«Վալերի Օսիպյանն արդեն Ոստիկանության վետերանների շարքում է». Աշոտ Ահարոնյան
ՀՀ Ոստիկանության պետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Ոստիկանապետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը: Վալերի Օսիպյան այսօր հրաժեշտ է տվել ոստիկաններին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Քիչ առաջ ավարտվել է Ոստիկանության արդեն նախկին պետ Վալերի Օսիպյանի հանդիպումը ոստիկանության ղեկավար կազմի հետ։
«Պարոն Օսիպյանն այսօր շնորհակալություն է հայտնել ոստիկանության բոլոր ծառայողներին համատեղ աշխատանքի համար: Տեղեկացնեմ, որ ՀՀ Ոստիկանության պետի պարտականությունների կատարումը դրված է Ոստիկանապետի 1-ին տեղակալ Արման Սարգսյանի վրա: Օրենքով սահմանված կարգով Ոստիկանության պետը դիմում է գրել և ազատվել աշխատանքից: Պատճառների մասին չի խոսել, հրաժեշտ է տվել Ոստիկանության աշխատակիցներին: Պարոն Օսիպյանը ներկայացրել է մեկ տարվա կատարված աշխատանքը, այն համապետական միջոցառումները, որոնք եղել են ընտիր, և դուք դրա ականատեսն եք եղել»:
Հարցին, թե դժգոհություններ եղե՞լ են, Աշոտ Ահարոնյանը պատասխանեց, որ եղել են, և դա նորմալ է:
«Դժգոհություն միշտ լինում է, եթե կա աշխատանք»:
Ինչ վերաբերում է Վ. Օսիպյանի հետագա քայլերին՝ Աշոը Ահարոնյանն ասաց.
«Պարոն Օսիպյանը հայտնեց, որ ցանկացած պահի, եթե իր կարիքը լինի, իր գիտելիքը, փորձը, պատրաստ է նեցուկ լինել: Նա այսօր արդեն ոստիկանության վետերանների շարքում է»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ