Բաժիններ՝

«Ավելի քան 900 մարդ անգործ է մնացել». «ՍանիՏեքի» աշխատակից

Այսօր «ՍանիՏեք» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել հենց կազմակերպության գրասենյակի առջև: Նրանք պահանջում էին իրենց աշխատավարձերը և աշխատանք: Ասում  են՝ մինչև օգոստոսի 28-ն աշխատել են, հետո էլ՝ մատնվել հարկադիր պարապուրդի:

«Անխտիր բոլորն աշխատանքի են դուրս եկել մինչև օգոստոսի 28-ը: Դրանից հետո մեքենաների վառելիքն ավարտվել է, գումար չլինելու պատճառով չենք կարողացել լիցքավորել ու շարունակել աշխատանքը: Մենք ուզում ենք աշխատանք ունենալ և աշխատել, մեր աշխատավարձերը թող փոխանցեն»:

«ՍանիՏեք» ընկերության աշխատակիցներն իրենց աշխատավարձը պահանջում են ինչպես՝ «ՍանիՏեքից», այնպես էլ՝ Երևանի քաղաքապետարանից, քանի որ իրենց ասել են՝ քաղաքապետարանը գումարը չի փոխանցում, մենք էլ ձեր աշխատավարձերը չենք տալիս:

Ցուցարարները պնդում են՝ ավելի քան 900 մարդ մնացել է անգործ Երևանի քաղաքապետարանի և «ՍանիՏեքի» պայմանագրի պատճառով: Աշխատակիցների հետ հանդիպման էր եկել Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը: Ասում է՝ եկել է «պարտքի ցուցակը» տանելու, որ նիստ գումարեն ու հարցին լուծում գտնեն:

«Ինձ տվեք ձեր 920 աշխատակիցների «պարտքի ցուցակը», ում ինչքա՞ն են պարտք, իրենց մաքուր աշխատավարձերը գրեք տվեք: Ես գնալու եմ Քաղաքապետարան, արտահերթ նիստ գումարեմ, հրավիրեմ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին, Իրավական բաժնի պետին, Կոմունալ վարչության պետին, որ գոնե աշխատակիցների գումարները փոխանցեն բանկին, մարդիկ կարողանան բանկից ստանալ»:

Ակցիային մասնակցում էր նաև «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանը: Նրա պնդմամբ՝ աշխատակիցներն իրենց աշխատավարձերը պետք է պահանջեն հենց քաղաքապետարանից:

«Եթե Քաղաքապետարանի վարձած հիմնարկն իր աշխատանքը չի կատարում, դրա պատասխանատվությունն ընկնում է Քաղաքապետարանի վրա: Քաղաքապետի խնդիրն է՝ ստիպել կազմակերպությանը, որ աշխատի: Հիմա Երևանի քաղաքապետարանը վճարում է հնդիկներին, իսկ մեր հայրենակիցները մնացել են անգործ»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս