Ինչո՞վ է պայմանավորված 2019-ի ՀՀ ռազմական բյուջեի աճը, և իրականում քանի՞ տոկոսով է այն աճել

Ադրբեջանի և ՀՀ-ի ռազմական բյուջեների միջև ընկած տարածությունը մեծանում է, ինչն առաջին առաջին անգամ չէ. 2008-2015 թվականն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ռազմական բյուջեն մի քանի անգամ գերազանցում էր ՀՀ-ի ռազմական բյուջեն: 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը:

«Սրանից հետո տնտեսական ճգնաժամն ադրբեջանական ռազմական բյուջեն բավականին նվազեցրեց, իսկ հիմա, երբ Ադրբեջանը մասնակիորեն դուրս է եկել այդ ճգնաժամից, իհարկե, ռազմական բյուջեի թվերը դեռ չեն հասել նախկին՝ 2013-2014-ի ցուցանիշին, բայց, ամեն դեպքում, դրանք գերազանցել են 2 միլիարդ դոլարը:

Ինչ վերաբերում է Հայաստանին, այս տարի արձանագրվեց շատ մեծ աճ: Իհարկե, պետք է ասել, որ այն, մեծ հաշվով, պայմանավորված էր նրանով, որ ռազմական բյուջեի մեջ հաշվարկվել էր նաև ռուսական 100 միլիոն դոլար վարկը, ինչը նախկինում չէր արվում: Օրինակ՝ երբ առաջին 200 միլիոն դոլարի վարկը վերցվեց, դա չգումարվեց ռազմական բյուջեին, որը հայտարարվել էր այդ ժամանակ: Այսինքն՝ 2019-ին սրանով է պայմանավորված ռազմական բյուջեի զգալի աճը՝ ավելի քան 30 տոկոս: Թեպետ, եթե վերցնենք իրական աճը, այն միջոցները, որոնք սեփական հաշվից են, ապա աճը մի 3 անգամ քիչ է ստացվում՝ 10 տոկոսից ոչ ավելի: Եվ եթե հաջորդ տարի չներգրավվեն վարկային միջոցներ, և եթե անգամ հաջողվի պահպանել նույն ցուցանիշը, միևնույն է՝ պահանջվելու են հավելյալ միջոցներ, իսկ բյուջեի առավել մեծացումը հեշտ չի լինելու»,- մանրամասնեց վերլուծաբանը:

Ներսիսյանի համար հասկանալի չէ, թե ինչու էր անհրաժեշտ այս տարի այդքան մեծ նշաձող վերցնել: «Խնդիրը շատ խճճված է, որովհետև նախկինում հայկական ռազմական բյուջեն մեկ այլ մեթոդով էին հաշվում, այնուհետ սկսեցին դա անել մեկ այլ մեթոդով: Ամեն դեպքում, եկամուտների և տնտեսական աճի պայմաններում ռազմական բյուջեի աճի բացակայությունը բավականին լուրջ է և զարմանալի, երբ հակառակորդը, ցավոք, տեղում չի նստում»,- ընդգծեց ռազմական վերլուծաբանը:

Ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցն իր հերթին՝ 168.am-ի հետ զրույցում նկատեց, որ կառավարությունը մեծագույն ջանքեր է ուղղում սոցիալական հարցերին, և, որ որոշ բաներ սկսել են տեսանելի լինել, բայց նա ևս այն կարծիքին է, որ պետական բյուջեի մեծագույն մասը պետք է ուղղվի ռազմական գերատեսչությանը։

«Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ մեր հասարակությունն ուղղակի պիտի ատամները սեղմած մի քիչ էլ դիմանա, իսկ պետական բյուջեի մեծագույն մասը պետք է ուղղվի ռազմական գերատեսչությանը։ Իհարկե, համաշխարհային հանրությունը սա չի ընդունելու, բայց մենք ունենք պատճառաբանություն. մենք պատերազմի և շրջափակման մեջ ենք, և մեր պահանջները դա են պարտադրում։ Մյուս կողմից՝ անկախ հատկացվող գումարի չափից, կարևորը դրա ծախսման արդյունավետությունն է»,- ասաց ռազմական փորձագետը:

Հիշեցնենք, որ «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր, «ԱրԱր» հիմնադրամի խորհրդի հիմնադիր նախագահ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում մտահոգություն էր հայտնել, թե «ՀՀ Կառավարությունը սառեցնում է ռազմական ծախսերի աճը, այն պայմաններում, երբ ընդհանուր պետական բյուջեն նախատեսվում է ավելացնել 2020 թ․ 14%-ով»:

168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հիշեցրել էր, որ ռազմական բյուջեն բավականին բարդ կազմված փաստաթուղթ է, որտեղ պաշտոնական ֆինանսական մասերն ամբողջությամբ չեն արտահայտում իրականությունը:

«Պաշտպանական բյուջեում միշտ կան գաղտնի հոդվածներ, դրանում մեծ տեղ ունեն կառավարության պահուստային միջոցները, վարկային միջոցները, նվիրատվությունները և բազում այլ հոդվածներ, որոնք, գաղտնիության սկզբունքից ելնելով՝ չեմ կարող ասել: Դրա համար այսպես նայել ու ծախսերի մասով հստակ ասել, թե ինչ միջոցներ ինչքան են ավելացվել կամ ինչքան չեն ավելացվել պաշտպանական բյուջեի վրա, դժվար է: Միայն կարող եմ ասել, որ երկու հոդվածով 30 միլիարդ դրամ միանշանակ ավելացում է եղել 2020 թվականի բյուջեի մեջ»,- ընդգծել էր Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ որոշ հոդվածներով նաև 2019-ի բյուջեում է ավելացում եղել:

Մարիամ Պետրոսյան

Տեսանյութեր

Լրահոս