Նիկոլ Փաշինյանի ելույթը Լոս Անջելեսի Գրանդ Փարքում հրավիրված հանրահավաքին (ամբողջական)

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

Հայաստանի վարչապետը գտնվում է Լոս Անջելես քաղաքում. Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Գրանդ Փարք վայրում մասնակցել է իր հրավիրած հանրահավաքին և հանդես եկել ելույթով։

Հանրահավաքը մեկնարկել է Հայաստանի և Ամերիկայի օրհներգերով, ուղերձով են հանդես եկել հայ համայնքի հոգևոր առաջնորդները։

Իր ելույթում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Սիրելի ժողովուրդ՝ Լոս Անջելեսի, Կալիֆորնիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների հպարտ հայություն, ողջունում եմ բոլորիդ: Այնուամենայնիվ, ուզում եմ մի փոքր շրջանցել դիվանագիտական նրբությունները ու բոլորիդ դիմել այնպես, ինչպես թելադրում է սիրտս և հոգիս, ինչպես թելադրում է մեր նախնինարի ու նահատակների կանչը.

Սիրելի ժողովուրդ,
Հայաստանի Հանրապետության հպարտ ու դուխով քաղաքացիներ՝ ողջունում եմ բոլորիդ:

Սիրելի ժողովուրդ, նախ թույլ տվեք այս ամբիոնից շնորհակալության խոսքեր ասել Կալիֆորնիայի նահանգային և Լոս Անջելեսի քաղաքային իշխանություններին հայկական ազգային այս միջոցառումն անցկացնելու մեր ցանկությանը հարգանքով, բարեկամաբար վերաբերվելու և կազմակերպմանը աջակցելու համար:

Ուզում եմ անձնապես շնորհակալություն հայտնել Կալիֆորնիայի նահանգապետ Գավըն Նյուսըմին, փոխնահանգապետ Էլենի Կունալակիսին, Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետտիին, քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանին, Լոս Անջելեսի մարզի կառավարիչներ՝ Քեթրին Բարգերին և Հիլդա Սոլիսին, Հայկական կազմակերպությունների ժամանակավոր հանձնախմբին:

Խնդրում եմ ողջույնի մեր հայկական ծափահարությունները հղենք Կալիֆորնիայի նահանգապետին, փոխնահանգապետին, Լոս Անջելեսի քաղաքապետին, Լոս Անջելեսի մարզի կառավարիչներին: Շնորհակալություն Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Պոլ Կրեկորյանին: Այս անմոռանալի միջոցառման անցկացմանն աջակցելը ես համարում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամական ժեստը Ժողովրդավարական Հայաստանին, նշել ԱՄՆ աջակցությունը մեր պետականաշինության գործին:

Հայաստանը, Արցախը և համայն հայությունը երախտապարտ են ԱՄՆ Կոնգրեսի և Կալիֆորնիայի ներկայացուցիչների պալատի այն անդամներին, ովքեր իրենց ազնիվ ու անաչառ գործունեությամբ մեծապես նպաստել են հայ-ամերիկյան բարեկամական կապերի զարգացմանը: Երախտագիտություն ենք հայտնում Կալիֆորնիայի նահանգի Ներկայացուցիչների պալատին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և ապրիլի 24-ը Ցեղասպանության հիշատակի օր հռչակելու համար: Երախտագիտություն ենք հայտնում Լոս Անջելեսի քաղաքապետին և քաղաքային խորհրդին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և Լեռնային Ղարաբաղի ճանաչման համար, քաղաքապետ Էրիկ Գարսեթին մշտապես սատարել է հայ համայնքին և հայ ժողովրդին:

Սիրելի ժողովուրդ,

այսօրվա իմ ելույթն ուզում եմ սկսել մեր մեծերից մեկի՝ Պարույր Սևակի «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում» բանաստեղծության ընթերցումով:

Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։
Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում:
Պարզապես մենք էլ պիտի ընդունենք‚
Որ մե՛նք‚ միայն մե՜նք Արարատ ունենք‚
Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սևանում‚
Երկինքն իր ճիշտ պատճենը հանում:
Պարզապես Դավիթն այստեղ է կռվել:
Պարզապես Նարեկն այստեղ է գրվել:

Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել‚
Քարից շինել ձուկ‚ և թռչուն՝ կավից‚
Ուսուցմա՛ն համար և աշակերտե՜լ
Գեղեցիկի՛ն‚
Բարո՛ւն‚
Վսեմի՛ն‚
Լավի՜ն…

Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում:
Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում
Պարզապես մեր բախտն ուրիշ է եղել‚
Պարզապես շատ ենք մենք արյուն հեղել,
Պարզապես մենք մեր դարավոր կյանքում‚
Երբ եղել ենք շատ
Ու եղել կանգուն‚
Դարձյա՛լ չենք ճնշել մեկ ուրիշ ազգի‚
Ո՛չ ոք չի տուժել զարկից մեր բազկի։

Եթե գերել ենք՝
Լոկ մեր գրքերով.
Եթե տիրել ենք՝
Լոկ մեր ձիրքերով…

Պարզապես մահն էր մեզ սիրահարվել‚
Իսկ մենք ինքնակամ նրան չենք տրվել։

Ու երբ ճարահատ մեր հողն ենք թողել՝
Ո՜ւր էլ որ հասել‚ որտեղ էլ եղել‚
Ջանացել ենք մենք ամենքի՛ համար.
Շինել ենք կամուրջ‚
Կապել ենք կամար‚
Ամե՜ն տեղ հերկել‚
Հասցրել բերքեր‚
Ամենքի՜ն տվել մի՛տք‚ առա՛ծ‚ երգե՛ր՝
Պաշտպանել նրանց հոգևոր ցրտից‚
Ամե՜ն տեղ թողել մեր աչքից՝ ցոլանք‚
Մեր հոգուց՝ մասունք‚
Եվ նշխար՝ սրտից…

Մենք քիչ ենք‚ այո՛‚ բայց կոչվում ենք հայ,
Գիտենք դեռ չանցած վերքերից տնքալ‚
Բայց նոր խնդությամբ ցնծալ ու հրճվել.
Գիտենք թշնամու կողը մխրճվել,
Ու բարեկամին դառնալ աջակից,
Դուրս գալ մեզ արված բարության տակից՝
Մեկի փոխարեն տասը հատուցելով…

Հօգուտ արդարի և արեգակի
Գիտենք քվեարկել մեր կյանքով նաև…
Բայց թե կամենան մեզ բռնի վառել՝
Մենք գիտենք մխա՛լ և կրա՜կ մարել.
Իսկ եթե պետք է խավարը ցրել՝
Գիտենք մոխրանալ որպես վառ կերոն,
Եվ գիտենք նաև մեզ կրքոտ սիրել‚

Բայց ուրիշներին մի՜շտ էլ հարգելով…
Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում‚
Բայց մեզ էլ գիտենք՝
Մեզ հա՜յ են ասում։

Եվ ինչո՞ւ պիտի չհպարտանանք…
Կա՛նք: Պիտի լինե՛նք: Ու դեռ շատանա՜նք:

19,25.I.1961թ.
Երևան

Շնորհակալ եմ:

Այս բանաստեղծությունը շատ պատեհ էր այստեղ կարդալ, այն տողերը հիշու՞մ եք, որտեղ ասվում է. ուր էլ լինենք՝ ջանացել ենք բոլորի համար, շինել ենք կամուրջ, կապել ենք կամար: Երբ շենքի ներսում էինք, քաղաքապետն ինձ պատմում էր, որ ահա այս մուտքի կամարները հեղինակվել, կառուցվել են հայի կողմից և շատ պատեհ էր այստեղ այդ տողերը կարդալը:

Սիրելի ժողովուրդ, այսօր ես եկել եմ այստեղ, որպեսզի շնորհակալություն հայտնեմ Ձեզ և ի դեմս Ձեզ շնորհակալություն հայտնեմ ամբողջ Սփյուռքին: Ես ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել, որ թավշյա հեղափոխության օրերին դուք ամուր կանգնած էիք Երևանի Հանրապետության հրապարակում: Այո, կապ չունի՝ ձեզնից ով էր ֆիզիկապես ներկա այնտեղ, բայց մենք բոլորս Հանրապետության հրապարակում այդ օրերին զգացել ենք ձեր աջակցող շունչը, ձեր հզոր ներկայությունը, ձեր մեծ էներգիան: Դուք և մենք միասին ենք կերտել ժողովրդավարական և ժողովրդական այն հաղթանակը, որը նոր փառք է բերել Հայաստանին և հայ ժողովրդին՝ ի դեմս նրա ցույց տալով մի երկիր և ժողովուրդ, որը պատրաստ է և վերցրել է շատերի կարծիքով անկում ապրող ժողովրդավարության դրոշը: Այսօր ամբողջ աշխարհը Հայաստանին համարում է ժողովրդավարության հույս և այդ հույսը նաև դուք եք կերտել:

Եվ ուզում եմ երկրորդ շնորհակալությունը հայտնել Սփյուռքին, որովհետև մենք այսօր նշելով Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձը՝ պետք է հստակ ասենք, որ անկախ Հայաստանը չէր կարող ոտքի կանգնել առանց Սփյուռքի անգնահատելի և ամենօրյա աջակցության: Սփյուռքը կանգնել է Հայաստանի մեջքին, Սփյուռքը պահել է Հայաստանը, Սփյուռքը սնել է Հայաստանը: Եվ ես ուզում եմ այսպիսի մի կարևոր արձանագրում անել. Հայաստանի անկախացումից հետո շատ քաղաքացիներ ստիպված են եղել արտագաղթել Հայաստանից և այս երևույթին բնականաբար Հայաստանը, մենք բոլորս շատ ցավոտ ենք վերաբերվել, բայց այսօր այստեղ կարծում եմ՝ պետք է շատ կարևոր խոստովանություն անել. շատերը Հայաստանից հեռացել են, արտագաղթել Ռուաստան, ԱՄՆ, Եվրոպա ոչ թե հաճույքով, ոչ թե ուզելով, այլ արտագաղթել են, որպեսզի այստեղ աշխատեն և Հայաստանում մնացած իրենց հարազատներին ու հայրենակիցներին աջակցեն, որպեզի նրանք հաղթահարեն դժվարությունները: Սա պետք է խոստովանել:

Ուզում եմ Սփյուռքին շնորհակալություն հայտնել արցախյան ազատամարտին ցուցաբերած հսկայական աջակցության համար: Գիտե՞ք, երբեմն հարց է տրվում, թե ի՞նչով և ի՞նչպես է Սփյուռքը աջակցել արցախյան ազատամարտին: Ցավոք կամ բարեբախտաբար իրավիճակն է այդպիսին. այդ աջակցության հսկայական մասն այնպիսին է, որ դրա մասին ընդունված չէ և պետք չէ բարձրաձայն խոսել, բայց պետք է շատ հստակ արձանագրել, որ արցախյան ազատամարտը, Արցախում կրած հաղթանակը նույնպես անհնար կլիներ առանց Սփյուռքի հսկայական աջակցության: Եվ ես ուզում եմ սա նունպես շատ հստակ արձանագրել՝ վստահություն հայտնելով, որ Սփյուռքն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է կանգնած մնալ ազատ Արցախի թիկունքին, Հայաստանի Հանրապետության թիկունքին:

Անկախության առաջին շրջանում, իսկապես այն հումանիտար աջակցությունը, որ ցուցաբերվում էր՝ հսկայական նշանակություն ունեցավ, բայց որից հետո եկավ Սփյուռքի վերաբերմունքի հաջորդ կարևորագույն փուլը և Սփյուռքի ներկայացուցիչները Հայաստանում կամաց-կամաց սկսեցին մտածել զարգացման ծրագրեր իրականացնելու մասին: Եվ ես ուզում եմ հստակ արձանագրել այն հսկայական ծառայությունը, որ Հայաստանում տարբեր ծրագրեր իրականացնելով մատուցել են «Հայաստան» համահայկական հիմնադրամը, «Հայ բարեգործական ընդհանուր միությունը», «Հայ օգնության ֆոնդը», «Հայ օգնության միությունը», «Հայ դատի հանձնախումբը», «Ամերիկայի հայկական համագումարը» և այլ կազմակերպություններ:

Այդ կազմակերպությունների աջակցությամբ Հայաստանում և Արցախում կառուցվել են հարյուրավոր կիլոմետրերի ճանապարհներ, վերանորոգվել հարյուրավոր դպրոցներ, ֆինանսավորվել հարյուրավոր կրթական ծրագրեր: Ես ես ուզում եմ այս համատեքստում գնահատանքի խոսք ասել նաև մեր ավանդական կուսակցություններին՝ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությանը, Ռամկավար Ազատական կուսակցությանը, Հայ Յեղափոխական Դաշնակցությանը, որոնց գործունեությունը նույնպես հսկայական աջակցություն է եղել Հայաստանին:

Ուզում եմ ընդգծել նաև Հայ Առաքելական եկեղեցու Սփյուռքում գտնվող թեմերի աջակցությունը, Հայ Ավետարանական եկեղեցու և Հայ Կաթոլիկ եկեղեցու աջակցությունը: Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը մեծապես գնահատում են ձեր աջակցությունը և ես ուզում եմ, որ մենք բոլորս ծափահարենք այս բոլոր կազմակերպություններին, որոնք միշտ եղել են Հայաստանի և Արցախի կողքին: Ուզում եմ առանձնահատուկ նշել Քըրք Քըրքորյանի, «Լինսի» հիմնադրամի ցուցաբերած շրջադարձային աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը: «Լինսի» հիմնադրամի միջոցներով Հայաստանի ճանապարհային ցանցը բերվել է նորմալ վիճակի, նորոգվել են տասնյակ դպրոցներ, տասնյակ մշակութային օջախներ, որոնք գտնվում էին քայքայման եզրին:

Եվ այդ աջակցությունն իսկապես անգնահատելի դեր է ունեցել երրորդ հանրապետության պատմության մեջ: Եվ ուզում եմ առանձնահատուկ նշել Քըրք Քըրքորյանին, Շարլ Ազնավուրին, որոնց աջակցությունն այսօր էլ ջերմացնում է մեր ժողովրդին, այսօր էլ ջերմացնում է մեզ բոլորիս: Նշածս կազմակերպություններից բացի Հայաստանի Հանրապետությանն աջակցություն են ցուցաբերել հազարավոր անհատներ՝ տասնյակ, հարյուրավոր գյուղերի, ընտանիքների, անհատների ցուցաբերելով աջակցություն, որպեսզի նրանք հաղթահարեն այն դժվարությունները, որոնց առաջ կանգնած են:

Այս ամենն ընդգծում եմ՝ արձանագրելու համար Սփյուռքի՝ Հայաստանի նկատմամբ տածած վերաբերմունքի և քաղաքականության փոփոխությունը և էվոլյուցիան, ցույց տալու համար, որ ժամանակի ընթացքում արդարացված կերպով և անհրաժեշտաբար Սփյուռքը Հայաստանը զուտ հումանիտար օգնության օբյեկտ դիտելու փոխարեն սկսել է ավելի ու ավելի շատ դիտել որպես զարգացման մի համահայկական նախագիծ: Եվ ահա այս տրամաբանության և տրամադրության վերջին ամենակարևոր արտահայտություն է դառնում Հայաստանի և հայ ժողովրդի համար շրջադարձային նշանակություն ունեցող իրադարձությունը, որը ես համարում եմ Թումո կենտրոնների և smart center-ների բացումը, որոնք տեղի են ունենում հիմնականում Սփյուռքի ներդրումների միջոցով:

Ես այս դինամիկան ցույց եմ տալիս՝ հույս ունենալով, որ ահա այսօրվա մեր հանդիպումը կնշանավորի մի նոր փուլի մեկնարկը, երբ Հայաստանն այլևս չի դիտվում որպես հումանիտար օգնության օբյեկտ, որովհետև այսօր Հայաստանի Հանրապետությունում հաստատված է ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն, Հայաստանի Հանրապետությունում իշխում է հպարտ քաղաքացին և Հայաստանի քաղաքացին պիտի ամեն օրվա հետ ավելի մեծ հնարավորություն ունենա ոչ թե գոյատևել հումանիտար աջակցությունների շնորհիվ, այլ սեփական բարեկեցությունը կերտել արդար, օրինական, քրտնաջան աշխատանքով, իր տաղանդով:

Երեկ Գյումրիում մենք իրականացրեցինք մի աննախադեպ մրցանակաբաշխություն, որն անվանել ենք «Մեր ժամանակի հերոսը», ցույց տալու համար, որ այսօր Հայաստանում այո կա հնարավորություն, որ մարդն իր ազնիվ աշխատանքով վաստակի իր հացը: Մեր հիմնական ասելիքը պետք է լինի հետևյալը, որ նոր ժամանակներն աշխատանքի, արարման, ստեղծագործելու ժամանակներն են, որ մենք մեր հույսը դնում ենք հայ ժողովրդի աշխատասիրության, տաղանդի վրա, որտեղ հայ ժողովրդի բարեկեցությունն ամեն օրվա հետ մեծանում է, բազմապատկվում է, կրկնապատկվում է: Եվ գիտե՞ք, սա ընդամենը միֆ չէ:

Ես նոր ասացի, որ 2000-ականների սկզբին, այո, Հայաստանի ճանապարհային ցանցը վերանորոգվեց Քըրք Քըրքորյանի նվիրաբերությունների շնորհիվ: Եվ այն ժամանակներում Հայաստանն իրոք գուցե ի վիճակի չէր հոգալ սեփական ճանապարհների և ենթակառուցվածքների որակը: Բայց ես ուզում եմ ասել, որ հեղափոխությունից հետո մեկ տարի անց՝ այսօր, Հայաստանի կառավարությունն ի վիճակի է իրականացնել նույնքան մասշտաբային ծրագրեր Հայաստանի Հանրապետությունում, որքան իրականացրել է «Լինս»-ի հիմնադրամը: Մենք, այո, առաջիկա տարիներին Հայաստանում նորոգելու ենք հազարավոր կիլոմետրերի ճանապարհներ, նորոգելու ենք դպրոցներ, կառուցելու ենք մանկապարտեզներ: Բայց սա չի նշանակում, որ սփյուռքն անելիք չունի, հակառակը, ես ուզում եմ ասել, որ եկել է ժամանակը, որ սփյուռքի ներդրողները ևս մի քայլ անեն և մտածեն Հայաստանի Հանրապետությունում տնտեսական ներդրումներ անելու, Հայաստանում շահույթ ստանալու, Հայաստանում հարստանալու և Հայաստանը հարստացնելու մասին:

Ես հույս ունեմ, որ այսօրը հենց դա է նշանավորելու, որ այն սփյուռքը, որն աջակցել է Հայաստանին հասնելու այս կետին, երբ մենք մեր ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արդյունքում իրավունք ունենք համարվել աշխարհում ժողովրդավարության լիդերներից մեկը, հույս ունենք, որ ինչպես Սփյուռքը կանգնեց Հայաստանում տեղի ունեցող քաղաքական հեղափոխության կողքին, այնպես էլ Սփյուռքը կկանգնի Հայաստանում տեղի ունեցող տնտեսական հեղափոխության կողքին: Եվ ես ուզում եմ Սփյուռքի բոլոր գործարարներին հրավիրել Հայաստան, որովհետև այսօրվա Հայաստանում դուք չեք հանդիպի այն խոչընդոտներին, որոնք կային նախկինում: Հայաստանից արմատախիլ է արված համակարգային կոռուպցիան: Հայաստանում վերացված է մենաշնորհների և օլիգարխիայի իշխանությունը: Հայաստանում հաղթահարվում է ստվերային տնտեսությունը: Միջազգային բոլոր կազմակերպությունները Հայաստանի վերաբերյալ հանդես են գալիս ավելի ու ավելի լավատեսական տնտեսագիտական գնահատականներով՝ ավելի ու ավելի մեծացնելով տնտեսական աճի կանխատեսումները Հայաստանի վերաբերյալ:

Եվ ես ուզում եմ, այո, շատ հստակ արձանագրել, որ Հայաստանի տնտեսության զարգացման այսօրվա տեմպերը մեզ թույլ են տալիս ասել, որ մենք միասին տնտեսական թռիչք հարուցելու հնարավորություն ունենք և այս վճռական պահին ես հույս ունեմ, որ Սփյուռքը, հատկապես Սփյուռքի երիտասարդությունը, երիտասարդ գործարարները, startup-եր ստեղծող մեր հայրենակիցներն իրենց ուշադրությունը կկենտրոնացնեն Հայաստանի վրա և իրենց գործունեությամբ կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն՝ իրենց նախնիների և իրենց հայրենիք:

Սիրելի հայրենակիցներ,

օգոստոսի 5-ին Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքում ես խոսեցի համահայկականության գաղափարի մասին: Համոզված եմ՝ ձեզնից շատերը, եթե ոչ բոլորը, հետևել են այդ իրադարձությանը և ես չեմ ուզում կրկնել այն ամենը, ինչ ասել եմ այնտել, այլ ուզում եմ ավելացնել:

Ի՞նչ է նշանակում համահայկականության գաղափարը: Սա նշանակում է, որ աշխարհի բոլոր հայերն առանց կտրվելու իրենց առօրյայից, իրենց կյանքից, իրենց գործունեությունից պետք է արձանագրեն և կամք ցուցաբերեն գործել ի շահ Հայաստանի և Արցախի:

Ուզում եմ ընդգծել, որ իմ այս խոսքն ուղղված է ամբողջ Սփյուռքին՝ Ամերիկայում, Եվրոպայում, Ասիայում: Ի՞նչ է սա նշանակում գործնականում: Սա ամենևին չի նշանակում գործել ընդդեմ իրենց բնակության վայր հանդիսացող երկրի և հօգուտ Հայաստանի: Իմ ասածը պետք է արտահայտվի նրանում, որ այդ երկրներում ապրող մեր հայրենակիցներն իրենց ջանքերը պետք է գործադրեն այդ երկրների և Հայաստանի միջև բարեկամական կապերի ամրապնդմանը, Հայաստանի նոր ընկալման հանրահռչակմանը և քարոզչությանը նպաստելու համար: Այո, ինչպես մենք միասին կերտել ենք Հայաստանի նոր իմիջը, այդպես էլ պետք է շարունակենք Նոր Հայաստանի հանրահռչակումը կամ ինչպես ընդունված է ասել՝ promotion-ը: Ձեզնից շատ շատերն այսօր էլ, միշտ են այդպես եղել իրենց ողջ կյանքի և գործունեության ընթացքում, բայց ես հույս ունեմ, որ ձեզնից յուրաքանչյուրը, աշխարհի յուրաքանչյուր հայ, աշխարհի 10 մլն հայությունը կդառնա Հայաստանի, թույլ տվեք այդպես էլ ասել, promoter-ը, որովհետև Հայաստանը բոլորիս երկիրն է և Հայաստանը մեր բոլորի հայրենիքն է: Եվ ես հույս ունեմ, որ Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո հայ երիտասարդության շրջանում կաճի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ:

Ինձ ասել են, որ այդ երևույթն արդեն տեղ ունի, հարյուրավոր, հազարավոր հայեր, հայ երիտասարդներ Ամերիկայում, ամենուր, որոնք նույնիսկ հայերեն սկսել էին չխոսել, հեղափոխությունից հետո սկսել են ավելի շատ հետաքրքրվել իրենց հայրենիքով, իրենց ինքնությունով ու իրենց պատմությամբ: Եվ մենք ցանկանալով երիտասարդության ուշադրությունը հրավիրել այս նոր իրավիճակի վրա՝ մի այսպիսի ասացվածք կամ կարգախոս ենք մտածել, ասելով, որ սիրելի հայրենակիցներ՝ հայ լինելը հետաքրքիր է, և մենք իրար հետ պետք է հայ լինելն ավելի ու ավելի հետաքրքիր դարձնենք, որովհետև հայ լինելն իսկապես հետաքրքիր է՝ հայ ժողովուրդը ոչ միայն մեծ անցյալ ունի, ոչ միայն մեծ ներկա ունի, այլև շատ ավելի մեծ ապագա ունի և մենք այսօր իրար հետ կերտում ենք այդ ապագան:

Եվ ես ուզում եմ խոսել մեծ հայրենադարձության գաղափարի մասին: Այսօր էլ արդեն բազմաթիվ հայեր վերադառնում են Հայաստան: Մենք այսօր վիճակագրություն հրապարակեցինք: Դա ժամանակ առ ժամանակ արվող վիճակագրություն է: Ժողովուրդ, 2015 թվականի համեմատությամբ Հայաստանի սահմանահատումնբերի դրական սալդոն աճել է 32 անգամ: Բայց ես ուզում եմ խոսել մեծ հայրենադրձության մասին՝ ասելով, որ ապրել Հայաստանում չի նշանակում միայն ֆիզիկապես ապրել Հայաստանում: Ապրել Հայաստանում նշանակում է նաև ապրել Հայաստանով և ես համարում եմ, որ ձեզնից շատերը միշտ էլ ապրել են Հայաստանում և այսօր էլ ապրում են Հայաստանում, որովհետև ես տեսնում եմ և գիտեմ, որ դուք ապրում եք Հայաստանով և դա է ամենակարևորը:

Բայց մյուս կողմից ես ուզում եմ ասել, որ ապրել Հայաստանում չի նշանակում տարին 12 ամիս ֆիզիկապես գտնվել Հայաստանում: Ընդհանրապես, 21-րդ դարում որևէ երկրում ապրել չի նշանակում տարին 12 ամիս անընդհատ ֆիզիկապես գտնվել նույն տեղում: Ժամանակակից աշխարհն այնպիսին է, որ բազմաթիվ մարդիկ, առավել ևս հաջողակ մարդիկ տարվա մեծ մասն անցկացնում են ճամփորդությունների մեջ:

Եվ ես ուզում եմ մի ուղերձ հղել մեր հայրենակիցներին. մեծ հայրենադարձություն նշանակում է նաև, օրինակ, տարվա ընթացքում անպայման մեկ ամիս, երկու ամիս ֆիզիկապես գտնվել և ապրել Հայաստանում: Այսօր Հայաստանում և Երևանում անշարժ գույքի գներն էականորեն աճում են: Երևանում, Հայաստանում տուն ունենալը նշանակում է շատ լավ և հուսալի ներդրում անել: Դիմում եմ նրանց, ովքեր դեռևս տուն չունեն Հայաստանում՝ յուրաքանչյուր հայ պետք է տուն ունենա Հայաստանում: Հայրենադարձությունը նշանակում է բիզնես ունենալ Հայաստանում, և ամենակարևորը՝ ունենալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Յուրաքանչյուր հայ պետք է ունենա Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Եվ ուզում եմ ավելի դետալացված առաջարկ անել բոլոր ներկաներին. ցավոք սրտի երկար տարիների ընթացքում ավանդույթ է ձևավորվել, որ Նոր տարին, Սուրբ ծնունդը շատ հայաստանցիներ նշում են Հայաստանից դուրս: Մենք այսօր կառավարությունում, Երևանի քաղաքապետարանում մտածում ենք, որ այս տարի Նոր տարին պետք է բացառիկ շունչ և մթնոլորտ ունենա Հայաստանում և Երևանում:

Երևանը սովորաբար Ամանորին բավականին դատարկված է լինում, և մենք ուզում ենք այնպես անել, որ այս տարվա Ամանորին Երևանի փողոցները և հրապարակները լիքը լինեն Ամանորը, Սուրբ Ծնունդը նշող մարդկանցով: Սովորաբար Երևանի կենտրոնում ռեստորաններն ամանորյա օրերին փակ են լինում, միջոցառումներ չեն լինում: Հիմա մենք մի հսկայական ծրագիր ենք իրականացնում, որպեսզի բոլորիդ հրավիրենք: Այս տարին Սփյուռքը Նոր տարին, Ամանորը նշում է մայրաքաղաք Երևանում:

Սիրելի ժողովուրդ,

եթե դուք հետևել եք, համոզված եմ, որ հետևել եք, ես խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում անընդհատ ասում էի, որ մեր խնդիրն է հաղթահարել փոքր ժողովրդի բարդույթը, որովհետև ես համարում եմ, որ իրոք հայ ժողովուրդը փոքր ժողովուրդ չէ: Եվ սա, թերևս, իմ այսօրվա ամենակարևոր ասելիքն է, որ պետք է ասեի հենց այստեղ, հենց այս միջավայրում:

Ես ուզում եմ, որ մենք միասին արձանագրենք՝ Հայաստանն այլևս փոքր երկիր չէ՝ ոչ թե այն պատճառով, որ այս ընթացքում Հայաստանի տարածքը որևէ փոփոխություն է կրել, այլ այն պատճառով, և ես հույս ունեմ, որ դուք հիմա ձեր արձագանքով դա կհաստատեք, որ Հայաստանն այլևս ներկայացնում է ոչ միայն Հայաստանի բնակչությանը, այլ ամբողջ հայությանը, ամբողջ 10 միլիոնանոց հայությանը: Եվ սա է մեր ամենակարևոր ուղերձը, որովհետև Հայաստանը փոքր երկիր չէ, որովհետև հայ ժողովուրդը փոքր ժողովուրդ, այո՛, չէ: Հայ ժողովուրդը հաղթանակած, հերոս, տաղանդավոր, քաղաքակրթություն ստեղծած և ինչպես Սևակի բանաստեղծության մեջ է ասված՝ միտք տվող ժողովուրդ է: Եվ այո՛, մենք շատ, շատ դժվար պատմություն ենք ունեցել: Երբեմն մենք հասել ենք ընդհուպ կործանման եզրին, բայց մենք վերապրել ենք ցեղասպանությունը, մենք վերապրել ենք գաղթը, մենք վերապրել ենք պատերազմները, մենք վերապրել ենք սովը, մենք վերապրել ենք աշխարհքաղաքական փլուզումներ, և մեր այս սերնդի ամենակարևոր առաքելությունը մեր ժողովրդի մեծությունը վերականգնելը, մեր ժողովրդի մեծությունն աշխարհին և, առաջին հերթին, ինքներս մեզ ի ցույց դնելն է:

Սա է այսօր աշխարհում ապրող յուրաքանչյուր հայի ամենամեծ առաքելությունը, և եկեք պայմանավորվենք, որ մենք անմնացորդ նվիրվելու ենք այդ առաքելությանը և ինքներս մեզ համար, մեր սերունդների համար, մեր նախնիների համար վերականգնելու ենք Հայաստանի տնտեսական, քաղաքական, գիտական, մշակութային մեծությունը: Եվ սա մեր ամենակարևոր առաքելությունն է:

Իհարկե Պարույր Սևակից հետո մի փոքր մեծամիտ է հնչում, բայց ուզում եմ ձեզ ներկայացնել իմ գրած մեկ այլ բանաստեղծություն, որը գիտեմ, որ կարդացել եք:

Հայաստան

Հայաստանը մի երկիր է, ուր ճամփեքն են մոլորվում,
Խորովածի կրակի շուրջ ընկերներն են բոլորվում,
Հայաստանը մի երկիր է, ուր աշունը ջինջ է, տաք,
Ու շողում են խաղողի մեջ գինիները անապակ:

Հայաստանը մրգաստան է, այգեստան է ծիրանի,
Չոր լավաշով լի մառան է, զնգուն զանգ է զնդանի,
Հայաստանը յարխուշտա է, քոչարի է, հորովել,
Զուռնա-դհոլ, թառ ու դուդուկ, անցյալում կորած ծովեր:

Հայաստանը ինքնություն է, վառ օջախ է հայրական,
Ում տենչում ես, երբ պարտվել ես, կամ հերոս ես հաղթական,
Հայաստանը ժողովուրդ է, ընտանիք է աղմկոտ,
Քրոջ պսակ, եղբոր արցունք, մայրական անշեջ կարոտ:

Հայաստանը Թումանյան է, Թամանյան է, Կոմիտաս,
Արամ Մանուկյան, Սարյան է, Համբարձումյան է, Մինաս,
Հայաստանը Տիգրան Մեծ է, Սուրբ Մաշտոց է ու Նարեկ,
Պապ թագավոր, Ձենով Օհան, Խորենացի, Դավիթ Բեկ:

Հայաստանը Նորավանք է, Գանձասար է, Ախթամար,
Նահատակ ֆիդայիններ են, որ ընկան երկրի համար,
Հայաստանը Երևան է, Արտաշատ, Դվին, Անի,
Հայաստանը պատմություն է, որ ոչ վերջ, ոչ սկիզբ ունի:

Եվ ուրեմն կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, կեցցեն՛ք մենք և մեր երեխաները, որ ապրում են և ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում:

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Շնորհակալ եմ»:

Ողջույնի ելույթներով են հանդես եկել նաև Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին, Կալիֆորնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսը, ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, Նահանգային սենատի անդամ Էնթոնի Պորտանտինոն, Նահանգային ասամբլեայի անդամ Ադրին Նազարյանը և Լոս Անջելես մարզի կառավարիչ Քեթրին Բարգերը։

Տեսանյութեր

Լրահոս