«Ապրիլյան պատերազմը քննող հանձնաժողովն ինձ վստահություն չի ներշնչում». Լարիսա Ալավերդյան

«Դիմում եմ վերլուծաբաններին, լուրջ փորձագետներին, քաղաքական, պառլամենտական ուժերին, որ փոքր-ինչ բարձր գնահատեն պատմական հաղթանակն Արցախյան պատերազմում: Չի կարելի թողնել Ադրբեջանի մեղսավորությունն ու այսօր գործընթաց սկսել արցախյան կամ հայաստանյան վերնախավի նկատմամբ՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի շուրջ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

«Բոլորը գիտեն, որ թե՛ նախաձեռնողը, թե՛ պատրաստակամություն հայտնողը՝ սկսել ևս այդպիսի մեկ բան, Ադրբեջանն է: Թողած բոլոր այն միջազգային հարթակները, որտեղ պետք է 2016թ. դեպքերը դարձնեն քաղաքական օրակարգի հարց և պատասխանատվության կանչեն Ադրբեջանին, մենք շատ տարօրինակ խմբով սկսել ենք այլ գործընթաց: Այդ հանձնաժողովն ինձ վստահություն չի ներշնչում: Սա համայն հայության անվտանգության խնդիրն է»,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանը:

«Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրենն անդրադարձավ նաև Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող գործողություններին: «Իրավական պետությունը, կարծում եմ, դեռ 10 տարի մնալու է՝ որպես բաղձալի նպատակ: Ասում են՝ այս օրենքը լավը չէ, ՍԴ-ն լավը չէ: Նոր իշխանությունները ճանաչո՞ւմ են միջազգային իրավունքներն ու նորմերը, որոնցո՞վ են ղեկավարվում: Ես տեսնում եմ, որ արհամարհում են երկրի օրենսդրությունը»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է նորմալ քաղաքական դաշտ ձևավորելուն, Լարիսա Ալավերդյանն ասաց, որ, օրինակ, Քոչարյանի դատավարությունը թույլ չի տալիս, որ դա տեղի ունենա: «Կան այնպիսի հարցեր, որոնք պետք է այնպես անեին, որ անձնավորված չթվային: Այս գործընթացը, հստակ երևում է, որ անձնավորված է: Իսկ սա ավելի վատ է, քան քաղաքականացվածը»:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս