«Ես համաձայն չեմ, որ Հայաստանի իշխանությունները լավ չեն աշխատում». Միքայել Զոլյանը՝ ԱՄՆ աջակցության կրճատման մասին

«Այս իրավիճակը, որ մենք այսօր տեսնում ենք, նոր չէ, այն բնորոշ է ԱՄՆ-ի օրենսդիր և գործադիր իշխանությունների փոխհարաբերություններին, մարդասիրական հարցում՝ ընդհանրապես, և Արցախի հարցում՝ մասնավորապես: Առհասարակ, այդ միտումը տարիներ ի վեր եղել է, որ գործադիր իշխանությունը փորձում է հնարավորինս կրճատել այդ օգնությունը, ապա օրենսդրի համապատասխան ռեակցիայի շնորհիվ այդ օգնությունն այնուամենայնիվ տրամադրվում է, կամ այդ օգնության չափը մեծանում է: Հետևաբար՝ չեմ կարծում, որ այստեղ գործ ունենք ինչ-որ հատուկ հակահայկական մեսիջի հետ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը՝ անդրադառնալով ԱՄՆ կառավարության մտադրությանը՝ կրճատել ականապատված տարածքների ականազերծման նպատակով Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցությունը։

Ըստ նրա՝ խնդիրն այն է, որ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիան մարդասիրական օգնության հարցում ավելի չափավոր միջոցների կողմնակից է, պարզ ասած՝ նրանք չեն սիրում շատ փող ծախսել մարդասիրական օգնության վրա.

«Դա նրանց դիրքորոշումն է, որն արտահայտվում է նաև այլ երկրների դեպքում, այդ թվում՝ անգամ այն երկրների, որոնք ԱՄՆ հավատարիմ դաշնակից են համարվում, մարդասիրական օգնության կրճատման նման միտում եղել է անգամ Վրաստանի դեպքում, անգամ «Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորման կրճատման խնդիր է բարձրացվել: Այստեղ միայն Հայաստանի մասին չէ խոսքը, և չեմ կարծում, որ կոնկրետ Հայաստանի հետ կապված որևէ խնդիր գոյություն ունի»:

Այս ամենով հանդերձ, Մ. Զոլյանի կարծիքով, ՀՀ-ն, իհարկե, պետք է ակտիվ աշխատի ԱՄՆ-ի հետ, որպեսզի այդ ֆինանսավորումը չվերանա, որովհետև և՛ բուն ֆինանսավորումն է կարևոր, և՛ դրա խորհրդանշական կամ քաղաքական տեսանկյունն է կարևոր: Նրա դիտարկմամբ՝ այլ հարց է, որ պետք է շատ զգույշ աշխատել.

«Իհարկե, Հայաստանի դիվանագետներն իրենց մասով աշխատանք ունեն, բայց աշխատանքի հիմնական մասը նման դեպքերում կատարվում է սփյուռքի կազմակերպությունների կողմից, այն կազմակերպությունների, որոնց անդամներն ԱՄՆ քաղաքացիներ և ԱՄՆ ընտրողներ են և կարող են իրենց կոնգրեսականների, սենատորների միջոցով այդ խնդիրը բարձրացնել»:

Դիտարկմանը, որ փորձագետները պնդում են, որ ՀՀ իշխանությունները լավ չեն աշխատում ԱՄՆ-ի հետ, և դրա հետևանքով է Արցախին ու ՀՀ-ին աջակցությունը պակասում, մինչդեռ Ադրբեջանին հատկացվող աջակցությունն ավելանում է, և բացի հայկական լոբբինգից՝ նաև ՀՀ իշխանությունները պետք է աշխատեն, Մ.Զոլյանը պատասխանեց.

«Կարծում եմ՝ այստեղ օբյեկտիվ իրավիճակի հետ գործ ունենք, որը ոչ թե Հայաստանի ներկա իշխանությունների այս կամ այն քայլերի բացակայության պատճառով է առաջացել, այլ սա ընդհանուր միտում է, որն ընդհանրապես բնորոշ է ԱՄՆ-ի գործադիր-օրենսդիր իշխանություններ հարաբերություններին և առավել վառ արտահայտված է հենց Թրամփի ադմինիստրացիայի օրոք: Այս պայմաններում, կրկնեմ, ես չեմ կարծում, որ ինչ-որ հակահայկական մեսիջ կարելի է այստեղ տեսնել»:

«Ես համաձայն չեմ, որ Հայաստանի իշխանությունները լավ չեն աշխատում: Մենք տեսել ենք բազմաթիվ օրինակներ, այդ թվում՝ ԱԺ նախագահի այցը ԱՄՆ, բազմաթիվ այլ հանդիպումներ են տեղի ունեցել, այդ թվում՝ Բոլթոնի հետ: Այսինքն, ես կարծում եմ, որ ՀՀ իշխանություններն անում են այն, ինչ հնարավոր է: Իսկ այն, որ սփյուռքի միջոցով ենք աշխատում, դա ոչ թե գալիս է նրանից, որ ՀՀ իշխանություններն ի վիճակի չեն կամ չեն կարողանում, այլ կան դեպքեր, երբ սփյուռքն ավելի ազդեցիկ է: Եվ մեր հարստությունը հենց նա է, որ ունենք սփյուռք և կարող ենք օգտագործել սփյուռքի հնարավորությունները, ինչից զրկված են շատ ուրիշ երկրներ, այդ թվում՝ մեր հարևան որոշ երկրներ: Եվ մենք պետք է ողջունենք սփյուռքի նախաձեռնողականությունը և Հայաստանի ու սփյուռքի համատեղ ջանքերով հասնենք ցանկալի արդյունքի»,- հավելեց Մ. Զոլյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս