«Շփման գծից հասնող տեղեկությունները ցույց են տալիս, որ բանակցային գործընթացում առաջընթաց չկա և չի նշմարվում»
«Կարծում եմ՝ ԼՂ հակամարտության ընթացքում կողմերն արդեն լիովին սպառել են նման իրավիճակներին արձագանքելու դիվանագիտական, քաղաքական, ռազմական արսենալը»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում առկա զարգացումներին։
Հիշեցնենք, որ վերջերս հակառակորդի ակտիվություն է նկատվում ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում։ Ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության՝ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 27-ին սրացում էր գրանցվել։
«Հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող»,- հայտնել էր ՀՀ ՊՆ-ն։ Հաջորդ օրը հերթական ողբերգական դեպքն էր գրանցվել։
«ՀՀ սահմանի հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, 1995թ. ծնված Արման Արայիկի Բուլղադարյանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը և իր ցավակցությունը հայտնել Արմանի հարազատներին։
Նշենք նաև, որ այս ամիս հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցներ էր արձակել նաև Նախիջևանի ուղղությունից։
Լուկիանովի գնահատմամբ՝ չնայած բանակցային գործընթացի վերաբերյալ ժամանակ առ ժամանակ հնչող դրական գնահատականներին, վերջին շրջանում շփման գծից հասնող տեղեկությունները ցույց են տալիս, որ բանակցային գործընթացում առաջընթաց չկա և չի նշմարվում։
Նրա խոսքով՝ ոչ միայն առաջընթաց չկա, այլև ավելին՝ նախկին պայմանավորվածություններն են ոտնահարվում, որոնք գրանցվել են կողմերի միջև դրական տրամադրվածության պայմաններում։
«Սա, բնականաբար, չի կարող մտահոգիչ չլինել, քանի որ առանց շարժուն և տրամաբանություն ունեցող բանակցությունների, հակամարտությունը դատապարտված է ներկայիս կարգավիճակի անորոշ շարունակությանը։ Սա դառնում է երկարատև անլուծելի հակամարտություն՝ լի պատերազմի բռնկման ամենօրյա, ամենժամյա վտանգով։ Կարծում եմ՝ այս հակամարտության ընթացքում կողմերն արդեն լիովին սպառել են նման իրավիճակներին արձագանքելու դիվանագիտական, քաղաքական, ռազմական արսենալը, որը կունենա ազդեցություն։
Դժվար է ասել նաև, թե իսկապես ինչը կարող է զսպող դերակատարություն ունենալ։ Այնուամենայնիվ, պետք է շարունակել հանդիպումները ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո, և կողմերը պետք է կոշտ արձագանքեն այս կրակոցներին, որոնք կյանք են խլում։ Սա այն կողմին, որը նախահարձակ չի եղել, թույլ է տալիս առաջ մղել իր օրակարգը համանախագահների օգնությամբ։ Այս դեպքում, քանի դեռ չկան բանակցային հաջողություններ, կողմերը կարող են աշխատել հրադադարի մեխանիզմներն ամրապնդելու ուղղությամբ»,- ասաց Լուկիանովը։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի արձագանքին նման դեպքերում, Լուկիանովն ասաց, որ ՀԱՊԿ-ի կազմը բոլորին է հայտնի, ՀԱՊԿ-ի դիրքորոշումը ԼՂ հակամարտության ներկայիս վիճակի հարցում՝ ևս։
«Ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցող զարգացումներին ՀԱՊԿ-ը չի արձագանքում, դա ունի նաև հայտնի քաղաքական հիմքեր։ Իսկ հայկական սահմանները մեծամասշտաբ հարձակման չեն ենթարկվել, եթե լինի նման դեպք, Հայաստանը, կարծում եմ, կդիմի ՀԱՊԿ-ին՝ աջակցություն ստանալու խնդրանքով, և ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը դրան կարձագանքեն։ Բայց ես նման սցենարի հավանականությունը քիչ եմ համարում, քանի որ չեմ կարծում, որ այս ուղղությամբ լուրջ գործողություններ կլինեն։ Վտանգները հիմնականում ԼՂ-ի շուրջ են, այնտեղ ևս փաստորեն 2016 թվականին տեղի ունեցած գործողությունները չերկարաձգվեցին, քանի որ դա ձեռնտու չէր կողմերին»,- ասաց նա։