«Խնդրում եմ արձանագրեք, որ նախարարներն այլ ելքերով փախել են»
Արդեն մոտ 5 ժամ է՝ Արցախյան հերոսամարտից մինչև օրս զոհված զինծառայողների ընտանիքների անդամները Կառավարության առջև ցույց են անում։ Նրանց Կառավարությունից դեռ ոչ ոք չի մոտեցել։
Ակցիային միացած Ապրիլյան պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը խնդրեց արձանագրել, որ Կառավարության նիստ էր ընթանում, և բոլոր նախարարներն էլ այնտեղ էին, սակայն ոչ ոք իրենց չմոտեցավ։
«Դուք ֆիքսել եք, ներսում Կառավարության նիստ էր, բոլոր նախարարներն այնտեղ էին, խնդրում եմ արձանագրեք, որ նրանք այլ ելքերով փախել են։ Այստեղ միայն ծնողներ են, Կառավարության անդամները երևի ավելի կարևոր գործեր ունեն, բայց չի կարող ավելի կարևոր գործ լինել, քան այն տղաների ծնողներին լսելը, ովքեր ծառայության ընթացքում մահացել են։ Հասկանում ենք, որ վարչապետը զբաղված է, Կառավարությունից միայն մեկն իջել է ու նամակը ներս տարել, բայց ոչ մի նախարար չի մոտեցել, ասել՝ ի՞նչ եք ուզում, ծնողներ ջան։ Ֆիքսեք այս մարդկանց տարիքները, նրանցից յուրաքանչյուրը ցանկացած պահի կարող է վատ զգալ, իսկ նրանք արևի տակ կանգնած են: Լավ, մեկը չկա՞՝ գա, ներս հրավիրի, ասի՝ եկեք գնանք, նստենք, ձեր հարցը քննարկենք»։
Կառավարության շենք է փորձում մտնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Նրան ներս չի թողնում Կառավարության շենքի դիմաց նստացույց անող Մարգարիտա Խաչատրյանը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ