«Իրաքում Տիգրիս և Եփրատ գետերն են հոսում, որի բնական աղբյուրները պատմական Հայաստանից են բխում». արաբ պատմաբանի բացառիկ հարցազրույցը

Հոկտեմբերի 10-14-ն Արցախում կայացավ «Համագործակցություն՝ հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողով, որի նպատակն է՝ ընդլայնել և ամրապնդել Արցախի Հանրապետության համագործակցությունն օտարերկրյա պետությունների տարբեր շրջանների և քաղաքների հետ, ինչպես նաև ստեղծել Արցախին աջակցող սուբյեկտներին, քաղաքական և հասարակական գործիչներին միավորող ցանց։ Համաժողովին մասնակցեցին տարբեր երկրներում գործող՝ Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբերի և շրջանակների, ինչպես նաև քաղաքական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ, պատվիրակություններ:

168.am-ն առիթ ունեցավ հանդիպելու Իրաքյան պատվիրակության անդամների հետ:

Ներկայացնում ենք Իրաքի պատմաբանների միության նախագահ, դոկտոր, պրոֆեսոր Ջուադ Ք. Էլ-Բեյդանիի բացառիկ հարցազրույցը՝ հայերի, Արցախյան հիմնախնդրի, Հայոց ցեղասպանության և տարածաշրջանային հարցերի շուրջ:

– Արցախում կայացած «Համագործակցություն՝ հանուն արդարության և խաղաղության» համաժողովի մասնակից իրաքյան պատվիրակության անդամ եք եղել: Արցախյան հակամարտության հարցում Իրաքի դիրքորոշումը ո՞րն է:

– Այս այցելությունը Հայաստան՝ դեպի Արցախ գնալու նպատակով էր, գնացինք և մասնակցեցինք «Հանուն արդարության և խաղաղության» համագումարին՝ մեր գործուն մասնակցությունը բերելով այս նպատակին:

Ես ակադեմիական մարդ եմ և ներկայացնում եմ ինձ նման մարդկանց, և ոչ թե՝ կառավարությունը. պետական մակարդակով չեմ եկել, այլ անձնական:

Իրաքյան ժողովուրդը համակրանքով է վերաբերվում Արցախի հարցին: Իրաքի հայ համայնքի միջոցով, որոնց հետ մենք հարաբերություններ ունենք, ճանաչում ենք Արցախը և հավատում ենք, որ Արցախի ժողովուրդն իրավունք ունի ինքնորոշման հարցի:

– Ձեր ելույթի հիմնական ուղերձները կառանձնացնե՞ք:

– Պատվիրակության կազմում իմ ելույթը նախատեսված չէր, և ես կարճ ելույթ ունեցա:

Քանի որ չէր կարգադրված իմ խոսքը, բարձրացա և խոսեցի սրտիցս, և ոչ թե՝ այն, ինչ գրված էր: Ասացի, որ մենք Արցախի Հանրապետության հետ ենք, մենք Արցախի ժողովրդի հետ ենք՝ անկախ այն հանգամանքից, որ Իրաքի դրությունն անհարմար էր և աննպաստ էր, քանի որ ցույցեր կային, երբ եկանք:

Մենք Արցախի Հանրապետության կողքին ենք՝ փաստելով ամբողջ աշխարհին, որ Արցախը մենակ չէ: Ես զինվոր չեմ, որ զենք վերցնեմ ձեռքս, բայց գրչովս եմ պատերազմում, պայքարում, և գրչովս եմ պաշտպանում Արցախի ժողովրդին ու Արցախ պետությունը:

Գիտեմ, որ առաջին անգամ էիք Արցախում. արդյո՞ք չվախեցաք հայտնվել արդբեջանական հայտնի «սև ցուցակում» :

– Ես արդեն Թուրքիայի «սև ցուցակում» եմ, և միգուցե Ադրբեջանի՝ նույնպես, որովհետև քրդական հարցի պաշտպաններից եմ:

– Քրդական հարցի մասին խոսենք. Այսօր բոլորի ուշադրությունը բևեռված է Սիրիայի հյուսիսում կատարվող իրադարձությունների վրա: Ինչի՞ կհանգեցնի այս լարվածությունը: Ըստ Ձեզ՝ սա կարո՞ղ է Մերձավոր Արևելքում նոր ալեկոծությունների սկիզբ դառնալ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Իրաքը ևս քրդաբնակ պետություն է:

– Ես միշտ հետևում եմ քաղաքական գործընթացներին, պատմաբան լինելով՝ ես շատ տեղեկություններ ունեմ. վստահ եմ, որ Թուրքիայի հեռու նպատակն է՝ Հալեպից սկսելով՝ իշխանությունը տարածել մինչև իրաքյան Մոսուլի շրջակայքը:

Թուրքիան մոռանում է, որ օսմանյաններից առաջ արաբ բանաստեղծներն Իրաքի անունով էին խոսում և Իրաքի մասին բանաստեղծություններ էին գրում:

Սիրիայի հյուսիսային շրջանների վրա այս օրերի հարձակման նպատակը ոչ թե միայն քրդերն են, այլև ՝ամբողջ շրջանների վրա իրենց իշխանությունը պարզելը:

Վերջինից ելնելով՝ քրդերը, արաբները, հայերը չպետք է առանձին մտածեն ու առանձին գործեն, այլ միասնաբար, քանի որ Թուրքիայի ստրատեգիկ հեռահար նպատակն է՝ ամբողջ տարածաշրջանի վրա իշխել:

– Քանի որ խոսեցիք Օսմանյան կայսրության մասին, հետաքրքիր է՝ Հայոց ցեղասպանության հարցում Ձեր դիրքորոշումը ո՞րն է՝ հաշվի առնելով նաև այն, որ Իրաքի հայ համայնքը ձևավորվել է հիմնականում Ցեղասպանության տարագիրներով:

– Այն շատ ահավոր էր: Նկարագրելն անգամ անկարելի է. ոճրագործություն է, որի համար ամբողջ մարդկությունը պետք է ամաչի: Սև կետ է մարդկության պատմության էջերում: Եվ եթե աշխարհը կանգներ այդ հարցի կողքին և պատժեր թուրքերին, պետք է մյուս ցեղասպանությունները չլինեին:

Եվ կարծում եմ՝ նման արարքները կշարունակվեն, եթե Թուրքիայի դեմ պատժամիջոց չստեղծվի, ի մասնավորի՝ Էրդողանի ռեժիմի դեմ:

4-րդ անգամ եք լինում Հայաստանում, և առաջին անգամ՝ Արցախում: Ի՞նչ տպավորություններով եք հեռանում այստեղից:

– Արցախից վերադառնալուց հետո ասում էի՝ ինչ պետք է գրեմ Արցախի մասին՝ մտադիր եմ մի քանի թերթերում հրապարակումեր անել: Շատ տեղերում եմ եղել, բայց նման տպավորություններով չեմ վերադարձել: Թաքուն սեր կա իմ և այս կողմերի միջև:

Այն ջուրը, որ մենք խմում ենք, հայկական է, որովհետև Իրաքում Տիգրիս և Եփրատ գետերն են հոսում, որի բնական աղբյուրները պատմական Հայաստանից են բխում, և պատմությունն ասում է, որ Հայկ Նահապետը ծնվել էր Բաբելոնում:

Մանրամասները՝ տեսանյութում

Զրուցեց Զարուհի Դիլանյանը

Թարգմանեց Իրաքի Ազգային Կենտրոնական վարչության ատենապետ Մելքոն Մելքոնյանը

Տեսանյութեր

Լրահոս