Խոսնակը չի գիտակցում, թե որոնք են վարչապետի մամուլի խոսնակի իրական դերն ու ֆունկցիաները
Յուրաքանչյուր քաղաքական գործչի համար առանցքային կարևոր նշանակություն ունի պատասխանատվությունն ու իր սկզբունքներին չդավաճանելը, քանի որ հեղհեղուկ և անսկզբունք կերպարներն իրենց գործունեությունը կամ ավարտում են կատարյալ ձախողմամբ, կամ դառնում ծաղրանքի ու քննադատության առարկա (երկու օրինակների պակաս էլ ՀՀ քաղաքական դաշտը չի ունեցել, քանի որ այդպիսի կերպարներ եղել են մի քանի տասնյակներ)։ Խոսելով քաղաքական գործիչների տիպաբանության մասին՝ կարևոր է փաստել նաև, որ շատ կարևոր է, որ նրանք լինեն նաև պատասխանատու, այլ ոչ թե պոպուլիստ ու դեմագոգ, քանի որ ժամանակը ցույց է տալիս, որ նշված «կլասի» գործիչները նետվում են քաղաքական աղբանոց, ի դեպ՝ շատ արագ։ Իսկ հիմա խոսենք ավելի առարկայական ու փաստական, քանի որ ռեալության դաշտում քննարկումն ավելի նյութական է։
Վերջին օրերին առանձնակի ակտիվ քաղաքական «վերակենդանացում» է ստացել Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, ով հնարավորությունն ու առիթը բաց չի թողնում, որպեսզի «փառաբանի» ու հերթական անգամ շեփորահարի Փաշինյանի «փայլուն» քաղաքականության ու «աննախադեպ» ձեռքբերումների մասին։ Վերջին դիտարկումները կապված էին ԵԱՏՄ գագաթաժողովի ամփոփման վերաբերյալ հեռուստաընկերություններից մեկի տաղավարից հնչեցրած թեզերին, թե «գագաթաժողովն իր տեսակով աննախադեպ էր», «մասնակից պետությունների ղեկավարները եկել էին ոչ թե ԵԱՏՄ, այլ՝ Երևան», և նմանօրինակ այլ անհիմն ու պրիմիտիվ ձևակերպումներ։ Սակայն Կարապետյանի անմեղսունակությունն այդքանով չէր սահմանափակվել և նա ավելի «ցնցող բացահայտումներ» էր ներկայացրել, համաձայն որոնց՝ «ԵԱՏՄ-ի կազմ մտնելը Հայաստանին ստիպել են՝ ականջներից քաշելով» կամ, որ «ԵԱՏՄ-ի կազմում ՀՀ-ն ոչ մի էական ձեռքբերում չի ունեցել, և կտրուկ փոփոխություն նկատվել է Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո»։
Ավելի խորքային դատարկաբանություն, քան ասված է, համաձայնեք, որ դժվար է պատկերացնել, քանի որ սա ասում է մի մարդ, որ իր քաղաքական կենսագրությունում ինքնուրույն ոչինչ չունի արված, չունի քաղաքական հետագիծ։ Եվ հետաքրքրականն այն է, որ ԵԱՏՄ-ի մասին խոսում է մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, ով իր ընդդիմադիր եղած ժամանակահատվածում, ինչպես և՝ Փաշինյանը, քարկոծել են Սերժ Սարգսյանի՝ ՀՀ-ի ԵԱՏՄ անդամ դառնալու որոշումը՝ այն համարելով «պետականության կորուստ» և «սեփական ինքնիշխանությունը ռուսական սապոգին հանձնելու քայլ»։
Այստեղ տեղին է հիշել հայտնի կարգախոսը, որ, իրոք, ժողովուրդը բավականին կարճ հիշողություն ունի և մոռանում է հայտնի հայտարարություններն ու առանցքային դրվագները։ Եթե խոսենք Նիկոլ Փաշինյանի՝ ԵԱՏՄ-ին քննադատող հայտարարությունների շարքից, ապա դրանք մի քանի տասնյակի հասնող ելույթներ են, որտեղ նա «քարը քարի վրա չթողնելով»՝ փորձում է հակափաստարկներ ներկայացնել այդ կառույցի կործանարար ազդեցության և անդառնալի հետևանքների մասին։ Կարապետյանը հավանաբար մոռացել է, որ մինչև 2018-ի գարունն ընկած ժամանակահատվածը Փաշինյանը ԵԱՏՄ-ին անդամակցության ամենաթունդ քննադատն էր, ավելին՝ «Ելք» դաշինքն անգամ 2017-ի նոյեմբերին Հայաստանի՝ ԵԱՏՄ կազմից դուրս գալու վերաբերյալ նախագիծ էր ներկայացրել խորհրդարանին։
Նիկոլի վառ երևակայության արդյունք էր նաև այն թեզը, թե «Ռուսաստանն է սանձազերծել և հրահրել ապրիլյան պատերազմը, որպեսզի Ադրբեջանին բերի ԵԱՏՄ կազմ»։
Համաձայնեք, որ իրոք հիշելու բաներ կան։ Եթերում Կարապետյանը ցինիկ պահվածքով էր խոսում նախկին իշխանությունների մասին, ինչը նույնպես անընդունելի է, քանի որ նման հեգնական արտահայտություններ երկրի երբեմնի ղեկավարի մասին ասելն անթույլատրելի է։ Կամ՝ խոսել, որ ԵԱՏՄ-ն մինչև 2018 թվականը ոչ մի ձեռքբերում չի ունեցել, դեմագոգիկ պոպուլիզմ է՝ ուրիշ ոչինչ։ Նման մի անտրամաբանական հայտարարություն էլ Կարապետյանն արել էր օրեր առաջ՝ մեկնաբանություն անելով գազի գնի բանակցությունների մասին։
Խոսելով Փաշինյան-Պուտին հանդիպման մասին՝ նա ասել էր, «Երկու պետությունների ղեկավարները քննարկել են հանրապետությանը մատակարարվող գազի գնի հարցը: Սակայն պարզ է, որ որոշում կայացնողը նրանք չեն: Դա վերաբերում է տնտեսվարող սուբյեկտներին, և որոշումը կկայացվի բանակցությունների արդյունքում»։
Ավելի մեծ սուտ ու նաիվ մեկնաբանություն այս գործչից չէր կարելի ակնկալել, քանի որ ամենաշարքային ՀՀ քաղաքացուն էլ պարզ է, որ ՀՀ ներմուծվող գազի գինը միշտ որոշվել է պետության առաջին դեմքերի մակարդակով։
Ամփոփելով՝ պետք է արձանագրենք հետևյալը, նախ՝ Կարապետյանն ըստ էության մնացել է ՀԱԿ-ին բնորոշ պուպուլիզմի ու ամբոխահաճո հայտարարությունների տիրույթում, այսինքն՝ չի գիտակցում, թե որոնք են վարչապետի մամուլի խոսնակի իրական դերն ու ֆունկցիաները:
Արմեն Հովասափյան