Վենետիկի հանձնաժողովի զեկույցը՝ մեկ ամսում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Վենետիկի հանձնաժողովի չորս անդամները, որոնք Հայաստանում էին այն օրը, երբ ԱԺ մեծամասնությունն սկսեց ՍԴ-ի դեմ դեմարշի նոր փուլը՝ հայտարարելով, որ սկսում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց, Հայաստան են ժամանել ոչ թե ՍԴ-ի` Վենետիկի հանձնաժողովի դիմումի հետքերով, այլ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից իրենց ուղարկված դատական բարեփոխումների փաթեթի:
Հանձնաժողովը բազում հանդիպումներ է ունեցել, նրան ամենաշատը հետաքրքրել է փաթեթում տեղ գտած` ՍԴ դատավորների վաղաժամ թոշակի գնալու (ոմանց բնութագրմամբ` կաշառքի) օրինագիծը։ Նրանք հետաքրքրվել են ընդդիմադիր փորձագետների, ՍԴ-ի վերաբերմունքով, մոտեցումներով:
Հանդիպումների ժամանակ հանձնաժողովի անդամները հիմնականում եղել են լսողի դերում։ Նրանք լսել են ՍԴ-ի, ԲԴԽ-ի, արդարադատության նախարարության տեսակետները, հանդիպել են Արփինե Հովհաննիսյանի, Էլինար Վարդանյանի, ՄԻՊ-ի հետ:
Մեր տեղեկություններով` իշխանությունները չեն ցանկացել, որ հանձնաժողովի անդամները հանդիպեն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ, արել են ամեն ինչ, որ հանդիպումը կայանա ոչ թե նրա, այլ Վահե Գրիգորյանի հետ, չի ստացվել: Ինչ վերաբերում է զեկույցին, այն 1 ամսվա ընթացքում կհրապարակվի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: