«Այսինքն՝ ընդդիմադիր պատգամավորներին զսպաշապի՞կ են հագցնում». Գևորգ Պետրոսյան
Օրեր առաջ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ով հայտնի է իր ավանդական-պահպանողական հայացքներով ու հանդես է գալիս Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու դեմ, իր ֆեյսբուքյան էջում մի աքրոստիկոս էր հրապարակել, որը փաստորեն իրավապաշտպան հանրույթի մոտ զայրույթ է առաջացրել:
Խոսքը հետևյալ գրառման մասին է.
«ԱՍՔ» ԳՈՄԻԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ նացեք հեռու մեր սուրբ օրրանից,
Ո ր ձեզ չտեսնենք մեր «պատուհանից»,
Մ ի՞թե չեք տեսնում, որ երկիրը մեր,
Ի րենով չունի ձեր համար ստվեր,
Կ արո՞ղ եք իսպառ հեռանալ մեզնից,
Ն որ Հայաստանը զտել ձեզանից,
Ե վ եթե փորձեք նորից պրպտալ,
Ր ոպե դեռ չանցած՝ կդառնաք սգյալ,
Ի նչ է՝ չե՞ք տեսնում, որ հողը Հայի,
Ն ման ծանր բեռ երբեք չի տանի…
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը«Ազատության» հետ զրույցում տարակուսել է, որ Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջը հեղեել է խոցելի խմբերին ուղղված ատելության և անհանդուրժողականության կոչերով, իսկ Ազգային ժողովը լուռ է:
«Պատգամավորի արարքն ԱԺ քննարկման առարկան պետք է դառնար վաղուց, և դեռևս ընտանեկան բռնության օրենսդրության ժամանակահատվածում Գևորգ Պետրոսյանն աչքի էր ընկնում կնատյացության և ատելության խոսքի բռնկումներով և այժմ էլ շարունակում է նմանատիպ վարքագիծը»,- ասել է Զարուհի Հովհաննիսյանն ու հավելել, որ տեղին է, որ այժմ ԱԺ-ն էթիկայի հանձնաժողով գումարի ու քննարկի պատգամավորի վարքագիծը, այնինչ ԱԺ-ն տարօրինակ լռություն է պահպանում:
168.am-ը Գևորգ Պետրոսյանին խնդրեց մեկնաբանել իրավապաշտպանի այս հայտարարությունը:
«Իրավապաշտպան կազմակերպությունների, կոնկրետ այս կառույցի դիրքորոշումն ուղղորդված ու սուբյեկտիվ է: Եթե իրենք իսկապես իրավապաշտպան կառույց են, ապա նրանք չպետք է խտրականություն դնեն, թե ում իրավունքն են պաշտպանում: Այդ նույն միասեռականներբ, երբ որ հրապարակայնորեն հայհոյում են համազգեստավոր ոստիկաններին, կոպիտ կերպով խախտում են հասարակական կարգը, իրավապաշտպանները լռում են:
Այդ նույն միասեռականները, որ մտնում են ոստիկանության Կենտրոնի բաժին, ոստիկաններին ծեծի են ենթարկում, այդ իրավապաշտպանները լռում են: Այդ նույն կազմակերպությունները լռում են, երբ ամենաբարձր մակարդակով երկրի դատավորներին նույնացնում են շների հետ, անվանում վնգստացող: Հիմա հանկարծ նրանք ակտիվացան, երբ Գևորգ Պետրոսյանը կարծիք հայտնեց միասեռականների վերաբերյա՞լ»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ ստորագրում է իր ամեն բառի տակ, բացարձակապես չի հերքում, չի ժխտում իր որևէ ասածը:
Պատգամավորը նշում է, որ ասել է այն, ինչ մտածել է, և հիմա էլ պնդում է, որ պետք է ամեն ինչ արվի Հայաստանում նրանց առաջխաղացումը կանխելու համար:
«Բռնության քարոզ չեմ արել, ես չեմ ասել` եկեք ծեծեք, ջարդեք, սպանեք: Ընդհակառակը, իրենց կողմից են նրանցից ու նրանց շահերը պաշտպանող առանձին երկոտանիներ արդեն իսկ հասցրել հանդես գալ նմանատիպ հայտարարություններով, որ պետք է Գևորգ Պետրոսյանին վռնդել ԱԺ-ից ու Երևանի պետական համալսարանից: Էլ չեմ ասում, որ մասնավոր նամակներում են ինձ սպառնում, որ հես ա ես կտեսնեմ իմ գլխի գալիքը: Բայց ես թքած ունեմ այդ սպառնալիքների վրա: Ես արել եմ այն, ինչ արել եմ մինչև հիմա, և ինձ որևէ մեկը չի կարող կանգնեցնել»,- պնդում է Գևորգ Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ պատգամավորը, թերևս, նկատի ունի այն, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը, օրինակ, իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Պահանջում եմ այս անձնավորությանը դուրս շպրտել Ազգային ժողովից, քանի որ ամեն մարդ իրեն վայել տեղում պետք է հայտնվի: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, դուք գոյություն ունե՞ք: ԱԺ-ում Էթիկայի հանձնաժողով դեռ չի՞ ձևավորվել: Ինչքա՞ն դեռ պետք ա էս հիստերիկներին հանդուրժենք»: Այս գրառումը Գրիգոր Երիցյանն արել էր Գևորգ Պետրոսյանի` լրագրող Լիզա Ճաղարյանի` իր վերաբերյալ գրառմանը պատասխանելուց հետո:
Ինչ վերաբերում է Ազգային ժողովի էթիկայի մշտական հանձնաժողովին, Գևորգ Պետրոսյանը նշում է, որ այդպիսի մշտապես գործող մարմին գոյություն չունի, բայց եթե անգամ այդպիսի մարմին ստեղծվի էլ, շատ խիստ կասկածելի է` այդպիսի հարցով կարո՞ղ է արդյոք այդպիսի մարմին ստեղծվել, թե՞ ոչ:
«Այսինքն` եթե պատգամավորը` որպես իր անձեռնմխելիության կարևոր բաղադրիչ, Հայաստանի Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն` չի կարող հետապնդվել իր գործունեության ընթացքում և դրանից հետո պատգամավորի գործունեության ոլորտին վերաբերող հարցերով կարծիք արտահայտելու և քվեարկելու համար…
Նրանք չեն կարդում օրենքները պարզապես: ԱԺ-ի էթիկայի հանձնաժողովի նյութ դա չի կարող դառնալ, որովհետև ես դրանով էթիկայի որևէ կանոն չեմ խախտել, որևէ մեկի չեմ վիրավորել, որևէ հանցագործություն թույլ չեմ տվել, վարչական իրավախախտում չեմ արել, ինչի՞ համար հրավիրեն էթիկայի հանձնաժողով: Որ քննեն այս կամ այն պատգամավորի` ազատորեն իր կարծիքն արտահայտելու սահմանադրական իրավունքի հա՞րցը»,- տարակուսում է պատգամավորը:
Նա նշում է, որ, եթե այդ տրամաբանությամբ մոտենանք, ցանկացած պատգամավոր պետք է լռի, որովհետև եթե որևէ կարծիք հայտնի որևէ երևույթի վերաբերյալ, անպայման ենթադրվում է, որ իշխանական կառավարող խմբակցությունը կարող է, մանավանդ ձայների այս հարաբերակցության պայմաններում, երբ 88 հոգով հնարավոր է ամեն ինչ անել, այդ թվում՝ նաև սահմանադրական օրենքներ ընդունել և փոփոխել, 3/5-ով պաշտոնի նշանակել, և այլն:
«Այսինքն՝ ընդդիմադիր պատգամավորներին զսպաշապի՞կ են հագցնում: Սա բացարձակապես համահունչ չէ իրավական պետության և խորհրդարանական կառավարման հայեցակարգին: Այդպիսի արտահայտություն անողները, ովքեր երբեք օրենք չեն կարդում, այլ հույսը դնում են հասարակական հնչեղություն հաղորդելու վրա, թող ամաչեն ու կարդան երկրի օրենքները ու նոր գան, հարցազրույց տան: Տեսնեմ` դրանից հետո կպնդե՞ն իրենց ասածը: Համենայն դեպս, ես ոչ մի մտավախություն չունեմ: Ուզում են դիմեն, ուզում են՝ դիմեն ԱԺ, էթիկայի հանձնաժողով հրավիրեն»,- ասաց Գևորգ Պետրոսյանը` հավելելով, որ երբ այդ հարցը քննվի, ինքն ավելի բովանդակալից հարցազրույցներ կտա, ինչպիսիք մինչ այժմ չի տվել:
Նա տարակուսում է, թե երբ Լիզա Ճաղարյանն իրեն վիրավորում էր ամենատարբեր արտահայտություններով, այդ նույն իրավապաշտպաններն ինչո՞ւ չէին անհանգստանում:
«Սա օբյեկտիվ չէ: Նրանք ուղղորդված են հատուկ իմ ուղղությամբ, որովհետև երևի հասկացել են, որ ինձ օրենքով հնարավոր չէ ճնշել, որովհետև ես բոլոր քայլերս` որպես իրավաբան, հաշվարկում եմ և իրականացնում եմ ՀՀ սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, իրենք փորձում են բարոյական ճնշմամբ գրոհ կազմակերպել իմ նկատմամբ, բայց նրանք ինձ լավ չեն ճանաչում: Որովհետև, եթե լավ ճանաչեն, հույս չեն ունենա, որ ես կարող եմ ընկճվել և ընկրկել իրենց ապօրինի հավակնություններից»,- եզրափակեց Գևորգ Պետրոսյանը: