«Հարգանքով Տարոն Մարգարյանի հանդեպ՝ ասում եմ, որ նա ո՛չ սեփականատեր է, ո՛չ բաժնետեր, և ո՛չ մի առնչություն չունի «ՍանիՏեքի» հետ». Նիկոլաս Թավիլի
«ՍանիՏեք» ընկերության և Երևանի քաղաքային իշխանությունների հետ վերջին հանդիպումը եղել է երեք շաբաթ առաջ, իսկ անձամբ «ՍանիՏեք» ընկերության սեփականատեր Նիկոլաս Թավիլի ներկայությամբ վերջին հանդիպումը եղել է մայիսին: 168.am-ի խնդրանքով քաղաքային իշխանությունների hետ իրենց փոխգործակցության ժամանակագրությունը ներկայացրեց «ՍանիՏեք» ընկերության սեփականատերը:
Նա անդրադարձավ նաև սաբոտաժ անելու, քաղաքային նախկին իշխանությունների հետ գործարք ունենալու վերաբերյալ իրենց ուղղված մեղադրանքներին և հայտարարեց.
«Մենք հայտարարում ենք ևս մեկ անգամ ու բոլորի համար, «ՍանիՏեք» ընկերությունը չունի քաղաքական ոչ մի պատկանելություն։ Մեր միակ մտահոգությունն այն է, որ ընկերությունը պատշաճ ծառայի քաղաքին ու քաղաքացիներին»:
Արձագանքելով ընկերության և նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի առնչությունների մասին խոսակցություններին՝ «ՍանիՏեք» ընկերության սեփականատեր Նիկոլաս Թավիլը մասնավորապես նշեց. «Շատ հեշտ է ստուգել, թե ում են պատկանում աղբատար մեքենաները, շատ հեշտ է ստուգել, թե «ՍանիՏեքի» բաժնետերերն ովքեր են, շատ անհասկանալի է, թե ինչու են այդ լուրերը շրջանառվում: Մեծագույն հարգանքով Տարոն Մարգարյանի հանդեպ՝ ասում եմ, որ նա ո՛չ սեփականատեր է, ո՛չ բաժնետեր, և ո՛չ մի առնչություն չունի «ՍանիՏեքի» հետ. ուղղակի այն ժամանակ, երբ «ՍանիՏեքը» եկավ Հայաստան, նա Երևանի քաղաքապետն էր»:
Թե որոնք են ընկերության հիմնական մտահոգությունները, ներկայացրին «ՍանիՏեքի» ներկայացուցիչները՝ Նուբարաշենի աղբանոցի վիճակը, Երևանում ընթացող ակտիվ շինարարությունը, զբոսաշրջիկների թվի ավելացումը դժվարացրել են ընկերության աշխատանքը։
Այդուհանդերձ, ընկերությունը պատրաստ է կատարել 4 մլն դոլարի ներդրում՝ նոր աղբատար մեքենաներ ու աղբադույլեր գնելու համար, տարեկան 500 աղբամանի ձեռքբերման համար, հնարավորինս արդիականացնել եղած ավտոպարկը, ներդնել կորպորատիվ կառավարման սկզբունքները, թափանցիկություն ու հաշվետվողականություն ապահովելու համար: Վերջինի համար, սակայն, նրանք առաջարկել են քաղաքապետարանին՝ պարտավորվել մշակել ու ներդնել աղբի կառավարման քաղաքականություն ու ծրագիր, այդ թվում՝ Նուբարաշենի աղբավայրի ենթակառուցվածքների զարգացում, թափոնների հեռացման լայնածավալ քաղաքականության ներդրում և դրա վերահսկման կարողությունների ավելացում, վերանայել պայմանագրի արժեքը՝ ունենալով փորձագիտական եզրակացություն, որը կգնահատի «ՍանիՏեքի» կողմից մատուցվող ծառայությունների առևտրային արժեքը:
Ընկերության սեփականատերը նշեց նաև, որ երկուշաբթի օրը, որպես արբիտրաժային գործընթացի առաջին քայլ՝ կսկսեն արբիտրաժային նամակագրություն Հայաստանի կառավարության հետ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «ՍանիՏեք» ընկերության սեփականատեր Նիկոլաս Թավիլը տեսազանգի միջոցով ասուլիս է հրավիրել՝ 2019 թ. փետրվարին ընկերության դեմ հարուցված քրեական գործի մասին, իր՝ Հայաստան չգալու պատճառների մասին:
Զարուհի Դիլանյան