրների ասոցիացմանը ԵՄ-ի հետ՝ առանց անդամակցության հեռանկարի: «Քննարկումներից ակնհայտ դարձավ, որ սա ներուժ ունեցող ծրագիր է, սակայն այն հեռանկարը, որը ԵՄ-ն ուներ, օրինակ, 10 տարի առաջ, այսօր չունի, քանի որ աշխարհը փոխվում է, և ԵՄ-ում բազմաթիվ խնդիրներ են կուտակվում, և ԵՄ-ի ընդլայնման հեռանկարն այլևս նույնքան հրապուրիչ չէ, որքան նախկինում, քանի որ հիմա ԵՄ-ում այլ տրամադրություններ են խորանում: Ուստի ԵՄ-ն կսահմանափակվի միայն՝ խորացնելով համագործակցությունն այս երկրների հետ: ԵՄ-ում, ի դեպ, դրան դեմ կարծիքներ ևս կան, կան գործիչներ, որոնք չեն ցանկանում, որպեսզի այս ծրագրին այդպիսի մեծ ֆինանսական միջոցներ հատկացվեն: Սակայն դրանք դեռ այնքան բարձր լսելի չեն, որպեսզի այդ համագործակցությունը չշարունակվի»,- նման կարծիք հայտնեց Զաշտովտը:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ նրա՝ ակնհայտ է, որ ներկայիս ՀՀ-ԵՄ փաստաթուղթը Հայաստանի եվրոպական հավակնություններին լիովին բավարարում է: «Այդ համագործակցությունը փաստորեն հայկական կողմին տալիս է ոլորտային լայն համագործակցության դաշտ, և ներկայումս հայկական կողմը կենտրոնացած է այդ համաձայնագիրը լիարժեք իրացնելու աշխատանքների վրա: Այս համաձայնագիրը տալիս է հնարավորություն նաև իրականացնել այլ ծրագրեր, որոնք մշակվում են ներկայումս, այսինքն՝ ՀՀ-ում իշխանափոխությունից հետո, այսինքն՝ այս համաձայնագիրը ճկուն է: Այս ամենին զուգահեռ՝ նկատելի է վիզային ազատականացման երկխոսության մեկնարկի ցանկություն, որը ևս խնդրահարույց թեմա է ԵՄ-ի համար՝ հաշվի առնելով ԵՄ-ի ներսում առկա միգրացիոն խնդիրները, առանձին երկրների դիրքորոշումներն այս հարցի վերաբերյալ, հաշվի առնելով Հայաստանից նախկին հոսքերը: Դեռ վաղ է ասել, թե երբ երկխոսությունը կմեկնարկի, քանի որ որոշակի աշխատանք պետք է իրականացվի այդ ուղղությամբ»,- ասաց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս