Իշխանական նորաթուխ պատգամավորի սպառնալիքն ի՞նչ հետևանքներ կունենա․ ինչու նա այդքան վրդովվեց․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ խորհրդարանում տեղի ունեցան ԱԺ երեք խմբակցությունների անդամների ավանդական ճեպազրույցները, որի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից լրագրողների հարցերին եկել էին պատասխանելու պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը, Գեւորգ Պապոյանն ու Սուրեն Գրիգորյանը:
Ակնհայտ երեւում էր, որ իշխող մեծամասնության պատգամավորները անպատրաստ էին եկել ճեպազրույցին ու բոլոր հարցերին պատասխանում էին ուղղակի, առանց որեւէ հիմնավորումների:
Իսկ երբ լրագրողի կողմից հարց հնչեց այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհ չէ խորհրդարանի աշխատանքներից, ինչպես նաեւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի վերաբերյալ, Սուրեն Գրիգորյանը հարցին պատասխանեց շատ վրդովված:
Նախ հայտարարեց, թե դեմ է այն հռետորաբանությանը, որ հարց է դրվում` վարչապետը գոհ է կամ դժգոհ է ԱԺ-ից:
Ակնհայտ երեւում էր, որ իշխանական պատգամավորներին դուր չէին գալիս այն հարցերը, որոնք հնչեցնում էին լրագրողները, ինչից հետո Գրիգորյանը որոշեց «սաստել» լրագրողներին՝ սպառնալով.
«Մենք երեւի քննարկենք այս ֆորմատի արդյունավետությունը, արդյոք դրա անհրաժեշտությունը կա՞»:
Հարց է առաջանում, թե ով է իշխանական նորաթուխ պատգամավորին թույլատրել որոշել ճեպազրույցների արդյունավետության ձեւաչափը, երբ տասնյակ տարիներ շարունակ նման հանդիպումներ ԱԺ-ում տեղի են ունենում խմբակցությունների ներկայացուցիչների ու լրագրողների միջեւ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: