Բաժիններ՝

Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել է երկրում սիրիացի փախստականների թվի աճի մասին

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Թուրքիայում ժամանակավորապես բնակություն հաստատած սիրիացի փախստականների թիվը անցել է 3 մլն 600 հազարը:

Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» լրատվամիջոցը:

Նախարարը հայտնել է նաև, որ իրենց կողմից Սիրիայի հյուսիսում իրականացված «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունների արդյունքում Սիրիայում ստեղծված անվտանգ շրջաններ մինչ օրս վերադարձել է 354 հազար սիրիացի:

Նա նշել է, որ այս տարվա ընթացքում ավելի քան 270 հազար ապօրինի միգրանտ է փորձել մուտք գործել Թուրքիա:

Թուրքիան Սիրիայի հյուսիսային շրջանները «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից մաքրելու պատրվակով 2016-2017 թվականների ընթացքում իրականացրել է «Եփրատի վահան» անունը կրող ռազմական գործողությունները, որի շրջանակներում հարվածներ են հասցվել Սիրիայի քրդերին: Գործողությունները սկսվել էին սահմանային Ջերաբլուս քաղաքից, ապա թուրքական զորքերը մտել էին Էլ-Բաբ: Ավելի ուշ՝ 2018 թվականին, նույն պատրվակով թուրքական բանակը ռազմական գործողություններ էր սկսել Աֆրինի շրջաններում, որը ստացել էր «Ձիթենու ճյուղ» անվանումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս