Վաղաշեն համայնքից 10 քաղաքացու մոտ աղիքային վարակ է արձանագրվել
Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքից օգոստոսի 18-ին՝ 10 քաղաքացի, որից 5-ը երեխաներ` աղիքային վարակներին բնորոշ գանգատներով հոսպիտալացվել են Մարտունու հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք։ Վերջիններիս մոտ դիտվել է լուծ, փսխում, ջերմություն։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից անմիջապես կազմակերպված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բոլորն օգոստոսի 17-ին մասնակցել են տանը կազմակերպված խնջույքի` ուտելով թթվասերով և մայոնեզով համեմված հավի կրծքամսով աղցան, խոզի, հավի խորոված և տնային պայմաններում պատրաստված կրեմով թխվածք։
Հոսպիտալացված հիվանդների կենսանմուշները և սննդի մնացորդների նմուշները տեղափոխվել են Երևան՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով: Հիվանդների մոտ հայտնաբերվել է սալմոնելայի, ինչպես նաև ադենովիրուսի և նորովիրուսի ԴՆԹ: Հիվանդների վիճակը ներկայումս բավարար է, ունեն դրական շարժընթաց։ Աշխատանքները շարունակվում են. լաբորատոր հետազտությունների արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:
Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում և հորդորում է.
- սննդամթերքը (մրգերը, բանջարեղենը, հատապտուղները) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով,
- չօգտագործել տնային պայմաններում պատրաստվող և շուտ փչացող սննդամթերք, հում մթերքներից պատրաստվող սոուսներ, աղցաններ,
- պահպանել սննդամթերքը պատշաճ ջերմային պայմաններում` սառնարանում,
- ընտրել թարմ, ոչ ժամկետանց սննդամթերք,
- չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ և այլն,
- ընդհանրապես բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիքներ, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր,
- սննդամթերքը պահել պատշաճ ջերմային պայմաններում և փակ տարողություններում՝ ճանճերի կողմից աղտոտումը կանխարգելելու նպատակով,
- առանձնացնել հում սննդամթերքը եփածից, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ: Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ, բանջարեղեն և այլն),
- սնունդը լավ եփել կամ տապակել` առնվազն 700C պայմաններում,
- պատահական վայերից սունկ չգնել: Գնված սունկը լվանալիս պետք է լինել ուշադիր և չօգտագործել արտաքին տեսքը լրիվ կամ մասնակի փոխած սունկ,
- հետևել ձեռքերի հիգիենային՝ լվանալ հաճախակի, ամեն անգամ սնունդը պատրաստելուց և ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո,
- աղիքային վարակներին բնորոշ գանգատների դեպքում ՉԶԲԱՂՎԵԼ ինքնաբուժմամբ, անհապաղ դիմել բժշկական օգնության: