3 իրավաբան դիմում են ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելու խնդրանքով

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր, փաստաբան Սիրանուշ Սահակյանը, փաստաբան Լուսինե Սահակյանը և «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, փաստաբան Էլինար Վարդանյանը նամակով դիմել են ՀՀ Ազգային ժողովում ներկայացված երեք խմբակցություններին՝ ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես գալու խնդրանքով։ Դիմումի հիմքն է հոկտեմբերի 2-ին պատգամավոր Ա.Քոչարյանի հնչեցրած՝ էթիկայի կանոններին հակասող արտահայտությունը։

Դիմումի ամբողջական տեքստը՝ ստորև․

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գրիգորի Քոչարյանը (013) 2019 թվականի հոկտեմբերի 2-ին 1in.am լրատվականին տված հարցազրույցում, անդրադառնալով ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի կողմից իր հասցեին հնչեցված քննադատությանը, հայտարարել է․ «Տիկինը ինչ-որ պահի հանդիսացել է մեր երկրի արդարադատության նախարարը։ Պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի, իր անհայտ հայրիկի և մյուսների անունները․․․»։ (շեղատառը մերն է) (հղումը` https://youtu.be/qG_Mwk3KlbM (7:25-7:33)):
Այլ կերպ ասած՝ պարոն Ա․Քոչարյանը ոչ վերաբերելի համատեքստում փաստական (և ոչ թե գնահատողական) հրապարակային դատողություն է արել այն մասին, որ Արփինե Հովհաննիսյանի «հայրիկն անհայտ է»։

Հանրային լայն քննադատության ենթարկված այս պնդման հաջորդ օրը՝ հոկտեմբերի 3-ին, իր արտահայտության կապակցությամբ լրատվամիջոցներին պարզաբանումներ տալիս, Ա․Քոչարյանը հայտարարել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել Արփինե Հովհաննիսյանից, ավելին՝ պատրաստակամություն է հայտնել, եթե Արփինե Հովհաննիսյանի հայրիկը ցանկանում է, հանդիպել նրան և տալ անհրաժեշտ պարզաբանումներ։ Մինչդեռ եթե անգամ ենթադրենք, որ հոկտեմբերի 2-ին պարոն Քոչարյանը չգիտեր, որ Արփինե Հովհաննիսյանի հայրիկը վաղուց վախճանված է, ապա վստահաբար նա ուներ բոլոր ողջամիտ հնարավորությունները մինչև հոկտեմբերի 3-ի հրապարակային պարզաբանումները տեղեկանալու այդ մասին։

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ պատգամավորը պարտավոր է պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները։ Համաձայն «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Պատգամավորական էթիկայի կանոններն են`
․․․
2) հարգել հանրության բարոյական նորմերը.
․․․
6) իր գործունեությամբ նպաստել Ազգային ժողովի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը.
7) ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել պատգամավորին վայել վարքագիծ.
8 ) հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների ․․․ նկատմամբ ․․․:»

Ա․Քոչարյանի վերը ներկայացված պնդումները խախտում են նշված օրենքի 2-րդ մասի 2-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված պատգամավորական էթիկայի կանոնները՝ հարգելու հանրության բարոյական նորմերը, իր գործունեությամբ նպաստելու Ազգային ժողովի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը, ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորելու պատգամավորին վայել վարքագիծ, հարգալից վերաբերմունք ցուցաբերելու քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ՝ հետևյալ փաստարկների համակցությամբ․

1 ) Ա․Քոչարյանի արտահայտությունն անձնավորված էր և վերաբերում էր կոնկրետ անձի՝ Արփինե Հովհաննիսյանին։

2) Թեև Արփինե Հովհաննիսյանը, լինելով հանրային գործիչ, պետք է ունենա ողջամիտ ակնկալիք ենթարկվելու հրապարակային քննադատության, այդ քննադատությունը ունի սահմաններ և չպետք է կոպտորեն խախտի Սահմանադրությամբ ամրագրված իրավաչափ շահերի (մի կողմից՝ խոսքի ազատություն, մյուս կողմից՝ անձի արժանապատվություն, անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիություն) հավասարակշռությունը։ Ա․Քոչարյանի խոսքը կոպտորեն խախտում է այդ հավասարակշռությունը, քանի որ (ա) այն ոչ ուղղակիորեն և ոչ էլ անուղղակիորեն չի վերաբերել Արփինե Հովհաննիսյանի նախկին՝ որպես պաշտոնյա, կամ ներկա՝ որպես իրավապաշտպանական հասարակական կազմակերպության նախագահ, հանրային գործունեությանը, (բ) այն վերաբերել է մի տիրույթի, որը ակնհայտորեն անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության շրջանակում է, (գ) այն վերաբերել է մի հարցի, որը ակնհայտորեն դուրս է Արփինե Հովհաննիսյանի կամքի շրջանակներից, (դ) այն ուղղակիորեն վերաբերել է մի անձի՝ Արփինե Հովհաննիսյանի հայրիկին, որը հանրային անձ երբեք չի եղել, (ե) թեև Ա․Քոչարյանի արտահայտության համատեքստը հակադարձումն էր Արփինե Հովհաննիսյանի քննադատությանը, վերջինիս քննադատությունը որևէ կերպ չի ունեցել վերը ներկայացված «ա»-«դ» կետերում նկարագրված հատկանիշները, հետևաբար Ա․Քոչարյանի խոսքը եղել է իրեն ուղղված քննադատությանը ակնհայտ անհամարժեք արձագանք։

3) Ա․Քոչարյանը ոչ միայն պարզապես պատգամավոր է, այլև գլխավորում է կարևորագույն մշտական հանձնաժողով` ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։

4) Ա․Քոչարյանը լիարժեք հնարավորություն ուներ ներողություն խնդրելով փորձելու հարթել իրավիճակը, սակայն դրա փոխարեն նշված արտահայտության հաջորդ օրը ըստ էության պարզաբանման է հրավիրում վաղուց հանգուցյալ անձի։

5) Ա․Քոչարյանի արտահայտությունը լայնորեն քննադատության է ենթարկվել բազմաթիվ հանրային գործիչների կողմից, ինչը հավելյալ հիմնավորում է այդ արտահայտության՝ հանրության բարոյական նորմերից դուրս լինելը։

Վերը ներկայացված հիմնավորումները հաշվի առնելով՝ խնդրում ենք օգտվել ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքից և Ձեր ղեկավարած խմբակցության անունից ԱԺ քննարկմանը ներկայացնել նշված հարցով էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծ։»

Տեսանյութեր

Լրահոս