Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արտիս Պաբրիկսի հետ
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Ռիգա մեկնարկել է Լատվիայի փոխվարչապետ, ՊՆ նախարար Արտիս Պաբրիկսի հետ հանդիպումով:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վաչությունից, զրուցակիցները դրական են գնահատել հայ-լատվիական դինամիկ զարգացող հարաբերությունները՝ վերահաստատելով փոխադարձ պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու փոխգործակցության դեռևս չիրացված ներուժի լիարժեք իրացման և երկկողմ օրակարգի առավել ընդլայնման ուղղությամբ: Կողմերը նշել են, որ հայ-լատվական հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի ու փոխըմբռնման վրա և ուղենշեցին տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք հետագա քայլերը:
Անդրադառնալով պաշտպանության ոլորտում համագործակցությանը՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ առկա է ինչպես ՆԱՏՕ, այնպես էլ անդամ պետությունների հետ արդյունավետ համագործակցության օրակարգ, որի շարժիչ ուժը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրն է։ Բարձր է գնահատվել Աֆղանստանում և Կոսովոյում հայ խաղաղապահների մասնակցությունը։ ԱԳ նախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու և ընդլայնելու իր ներդրումը խաղաղության պահպանման և մարդասիրական գործողությունների միջազգային ջանքերում:
Լատվիայի փոխվարչապետի խնդրանքով՝ Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ Հայաստանի դիրքորոշումը։
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին՝ ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացրել է հայկական կողմի մոտեցումներն ու դիրքորոշումը՝ առանձանահատուկ շեշտելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման և ամրապնդման կարևորությունը: