Բաժիններ՝

«ԱՆԻ» ԲԲԸ ներկայացուցիչները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին միջնորդեցին դիմել Կադաստրի պետական կոմիտեին

Հանրային  ծառայությունները կարգավորող հանձնաժողովում այսօր քննարկվեց  «ԱՆԻ» բաց բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի հուլիսի 15-ի №375Ա և 2019 թվականի մայիսի 29-ի №160Ա որոշումներում փոփոխություններ կատարելու և «Ջրաձոր» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքված էլեկտրական էներգիայի դիմաց կատարված վճարումների վերահաշվարկ կատարելու մասին հարցը։

Ըստ այդմ, նախատեսված է «Անի» ընկերության նկատմամբ կիրառել  1 մլն դրամի տուգանք և որոշել ՀԷՑ-ին պատճառած 400 միլիոն դրամ վնասը վճարել։ Սակայն ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ հանձնաժողովն ուղղորդված է գործում ընկերության դեմ։

Նիստի մեկնարկին ընկերության շահերը ներկայացնող փաստաբան Արսեն Հարությունյանը հայտարարեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սեդա Շահինյանը պետք է ներկայացնի ինքնաբացարկի միջնորդություն, քանի որ մինչև գործի հանգուցալուծումը, վերջինս հրապարակայնորեն ներկայացրել է դիրքորոշում գործի հնարավոր ելքի մասին, ինչպես նաև գնահատական է տվել գործի փաստական հանգամանքների վերաբերյալ։

«Այս ամենը հաշվի առնելով՝ նա չի կարող մասնակցել այս վարչական վարույթին, ուստի միջնորդում ենք, որ ընդունեք նրա ինքնաբացարկի միջնորդությունը»,- դիմելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանին՝ ասաց փաստաբանը։

Պատասխանելով՝ Սեդա Շահինյանը հայտարարեց, որ ինքնաբացարկի հիմքերը լիարժեքորեն բացակայում են, և քննարկվող նախագծի վերաբերյալ իր առաջարկը չի կարող վերաբերել գործի ելքի կանխակալ մոտեցմանը, քանի որ նշված դիրքորոշումն արդեն ընկած էր հանձնաժողովի քննարկմանը ներկայացրած որոշման նախագծի հիմքում։

«Իմ առաջարկը կառուցված է եղել ընդամենը մեկ պարզ տրամաբանության վրա, ուղղակի այնտեղ օրենքով նախատեսված իրավական հստակեցումներ ապահովելու իմաստով ներկայացնել իմ կողմից առաջարկ։ Հետևաբար՝ դա չի կարող ինքնաբացարկի հիմք հանդիսանալ»,- նշեց Ս. Շահինյանը։

Հանձնաժողովի նախագահը  և անդամները քննարկելով փաստաբանի ներկայացրած միջնորդությունը, այն մերժեցին՝ հիմնավորելով, որ հանձնաժողում այս կամ այն նախագծի քննարկման ժամանակ անդամները կարող են ներկայացնել սեփական առաջարկությունները։

Մերժելուց հետո «ԱՆԻ» ԲԲԸ-ն ներկայացուցիչները կրկին պնդեցին իրենց  միջնորդությունը, երկրորդ անգամ հարցը քվեարկվեց և մերժվեց։

Ընկերության ներկայացուցիչները ներկայացրեցին ևս մեկ միջնորդություն՝ առաջարկելով փոխօգնության կարգով դիմել համապատասխան պետական մարմնին, որպեսզի պարզվի՝ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գույքակազմում կա՞ արդյոք հիշյալ պատվարը, թե՞ ոչ։

«Միջնորդում ենք հետաձգել այս գործի վարչական վարույթը և դիմել Կադաստրի պետական կոմիտեին՝ պարզաբանում ստանալու համար»,- նշեց ընկերության փաստաբանը։

Պարզաբանելով՝ Սեդա Շահինյանը նշեց, որ այն փաստաթղթերը, որոնք Կադաստրի կողմից ներկայացվել են, ներառում են նաև պատվարի նկատմամբ իրավունքը, որը դարձել է քննարկման առարկա։

«Հանձնաժողովը չպետք է խնդիր ունենա պարզելու՝ արդյո՞ք սեփականության իրավունքի գրանցումն իրականում առկա է, թե՞ ոչ։ Եթե հանձնաժողովը չփորձի սա պարզել, մեր իրավունքների պաշտպանությունը կիրականացնենք դատական կարգով, ինչպես միշտ արել ենք»,- պնդեց ընկերության փաստաբանը։

Գարեգին Բաղրամյանը, լսելով ընկերության ներկայացուցիչների և Սեդա Շահինյանի պարզաբանումները, նշեց, որ կդիմեն Կադաստրի պետական կոմիտեին և 30 օրվա ընթացքում կրկին կանդրադառնան հարցի քննությանը, երբ լինի Կադաստրի որոշումը։

Հիշեցնենք, որ  հանձնաժողովը «Ջրաձոր» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքված էլեկտրական էներգիայի դիմաց կատարված վճարումների վերահաշվարկ էր կատարել և հիմնավորել, որ ՀՀ կառավարության 2017 թվականի որոշման համաձայն՝ «Անի» ընկերությանն է փոխանցվել «Գեաձև ջրանցք ջրաչափական դիտակետով», իսկ պատվարը, ինչպես նաև ջրանցքի գլխամասային հիմնական 5 կառուցվածքները չեն փոխանցվել ընկերությանը և պետական սեփականություն են։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս