Պոպուլիզմից և դիկտատուրայից անդին
Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում վերջին մեկուկես տարվա ընթացքում, պոպուլիզմի ու դեմագոգիայի խառնուրդից դեպի դասական դիկտատուրայի անցման դասագրքային օրինակ է, որին ականատես ենք դառնում բոլորս։ «Ժողովրդի վարչապետն» իր ողջ թիմով լծված է քաղաքական վենդետաների մի ամբողջական շարք իրականացնելու գործընթացին։ Իրեն ենթարկելով իշխանության բոլոր ճյուղերն, ըստ էության, Փաշինյանը փորձում է տապալել ՀՀ ինքնունրույն աշխատող վերջին բաստիոնը՝ Սահմանադրական դատարանը, որն, ի դեմս Հրայր Թովմասյանի շարունակում է պայքարել։ Հանուն արդարության պետք է փաստենք. ստացվում է՝ Թովմասյանն ու իր մերձակա շրջապատն իրոք «մաքուր» են, քանի որ այսքան նպատակաուղղված գործ «սարքելու» հետ մեկտեղ իշխանությունն ամենուր ձախողվում է։
Այսօր լրատվականներում տեղեկատվություն շրջանառվեց, ըստ որի՝ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գլխավոր կատարող Նաիրի Հունանյանը դիմում է ներկայացրել արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնակների համապատասխան վարչություն՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար։ Առաջին հայացքից շոկային ու անընկալելի տեղեկատվություն է, որն ընթերցողի մոտ հերթական հակակրանքն ու զայրույթն է առաջացնում, սակայն սա միայն առաջին հայացքից, քանի որ իրականում այստեղ գործ ունենք հերթական մանիպուլյատիվ էժանագին տրյուկի հետ, որն իրականացվում է իշխանությունների կողմից հերթական իմիտացիայի ալիքի շղարշը ստեղծելու համար։
Ստացվում է այնպես, որ Փաշինյանի ձախողած կառավարությունը PR խորհրդականների ձայնին անսալով, դիմում է նման էժան քայլի՝ տեղեկատվական դաշտում հերթական ֆեյք օրակարգը ներդնելու նպատակով։
Քանի որ վերջին երկու օրերին լրատվականներում և սոցցանցերում բավականին թեժ քննարկվում էին նախարարաների աշխատավարձերի գաղտնի կերպով բարձրացման հարցը և Փաշինյանի գաղտնի հրամանը, ինչպես նաև ԱԺ աշխատակազմի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ապօրինի ձերբակալությունը, իշխանության համար դա արդեն լուրջ իրադարձություն էր և հանրության համար պետք էր ապահովել նոր տեսարան, իսկ Նաիրի Հունանյանի դեպքը բոլոր չափանիշներով համապատասխանում էր։ Նախ, բոլորը ճանաչում են Նաիրի Հունանյանին, մարդկանց մոտ առաջացնում է շոկ, թեման իր շուրջ համախմբելու հատկություն ունի, ուստի տվյալ փուլում իսկական պատրաստի խայծ է։ Փաշինյանի նման գործելաոճը վկայում է մի բանի մասին․ իշխանության շրջանում ամեն ինչ ճահճացել է և ստեղծված վակուումը լցնելու համար այդօրինակ քայլերը լիարժեք համապատասխանում են ժանրի կանոններին։
Տեղեկատվական դաշտում ամբողջական համայնապատկեր և գունապնակ ունենալու համար Փաշինյանը դիմել է ևս մի նենգ քայլի․ կան տեղեկություններ, որ ժամեր առաջ ՀՔԾ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ՝ ՍԴ լիազորություններին տիրանալու կասկածանքով։ Այսինքն՝ չբավարարվելով Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին և հարազատներին իր էժան քաղաքական շահարկումների մեջ ներառելու ճղճիմ գործելաոճով, Փաշինյանը փորձում է էլ ավելի «քաղցրացնել» կենացները։ Ունենք այնպիսի մի վիճակ, երբ քաղաքական ռեպրեսիաների փուլն արդեն փաստացի սկսված է և դա էական չէ, թե կոնկրետ ով է տվյալ պահին թիրախում։
Ըստ էության, առաջիկա զարգացումների մասին կարելի է կանխատեսումներ անել, որ ներկայումս տեղի ունեցողն ընդամենը սկիզբն է, այս գործընթացը ձնագնդիի էֆեկտ է ունենալու և մեծացնելու է իր շրջանակը։ Անվիճելի փաստ է, որ պոպուլիզմը և պրոպագանդան հանրային կարծիքը մանիպուլացնելու ամենատարածված ձևերից են: Պրոպագանդան մեր հանրությանը բավականին ծանոթ է՝ որպես խորհրդային փորձառություն:
Հետխորհրդային շրջանում պրոպագանդան ստացել է այլ դրսևորումներ, թեև որոշ դեպքերում պահպանել է նաև հին գործիքակազմը: Պրոպագանդայի իրականացման համար հին գործիքներից զատ սկսել են կիրառվել նոր գործիքներ, որոնք ավելի մեղմ են և շատ դեպքերում հանրային կարծիքի վրա ունենում են անուղղակի ներգործություն: Պոպուլիզմ ձևակերպումն իր արդի նշանակությամբ համեմատաբար ավելի նոր է: Ժամանակին որոշ կուսակցություններ նույնիսկ իրենց հռչակում էին որպես պոպուլիստական: Պատշաճ և գռեհիկ վարքի միջև կան շատ հարթ անցումներ՝ ինչպես ժողովրդի կողմից, այնպես էլ քաղաքական գործիչների։ Այդ իսկ պատճառով ժողովրդավարության մեջ քաղաքականությունը ոչ «պոպուլիզմից ամբողջովին ազատ» է, ոչ էլ «մաքուր պոպուլիստական» է։
Պոպուլիստ առաջնորդները հեշտությամբ դառնում են ավտորիտար դեմագոգներ (հաճախ նրանք այդպիսին են ի սկզբանե)։ Պոպուլիստական ժողովրդավարությունը կարող է սահուն անցնել բռնապետության՝ հիմնված պոպուլիստական գայթակղությունների վրա։ Արդյունքում, կարող ենք գծեր անցկացնել ժողովրդավարության «բարի պոպուլիզմի» և ավտորիտար ռեժիմների «վատ պոպուլիզմի» միջև։
Արմեն Հովասափյան