««Բ խմբի» մնացորդները փորձում են խաբեությամբ Թրամփին ներքաշել պատերազմի մեջ». Իրանի ԱԳ նախարար
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին փորձում են պատերազմի մեջ ներքաշել Մերձավոր Արեւելքում: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
Իրանի ԱԳ նախարարն այդպես է արձագանքել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի արած այն հայտարարությանը, որ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա գրոհը, որում Վաշինգտոնը կասկածում է Թեհրանին, «պատերազմի ակտ է»:
«Պատերազմի ակտ» կամ քարոչզություն հօգուտ պատերազմի՞: «Բ խմբի» մնացորդները փորձում են խաբեությամբ Թրամփին ներքաշել պատերազմի մեջ: Հանուն իրենց իսկ բարօրության նրանք պետք է աղոթեն, որ չստանան այն, ինչին ձգտում են»,-գրել է Զարիֆը Twitter-ում:
Զարիֆը «Բ խումբ» է համարում մի շարք քաղաքական գործիչների միավորումը, որոնց թվում են ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը եւ Արաբական Միացյալ Էմիրությունների գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Զայիդ բեն Նահայյանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: