«Ադրբեջանական կողմը ստիպեց պաշտոնական Երևանին խոստովանել, որ դիրքերի առաջխաղացում է եղել». Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Կարծում եմ՝ չափազանց կարևոր փաստ է դա, նաև՝ չափազանց ուրախալի, որովհետև իսկապես լուծվել է կարևոր խնդիր Հայաստանի կոմունիկացիոն անվտանգության տեսակետից: Խոսքը, մասնավորապես, Վրաստանի տարածքով Հայաստան մտնող գազատարի անվտանգությունն ապահովելու մասին է: Նաև գիտեմ, որ Չինարի գյուղի ուղղությամբ դիրքերը բարելավվել են բավականին, այն չափով, որ հակառակորդն այլևս, ըստ էության, չի կարող անարգել գնդակոծել գյուղը, որովհետև իրենց այդ դիրքերը գտնվում են մեր տղաների անմիջական նշանառության տակ, և կրակն այդտեղից շատ հեշտ ճնշվում է: Կարծում եմ՝ սա մի գործընթաց է, որ պետք է շարունակական լինի: Դա բխում է մեր քաղաքացիների, հատկապես՝ այդ տարածքներում բնակվող գյուղացիների անվտանգության շահերից:

Նորմալ է, Զինված ուժերը շարունակում են կատարել իրենց պարտականությունները նույնչափ բարձր մակարդակով և վստահելիության առումով, ինչքան նախկինում էր: Եվ սա իսկապես ուրախալի փաստ է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ խոսելով Տավուշի մարզում` Ադրբեջանի հետ սահմանագծում, հայկական զինուժի դիրքերի առաջխաղացման մասին:

Թե սահմանային ո՞ր հատվածները հաջորդիվ ունեն ամրապնդման կարիք, քաղաքագետը նշեց, որ նման հարցերը ԶՈՒ գլխավոր շտաբում են քննարկվում.

«Ես հավասարաչափ ուրախ եմ բոլոր ուղղություններով ցանկացած խնդրի չեզոքացման պարագայում՝ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի սահմանին: Գիտենք, որ վտանգավոր տեղեր իրականում շատ կան, Տավուշի մարզի մի շարք գյուղեր գնդակածողության տակ են, հիմա նաև Վայոց Ձորում կան նման խնդիրներ: Որտեղ հնարավոր լինի այդ խնդիրները չեզոքացնել, լավ կլինի: Կարծում եմ՝ այստեղ ոչ թե առաջնահերթությունների, այլ ժամանակի խնդիր է, թե երբ հնարավոր կլինի հարցը լուծել»:

Ադրբեջանի արձագանքը կատարվածին, թե ոչ թե հայկական դիրքերի, այլ ադրբեջանական դիրքերի առաջխաղացում է եղել, ըստ նրա, բնական է:

«Ավելին՝ ադրբեջանական կողմը, ըստ էության, ստիպեց պաշտոնական Երևանին խոստովանել, որ դիրքերի առաջխաղացում է եղել: Սա այս ողջ պատմության մեջ միակ հարցն է, որ ես բացասական են գնահատում: Ինչ է տեղի ունեցել իրականում. ադրբեջանցիները նոր դիրքեր են կառուցել հայկական զինված ուժերի զբաղեցրած այդ նոր բնագծերի շուրջ և դա փորձել են ներկայացնել, թե իրենք են առաջ եկել, և դրանով ստիպել են մեր պաշտպանական գերատեսչությանը բացել խաղաքարտերը և ասել, որ նման գործողություններ են տեղի ունեցել:

Սա տեղեկատվական, քարոզչական թերի աշխատանքի արդյունք էր, որովհետև հասկանալի է, որ բոլոր իշխանություններին հաճելի է գովասանքի խոսքեր լսել կատարած լավ աշխատանքի համար, բայց մյուս կողմից՝ նաև պետք է հասկանանք, որ պրոցեսներն այնտեղ շարունակական են, և չափազանց շատ ինֆորմացիայի արտահոսքը խանգարում է այլ գործերին: Չեմ բացառում, որ այդ տեղեկատվական աղմուկի պատճառով այդ հաջորդ գործողությունները հետաձգվեն որոշ ժամանակով: Այս տեսակետից, կարծում եմ, որ մեզ պետք է անհանգստացնի ոչ թե ադրբեջանցիների ռեակցիան, այլ այդ ռեակցիային մեր արձագանքը, որովհետև, ցավոք սրտի, իսկապես լուրջ բացթողումներ եղան, և հակառակորդի ապատեղեկատվությունը կոծկելու այլ միջոց չգտան, քան մարտավարական նշանակության ինֆորմացիայի բացահայտումը, որը այլ խնդիրների լուծման համար գուցե անբարենպաստ միջավայր է ստեղծում»,- ասաց Հ.Մելիք-Շահնազարյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս