Բաժիններ՝

«Քաոս»-ը և «Պատվից առավել»-ը «ՏԷՖԻ-Համագործակցություն» հեռուստափառատոնի հաղթողների թվում են

«ՏԷՖԻ-Համագործակցություն» իններորդ միջազգային հեռուստատեսային փառատոնի ժյուրին, որը սեպտեմբերի 18-ին ավարտվել է Քիշնեւում, հայտարարել է դափնեկիրներին եւ պարգեւներ հանձնել լավագույն սերիալների համար: Փակման արարողությանը, որը կայացել է Հանրապետության պալատում, մրցանակներ են ստացել նաեւ Հայաստանը ներկայացնող «Քաոս» եւ «Պատվից առավել» սերիալները:

Մրցանակակիրների թվում են՝ «Սովորական կին» եւ «Տնային կալանք» ռուսական սերիալները, «Ամեն ինչ նորովի» (Լատվիա), «Ավտոդպրոց» (Բելառուս), «Ոչ մի քայլ ետ» (Ուկրաինա), «Վեցերորդ պահակակետը» (Ղազախստան) սերիալները եւ ուրիշներ: Ընդամենը հեռուստափառատոնին ներկայացվել էին 80-ից ավելի սերիալներ:

«Մեզ համար մեծ պատիվ է նման փառատոն կազմակերպելը, հուսով եմ, որ այս իրադարձությունը նոր խթան կհաղորդի մեր երկրում վավերագրական ու գեղարվեստական կինոյի զարգացմանը»,-արարողությանն ասել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, որը հովանավորել է փառատոնի անցկացումը: «Մեր երկրներն ընդհանուր ապագա ունեն, որովհետեւ մենք բոլորս հարեւաններ ենք: Մենք միմյանց ավելի լավ հասկանալու կարիք ունենք, հուսով ենք, որ մեր ֆորումն իր ավանդը կներդնի դրանում»,-նշել է «Ռուսական հեռուստատեսության ակադեմիա» հիմնադրամի նախագահ Ալեքսանդր Ակոպովը, հիմնադրամ, որը «ՏԷՖԻ-Համագործակցություն» հեռուստափառատոնի կազմակերպիչն է:

Փառատոնը հիմնվել է ութ տարի առաջ՝ ԱՊՀ-ի կազմավորման 20-ամյակի տարում: Դրա հիմնական նպատակներն են՝ միասնական տեղեկատվական տարածության ձեւավորումը Համագործակցության երկրների, Վրաստանի եւ Բալթյան երկրների տարածքում, օժանդակումը հեռուստատեսության նորագույն ձեռքբերումների տարածմանը, համագործակցության հաստատումը հեռուստաընկերությունների եւ հեռուստատեսության բնագավառի պրոֆեսիոնալների միջեւ: Այդ տարիների ընթացքում փառատոնն ընդունել են Կիեւը, Աստանան, Մինսկը, Երեւանը, Օդեսան եւ այլ քաղաքներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս