Բաժիններ՝

Իտալական հեղինակավոր Elettronica Group-ը պատրաստակամ է համագործակցել Հայաստանի հետ

Իտալիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցավ հեղինակավոր Elettronica Group ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Էնզո Բենինիի հետ։ Ընկերությունը ծառայություններ է մատուցում պաշտպանության, անվտանգության ու կիբերանվտանգության ոլորտներում և համարվում է աշխարհում առաջատարներից մեկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Հռոմից, Էնզո Բենինին հույս հայտնեց, որ բարեկամությունն ու համագործակցությունը կշարունակվի։ Այս առումով նա մատնանշեց մի շարք ոլորտներ, մասնավորապես, նոր տեխնոլոգիական գաղափարները, կիբերտեխնոլոգիաները։

«Ես գիտեմ, որ ձեր երկիրը պատրաստակամ է ներդրումներ անելու տարբեր ոլորտներում, հատկապես տեխնոլոգիական։ Մենք հետաքրքրված ենք Հայաստանի հետ համագործակցությամբ։ Ես մի քանի անգամ եղել եմ Հայաստանում, սակայն ցանկանում եմ նորից գալ և հասկանալ համագործակցության հնարավորությունները»,-ասաց Էնզո Բենինին։

Նա վստահեցրեց, որ որպես արդյունաբերող ընկերություն, ցանկանում են հասկանալ, թե ինչպիսի համագործակցության հնարավորություններ կան։ «Մենք ուսումնասիրում ենք Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները։ Իհարկե, ցանկացած համագործակցություն սկսվում է հետազոտությունից»,- ասաց նա։

Արմեն Սարգսյանը կարևորեց Elettronica ընկերության հետ համագործակցությունը։

«Մեր երազանքն է Հայաստանը դարձնել աշխարհում արհեստական բանականության մշակման լավագույն վայրերից մեկը։ Այս ամենը չես կարող միանգամից սկսել վաղը։ Այն ժամանակ է պահանջում։ Ընկերությունը լավագույններից է աշխարհում։ Ինչպես մյուս խոշոր ընկերությունները, այն պետք է գա մեր երկիր՝ հասկանալու Հայաստանի ներուժը։ Իսկ այդ ներուժը գիտնականներն են, ինչպես նաև մեր երիտասարդ սերունդը»,-ասաց նախագահը։

Արմեն Սարգսյանը նշեց, որ կարևոր է հստակ գիտակցել կրթական համակարգի կարևորությունը։ «Հայաստան եկող բոլոր այս խոշոր ընկերությունները գալիս են ապագայի համար։ Ես ցանկանում եմ, որ Հայաստանը հարաբերություններ ունենա աշխարհի լավագույնի հետ»,-ասաց նա։

Նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 23-ից աշխատանքային այցով Իտալիայում է։ Նա ելույթով հանդես է եկել կիբերանվտանգության ոլորտում միջազգային հեղինակավոր Cybertech համաժողովին։ Նախագահը հանդիպել է իտալական տեխնոլոգիական առաջատար «Լեոնարդո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի հետ։ Կայացել է նաև իտալական հանրահայտ Rizzani de Eccher շինարարական ընկերության սեփականատեր Կլաուդիա դե Էկկերի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս