«Վարչապետը սկսել է իր անձնիշխան համակարգի ձևավորման գործընթացը». Արմեն Բադալյան
«Մի հարց կա, որը քննարկվեց ու այդպես էլ բաց մնաց. դա հուլիսի 5-ին տեղի ունեցած հոսանքազրկումն էր: Խոստացան, որ մեկ ամիս հետո պատասխանը տրվելու է: Օգոստոսի 5-ին պետք է ասեին, թե ինչո՞ւ Հայաստանում 5 ժամ հոսանք չկար: Այս հարցը ծածկադմբոց արվեց»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
«Մյուս հարցն էլ երրորդ նախագահի շրջապատի, ընտանիքի անդամների ակտիվացումն է՝ կապված որոշ հարցերի հետ: Տեսակետ հնչեց Սերժ Սարգսյանին ձերբակալելու մասին, իշխանության՝ դեպի ընդդիմություն գնալու ու տեղ չհասնելու, ընդդիմության՝ դեպի իշխանություն գնալու ու կեսճանապարհին մնալու, գեներալների՝ մեր հերոսները լինելու ու չկալանավորելու մասին:
1.5 տարի առաջ, երբ տեղի ունեցան ապրիլ-մայիսյան իրադարձությունները, հասարակությունը մերժեց երրորդ նախագահին, ի՞նչ է դա տրամաբանորեն ենթադրում. կուսակցության ղեկավարը, ում հասարակությունը մերժել է, ինքը հրաժարական է տալիս և հեռանում, կուսակցությունում ընտրվում է այլ ղեկավար, որը սկսում է կուսակցության ռեբրենդինգը, որպեսզի ապագա քաղաքական գործընթացներին կարողանան ակտիվ մասնակցել: Դա տեղի չունեցավ:
Հարց՝ ինչո՞ւ ՀՀԿ ղեկավարը հրաժարական չտվեց և թույլ չտվեց կուսակցության ռեբրենդինգը: Դեկտեմբերի 9-ին՝ Ազգային ժողովի ընտրություններ. անգամ այն կուսակցությանը, որի ղեկավարին մերժել էին, չհերիքեց 4000 ձայն, որ մտնեն ԱԺ: ՀՀԿ-ից ոմանք ցանկություն հայտեցին գնալ տեղամասեր. եթե քերեին մի քիչ, այդ 4000 ձայնը կհավաքեին: 2000 տեղամաս էր, ամեն տեղ 2 ձայն էր պետք: Կուսակցության ղեկավարը թույլ չտվեց՝ ինչո՞ւ: Եթե կուսակցության ղեկավարը փոխված լիներ, ապա 4000 ձայնը կլիներ, ու ՀՀԿ-ն կմտներ խորհրդարան: Ինչո՞ւ կուսակցության ղեկավարն ամեն ինչ արեց, որ կուսակցությունը չմտնի խորհրդարան: Ցուցակը գլխավորող 5-6 հոգին այնպիսի պոտենցիալ ունեն, որ, եթե հունվար-փետրվար ամիսներին շատ բան չկարողանային անել, հիմա կարող էին:
Գանք մյուս հարցերին՝ ինչո՞ւ է սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվում Երկրորդ նախագահը. վարչապետը դրա մասին տեղյա՞կ չէր, ընդհանրապես չի՞ լսել: Ինչո՞ւ նա որևէ կարգավիճակ չունի: Ինչո՞ւ այդքան տարի թմբկահարված փայ մտնելու գործընթացի մեջ այդ դատական գործընթացը տեղից չի շարժվում: Երրորդ նախագահի մտերիմ ազգականի՝ մարդու առևանգման հետ կապված դատական գործընթաց է տեղի ունենում, դա ի՞նչ ընթացք ունի: Ինչո՞ւ նույն եռանդով այն տեղի չի ունենում:
Իշխանությունները, որ եռանդով ՌԴ-ից պահանջում են հետ հանձնել Միհրան Պողոսյանին, ինչո՞ւ ձայն չկա Երրորդ նախագահի շրջապատի մեկ այլ բարեկամի մասին, ով Գոնսալեսի անուն-ազգանունով գտնվում է Չեխիայում, և նրան հետ հանձնելու մասին կարծես թե ձայն չկա. ինչո՞ւ: Ինչո՞ւ Երրորդ նախագահը 1.5 տարվա ընթացքում գոնե մեկ անգամ չգնաց Մոսկվա՝ հանդիպելու Միհրան Պողոսյանին և հրապարակային աջակցություն հայտնելու, այսպես ասած՝ անիմաստ տեղը քաղաքական հալածանքի ենթարկվող այդ գործչին:
Մյուս հարցը՝ եթե ժողովուրդն առավոտից երեկո Հայաստանում միայն բանան ուտի, հնարավո՞ր է 800 միլիոն դոլար հետ գցել: Հայտնի է, որ գործարարները Պանամայի հետ կապված միայն այդքան գումար ունեին: Հարց՝ բա դա ո՞ւմ փողն է, հաստատ բանանի մենաշնորհից այդքան գումար չի լինի: Հարցեր կան՝ կապված հեղափոխության, ինքնափոխության և այլ շատ կողմերի հետ: Այս պահի դրությամբ պայմանավորվածությունները ոնց որ թե պահպանվում են»,- հարցերի շարանը ներկայացնելով՝ հավելեց քաղտեխնոլոգը:
Արմեն Բադալյանը նշեց, որ տեսնում է՝ վարչապետը սկսել է իր անձնիշխան համակարգի ձևավորման գործընթացը:
«Եթե փող չունես ու Լուկաշենկոն չես, ապա այդ համակարգը չես կարող ստեղծել: Երեք ինստիտուտ կա, որ չի մտել այդ բրգաձև համակարգ, դա ՍԴ-ն է, Արցախի իշխանական համակարգը, լրատվամիջոցները: Այս երեքն են, որ դեռևս հսկողությունից դուրս են գտնվում, և փորձ է կատարվում հիմա ՍԴ-ն գոնե մտցնել այդ համակարգ՝ ոչ թե ժողովրդավարության, այլ՝ անձնիշխան համակարգի համար: Սուպեր վարչապետի ինստիտուտը սպասարկում էր քրեաօլիգարխիայի շահերը, իսկ գործող վարչապետը քրեաօլիգարխիայի շահերը հեռացրեց, բայց բուրգը պահպանեց, որը սովոր է շահ սպասարկել: Բոլոր բացասական երևույթները, որ կան, դրանք նախկին համակարգի այսօրվա copy past-ն է: Երեկ հանրապետականներն էին ասում՝ մեր դեմ խաղ չկա, այսօր նույնն ասում են «Իմ քայլի» ներկայացուցիչները: Նույնն է նաև ընդդիմության նկատմամբ մեծամիտ վերաբերմունքը»,- նկատեց քաղտեխնոլոգը:
Անի Կարապետյան