Հայկ Մարությանը ցավակցական ուղերձ է հղել Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Խոր վշտով ընդունեցի հայ թատերարվեստի վարպետ Երվանդ Ղազանչյանի մահվան լուրը:
Նշանավոր թատերական ընտանիքի ավագ ներկայացուցիչը, Երեւանի պատվավոր քաղաքացին հեռացավ մեզանից՝ մեր քաղաքին կտակելով հարուստ մշակութային ժառանգություն: Նրա բազմաթիվ բեմադրությունները տասնյակ տարիներ զարդարել են մայրաքաղաքի թատերական բեմերը՝ լրացնելով Հայ թատրոնի երկհազարամյա պատմության լուսավոր էջերը:
Ցավակցում եմ Երվանդ Ղազանչյանի հարազատներին, մտերիմներին և նրա արվեստի երկրպագուներին»,- նշել է Հայկ Մարությանը:
Երվանդ Ղազանչյանը ղեկավարում էր Երևանի Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնը։
Նա կյանքից հեռացել է հուլիսի 30-ին 82 տարեկանում: