Ադրբեջանական լրատվամիջոցները խմբագրել են Գեորգի Ծերեթելիին վերագրվող մտքերը. ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տեղ գտած՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին վերագրվող հարցազրույցը խմբագրվել է: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նա նշեց, որ հարցազրույցի առնչությամբ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Գեորգի Ծերեթելիի հետ:
«Հարցին անդրադարձ է եղել նաեւ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից, և, ինչպես մեզ հավաստիացրել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները, Գեորգի Ծերեթելին իր հարցազրույցում որևէ անդրադարձ չի արել, առավել ևս որևէ բնորոշում չի տվել հայկական կողմի հայտարարություններին: Նա աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին, ինչպես նաև կարևորում է խաղաղ գործընթացի առաջմղման համար համապատասխան միջավայրի ձեւավորումը»,- շեշտեց Նաղդալյանը:
ԱԳՆ մամուլի խոսնակն ասաց, որ սա առաջին անգամ չէ, երբ Ադրբեջանում պաշտոնյաներին վերագրում են խեղաթյուրված մեկնաբանություններ հիմնախնդրի կարգավորման առնչությամբ, և դա բնավ չի նպաստում հակամարտության լուսաբանման գործում ադրբեջանական լրատվամիջոցների նկատմամբ արժանահավատության բարձրացմանը և իրենից պարզապես քարոզչական հնարք է պարունակում: