Բաժիններ՝

«Դուք երեկ եկաք մեզ ասեցիք՝ ինչ ուզում եք՝ արեք, մենք էլ եկել, ինչ ուզում ենք՝ անում ենք». Գետաշենցիների բողոքի ակցիան՝ կառավարության դիմաց

Կառավարության մոտ են հավաքվել Արմավիրի Գետաշեն համայնքի ֆերմերները: Նրանք բողոքում են, որ «Արմավիր» ջրօգտագործողների ընկերության պատճառով իրենց բերքը փչացել է: Ցույցի մասնակից Սամվել Մուրադյանը 168.am-ի հետ զրույցում պատմում է, որ արդեն 9 օր է՝ առհասարակ ջուր չունեն:

«Արմավիրի Գետաշեն համայնքում ֆերմերային տնտեսություն ունենք: Մենք բանջարաբոստանային կուլտուրաներ ենք արտադրում և բաժանում ենք գործարաններին, մենք պայմանագրեր ունենք նրանց հետ, նրանք էլ՝ երևի այլ մարդկանց հետ: Մոտ 300 միլիոնի պայմանագիր ունենք «Արարատ ֆուդ» գործարանի հետ, մեզ նույնիսկ կանխավճար է վճարվել՝ 58 միլիոն դրամի չափով: Մենք պայմանագիր ունենք «Արմավիր» ջրօգտագործողների ընկերության հետ, որը Ջրային ռեսուրսների պետական կոմիտեի կառույցն է: Վերջին մեկ ամսվա ընթաքում ջրի գրաֆիկն անընդհատ խախտվել է, վերջին 9 օրերի ընթացքում առհասարակ ջուր չի մատակարարվում: Մի քանի օր առաջ մենք պարզեցինք, որ ջուրն ուղղվում է դեպի հէկ, աշխատում է հէկ-ը, որից հետո էլ այդ ջուրը գնում է դեպի Թուրքիա կամ Պարսկաստան»:

Սամվել Մուրադյանն ասում է՝ Կառավարությունն առաջին մարմինը չէ, որ եկել են, նախքան այս շատ դռներ են թակել, բայց օգուտ չկա:

«Տարբեր դռներ ենք բախել: Մարզպետարան ենք դիմել, Համայնքապետարան, Էկոնոմիկայի նախարարության գյուղվարչություն ենք զանգել, որևէ արձագանք չկա: Ջրային ռեսուրսների պետական կոմիտեի նախագահի տեղակալը երեկ եկավ, հողի չորանալու հետևանքով առաջացած ճաքերին նայելու փոխարեն՝ մեզ ասում է՝ ձեր լոլիկը փչացած է, չհասկացանք՝ ինչի՞ էր եկել»:

Գետաշենցիները հիմա արդեն էլ ջուր չեն ուզում: Ուզում են հանձնաժողով կազմվի, որ գան ու իրենց կրած վնասի չափը հաշվեն:

«Մեզ այլևս ջուր պետք չէ, հիմա այն միայն վնաս կտա, առաջացած ճաքերի մեջ է լցվելու, ցեխ է լինելու, փչանալու է, նեխելու է: Մեր մթերքի կեսը փչացել է, եթե 60 տոննա բերք պետք է ստանայինք, հիմա կեսից էլ պակաս ենք ստանալու: Հիմա մեզ պետք է՝ հանձնաժողով ստեղծվի, որ մեր կրած վնասը հաշվարկվի: Երեկ մարզպետարանից մասնագետ էր եկել, ասացին, որ իրենք իրավասու չեն հանձնաժողով ստեղծելու և վնաս գնահատելու»:

Հավաքվածներին մոտեցավ «Արմավիր» ջրօգտագործողների ընկերության նախագահ Վահագն Արշակյանը. նա ասում է՝ ջրամատակարարման խնդիր այս տարի չի եղել:

«Ջրամատակարարման խնդիր այս տարի չի եղել, իսկ հէկ-երին ջուր տալ-չտալն իմ իրավասությունների մեջ չէ: Ձեզ հրավիրում եմ Ջրային կոմիտեի նախագահի մոտ, գնանք մեր քննարկումն այնտեղ շարունակենք: Հետո հետ կգանք, լրագրողներին կպատմենք արդյունքների մասին»:

Ֆերմերները չհամաձայնեցին՝ հայտարարելով, որ իրենց հետ քննարկելու ոչինչ չունեն:

«Դուք երեկ եկաք մեզ ասեցիք՝ ինչ ուզում եք՝ արեք, մենք էլ եկել, ինչ ուզում ենք՝ անում ենք: Ձեզ հետ քննարկելու ոչինչ չունենք, թող Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսության բաժինը Գյուղինստիտուտի մասնագետներից խումբ կազմի, գան մեր վնասի չափն ասեն: Դուք ուզում եք ամեն ինչ փակել, վերջացնել»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս