Արդյո՞ք պատահական զուգադիպություն է նշված օրինագծի ի հայտ գալն ու այս օրերին ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի հրաժարականները
ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օրինագիծը սպառնալիք է ժողովրդավարական ազատություններին:
Ազգային Ժողովը քննարկում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը, որով նախատեսվում է ոստիկամապետի և ԱԱԾ տնօրենի պաշտոնները սահմանել որպես քաղաքական պաշտոններ:
Խնդիրն այն է, որ այդ կերպ, իբր, փորձ է արվում նշյալ ծառայությունների գործունեությունը բերել խորհրդարանական վերահսկողության դաշտ՝ ընդհուպ հնարավորություն ընձեռնելով պատգամավորներին հարցերով դիմել այդ կառույցների ղեկավարներին Խորհրդարանում Կառավարության հետ հարց ու պատասխանի նիստի ընթացքում:
Ակնհայտ է, որ այդ հնարավորությունը ստանալու համար այդ կառույցները օրենքով պետք է ընդգրկվեն Կառավարության կազմում որպես հանրապետական կառավարման մարմիններ՝ նախարարություններ և միայն այդ պարագայում դրանց ղեկավարները պարտավոր կլինեն ներկա գտնվելու Խորհրդարանի վերը նշված նիստին:
Մինչդեռ, առանց Կառավարության կառուցվածքի մասին ՀՀ օրենքում նշված փոփոխությունը կատարելու, այդ կառույցների ղեկավարներին օրենսդրորեն ճանաչել որպես քաղաքական պաշտոնյաներ միայն այն հիմքով, որ այդ պաշտոններն իրենց փաստացի բնույթով համեմատական են նախարարների պաշտոնիներին (կառավարման տեսության տեսանկյունից քվազիիրավական և ոչինչ չասող բանաձև, որով հեղինակները հիմնավորում են իրենց առաջարկը) որևէ կապ չունի խնդրո առարկայի հետ և հատկապես Լուսավոր Հայաստան Կուսակցության խմբակցության կողմից նախկինում հայտարարված քաղաքական նպատակին հասնելու առումով:
Ավելին, պետք է ենթադրել, որ օրենքի նախագծի հեղինակները և ԱԺ քաղաքական մեծամասնության պատգամավորները տեղյակ չեն, որ քաղաքական պաշտոնյան դա այն պաշտոնյան չէ, որը որևէ կուսակցության անդամ է (ԱԺ Նախագահ Արարատ Միրզոյանը վերը նշված օրենքի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում պատկերավոր փաստեց, որ նախագծի ընդունման դեպքում մեզանից մեկը վաղը կարող է նշանակվել ԱԱԾ տնօրեն):
Կառավարության անդամները՝ նախարարները, համարվում են քաղաքական պաշտոնյաներ, անշուշտ, ո՛չ այն բանի համար, որ նրանք հանդիսանում են իշխող կուսակցության կամ կոալիցիայի անդամներ (հաճախ նախարարները լինում են նաև ոչ կուսակցականներ):
Ուստի ո՞րն է քաղաքական պաշտոնյա հասկացության հատկանշական բնութագրիչը:
Քաղաքական պաշտոնյան դա այն պաշտոնյան է, որն օրենքով օժտված է սեփական պատասխանատվությամբ քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ:
Այսինքն քաղաքական պաշտոնյայի գլխավոր հայտանիշը այս կամ այն կուսակցության անդամ լինելը չէ: Քաղաքական պաշտոնյան այն պաշտոնյան է, ով իրավասու է ոչ միայն հանրային կյանքի իրեն վերապահված ոլորտում Կառավարության քաղաքականության իրականացման նպատակով քաղաքական որոշումներ կայացնել, այլև ստանձնել այդ որոշումների հետևանքների ողջ քաղաքական պատասխանատվությունը:
Արդյո՞ք ԼՀԿ խմբակցության ներկայացրած օրինագիծը լուծում է այս խնդիրը: Անկասկած ո՛չ:
Փոխարենը բացում է օրենսդրական սողանցք ուժային կառույցների ղեկավար պաշտոններում նշանակումները կատարել ոչ թե անձերի մասնագիտական կարողությունների և զինվորական ծառայական փորձառության, այլ կուսակցական պատկանելիության, իսկ իրականում քաղաքական նվիրվածության հիման վրա:
Նախագծով առաջարկվող մոտեցումը ոչ մի կապ չունի խորհրդարանական վերահսկողության ինստիտուտի հետ և հղի է ուժային կառույցները կուսակցական նեղ քաղաքական նպատակներին ծառայեցնելու վտանգով:
Այս մոտեցումը լուրջ սպառնալիք է ժողովրդավարական ազատություններին և իրավունքի գերակայության հիմնարար սկզբունքին:
Հ.Գ. Այս ամենի հետ մեկտեղ հարց է առաջանում. արդյո՞ք պատահական զուգադիպություն է նշված օրինագծի ի հայտ գալն ու այս օրերին ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի հրաժարականները (վերջինի վերաբերյալ գուժել են մի շարք լրատվամիջոցներ): Կարծում եմ՝ մտորելու կարիք կա»:
Օրինագիծը սպառնալիք է ժողովրդավարական ազատություններինԱզգային Ժողովը քննարկում է Լուսավոր Հայաստան կուսակցության…
Gepostet von Khosrov Harutyunyan am Dienstag, 17. September 2019