Կառավարության հանցավոր փնթիության հետևանքով համացանցում է հայտնվել ԵԱՏՄ «Գաղտնի» դրոշմագրով փաստաթուղթը․ Միհրան Հակոբյան
Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով համացանցում տարածված «ԵԱՏՄ և անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի 5.7 հոդվածի համաձայն տեղեկությունների փոխանակման իրագործման մասին արձանագրության «Գաղտնի» դրոշմագրով փաստաթղթին։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Կառավարության հանցավոր փնթիության հերթական զարհուրանքը
Համացանցում է հայտնվել ԵԱՏՄ «Գաղտնի» դրոշմագրով փաստաթուղթ, որը ոչ թե հաքերային հարձակման կամ փաստաթղթի գողության, այլ կառավարության գործունեության փնթիության, միգուցե նաև ԵԱՏՄ-ի գործունեության ու Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ուղիղ սաբոտաժի հետևանք է:
Այսպես. 2018թ. հունիսի 28-ին Բրյուսելում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կենտրոնական մաքսային մարմինների միջև «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 5.7 հոդվածի համաձայն տեղեկությունների փոխանակման իրագործման մասին արձանագրությունը: Այն ստորագրել են` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Վիետնամը:
Արձանագրությամբ սահմանվում են ԵԱՏՄ անդամ պետությունների և Վիետնամի կենտրոնական մաքսային մարմինների միջև մաքսային տեղեկությունների փոխանակման տեխնիկական պահանջները, էլեկտրոնային հաղորդակցությունների կառուցվածքը և փոխանակման կանոնները՝ նպատակ ունենալով նպաստելու տեղափոխվող ապրանքների նույնականացմանը, մաքսային հսկողության գործընթացի արագացմանը և արդյունավետության բարձրացմանը, այդ թվում՝ ռիսկերի կառավարման համակարգի կիրառմամբ, ինչպես նաև օրենսդրության նորմերի խախտումների կանխմանը:
Արձանագրությամբ հստակ սահմանված է, որ տեղեկությունների էլեկտրոնային փոխանակումն իրականացվում է կանոնավոր կերպով՝ Արձանագրության՝ սահմանափակ հասանելիություն ունեցող (կոնֆիդենցիալ) փաստաթուղթ համարվող 1-ին հավելվածով սահմանված տեխնիկական մասնագրերի համաձայն: Եվ, որ կողմերը պարտավոր են ապահովել այդ հավելվածում պարունակվող տեղեկությունների պաշտպանությունը՝ դրա համապատասխան կանոններին և կարգավորումներին համապատասխան: Հիշյալ N 1 հավելվածն ունի «Գաղտնի» դրոշմագիր:
Ինչպես ներպետական օրենսդրություններով, այնպես էլ միջազգային պայմանագրերով, գաղտնիք կազմող (ծառայողական օգտագործման համար) տեղեկությունները պաշտպանվում են պետությունների կողմից, և դրանց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել, վնաս հասցնել անվտանգությանը՝ առանձին ոլորտներում: Հետևաբար, նման տեղեկությունները չեն կարող հրապարակվել, դրանք չեն կարող հասանելի լինել այն անձանց համար, ովքեր չունեն դրանց ծանոթանալու, օգտագործելու և տարածելու համապատասխան թույլտվություն:
Հայաստանը ձեռնարկել է արձանագրության ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացման գործընթաց: Սակայն, այդ ընթացքում հրապարակվել է «Գաղտնի» դրոշմագրով N 1 հավելվածը: Մասնավորապես, այն հրապարկված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում՝ որպես 2019 թվականի մայիսի 23-ի ՀՀ կառավարության նիստի օրակարգի N 35 հարցի նյութ (https://www.e-gov.am/sessions_old/archive/2019/05/23/): Չի բացառվում, որ այն առանց սահմանափակ հասանելիության շրջանառվել է մինչ այդ և դրանից հետո ևս:
Հատկանշական է, որ որ հիշյալ արձանագրությունը ստորագրած մյուս երկրների համար այն արդեն իսկ ուժի մեջ է մտել և, բնականաբար, վերջիններս գործում են հիշյալ արձանագրությամբ սահմանված այն պահանջով, որ դրա «Գաղտնի» դրոշմագրով N 1 հավելվածը սահմանափակ հասանելիություն ունի: Իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այն ողջ մարդկության համար դարձել է հասանելի` դեռևս չստանձնելով միջազգային պարտավորությունները:
Ցավոք, նման դեպքերը մեր երկրի համար անհետևանք չեն մնում, որովհետև միջազգային պարտավորությունների չկատարումը պետության հեղինակության և ռազմաքաղաքական ու տնտեսական անվտանգության հարցերում հղի է լրջագույն վտանգներով»: