Բաժիններ՝

Եթովպիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեմայեհու Տեգենուին (Alemayehu Tegenu, նստավայրը՝ Մոսկվա)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ինչպես հաղորդում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարարի տեղակալը հաջողություն է մաղթել դեսպանին առաքելության իրականացման գործում և հույս հայտնել, որ նա կնպաստի երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների խորացմանը։ Գրիգոր Հովհաննիսյանը նշել է նաև, որ Եթովպիայում ՀՀ դեսպանության մոտալուտ բացումը նոր խթան կհանդիսանա երկկողմ օրակարգի, շփումների և համագործակցության ընդլայնման համար։

Զրուցակիցները կարևորել են քաղաքական երկխոսության ակտիվացումը, ինչպես նաև փոխշահավետ համագործակցության զարգացումն առևտրատնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկերչության, զբոսաշրջության, բարձրագույն կրթության, հանքարդյունաբերության և այլ ոլորտներում։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս