Ի՞նչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը

Կենտրոնական բանկը (ԿԲ) չափազանց լավատես է Հայաստանի տնտեսության նկատմամբ։ Նույնիսկ ավելի լավատես, քան կարող է իրեն թույլ տալ կառավարությունը։

Ինչպես հայտնի է, կառավարության սպասելիքներն այս տարվա տնտեսական աճի վերաբերյալ 5 տոկոսի սահմաններում են։ Մինչդեռ Կենտրոնական բանկը սպասում է անհամեմատ ավելի բարձր` ընդհուպ մինչև 7,4 տոկոս աճ։ Վերջին ամիսներին տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացները կամ պաշտոնական վիճակագրության արձանագրած ցուցանիշները հավանաբար այնքան են ոգևորել ԿԲ-ին, որ այն բավական կտրուկ վերանայել է տնտեսական աճի նախորդ կանխատեսումը։

Ընդամենը մի քանի ամիս առաջ Կենտրոնական դրամատունը Հայաստանում սպասում էր ՀՆԱ 4,6-6,1 տոկոս ավելացում։ Վերջին վերանայումից հետո այս տարվա համար կանխատեսվել է 5,9-7,4 տոկոս տնտեսական աճ։

Տարօրինակ է, որ Կենտրոնական բանկը նույնպիսի լավատեսություն չունի Հայաստանի տնտեսության միջնաժամկետ հեռանկարների առումով։ Կանխատեսումները հիմնականում մնացել են անփոփոխ։

Ընդամենը երեք ամսվա տարբերությամբ` ԿԲ-ն 1,3 տոկոսով ավելացել է այս տարվա տնտեսական աճի՝ ինչպես նվազագույն, այնպես էլ՝ առավելագույն ակնկալիքը։ Առաջին եռամսյակի գնաճի հաշվետվության մեջ սպասելիքները տատանվում էին 4,6-6,1 տոկոսի միջակայքում։

Իհարկե, այս ցուցանիշները հազիվ թե վերջնական լինեն։ Դրանք հավանաբար դեռ շատ կփոխվեն, բայց ի՞նչն է այստեղ հետաքրքիր. այդպիսի կարճ ժամանակահատվածի կտրվածքով սովորաբար նման կտրուկ վերանայումներ չեն արվում։ Դա նշանակում է, որ կամ նախորդ կանխատեսումը բավարար հիմնավորված չի եղել, կամ տնտեսության մեջ վերջին երեք ամիսներին նույնքան կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել։

Կտրուկ փոփոխություններ տնտեսության մեջ, իհարկե, չկան կամ դրանք առնվազն տեսանելի չեն, բացի այն, որ պաշտոնական վիճակագրությամբ տնտեսությունը բարձր տեմպերով առաջ է գնում։ Ըստ էության, դրա վրա էլ հիմնվել է Կենտրոնական բանկը` կառուցելով ապագա կանխատեսումները։

«2019թ. առաջին եռամսյակում դիտարկված բարձր տնտեսական ակտիվության պարագայում տնտեսական աճը գերազանցել է սպասված ցուցանիշը` կազմելով 7,1 տոկոս, որին շարունակում է գերակշռող նպաստում ունենալ մասնավոր սպառման բարձր աճը։ Գնահատվում է, որ կարճաժամկետ հատվածում այդ միտումները կպահպանվեն, ինչի ներքո 2019թ. տնտեսական աճի կանխատեսումը վերանայվել է դեպի վերև` գտնվելով 5,9-7,4 տոկոս միջակայքում, իսկ միջնաժամկետում այն կմոտենա իր երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին»,- ասվում է երկրորդ եռամսյակի գնաճի հաշվետվության մեջ։

Պաշտոնական տվյալներով՝ տարեսկզբին Հայաստանի տնտեսությունն իսկապես ակտիվորեն աճել է։ Առաջին եռամսյակում գրանցվել է 7,1 տոկոս տնտեսական աճ, իսկ հինգ ամիսների տնտեսական ակտիվությունը հասել է 7,3 տոկոսի։ Ոչինչ, որ այս ցուցանիշների հիմքում ընկած է հիմնականում ծառայությունների և առևտրի ոլորտների աճը, որտեղ արձանագրվող դրսևորումներն իրականում շատ քիչ կապ ունեն տնտեսության զարգացումների և ստեղծվող հավելյալ արդյունքի հետ։

Առաջին եռամսյակի 7,1 տոկոսն իսկապես վատ տնտեսական աճ չէ, բայց դրա գրեթե 6 տոկոսը բաժին է ընկնել ծառայություններին և առևտրին։ Փոխարենը՝ արդյունաբերության և էներգետիկայի մասնակցությունը տնտեսական այդ աճի գործում եղել է ընդամենը 0,1, իսկ շինարարությանը` 0,3 տոկոս։ Գյուղատնտեսությունը նույնիսկ բացասական նպաստ է բերել տնտեսական աճին։

Այնպես չէ, որ իրավիճակը շատ է փոխվել առաջին եռամսյակից հետո։ Առաջվա նման տնտեսական աճի գործում գերակշռող է ծառայությունների ոլորտը` իր շահումով խաղերով ու զվարճանքներով։

Պաշտոնական տվյալներով՝ որոշ տեղաշարժ կա արդյունաբերության ոլորտում։ Բայց տնտեսության այս հատվածի զարգացումները դեռևս հեռու են բավարար լինելուց։ Առավել ևս, որ արձանագրվող բարելավումները կապված են ոչ այնքան իրական զարգացումների, որքան նախորդ տարվա ցածր բազային ցուցանիշների հետ։

Ահա այսպիսին է Հայաստանի տնտեսության աճի կառուցվածքը։ Հազիվ թե կարելի է կարծել, որ այն էական փոփոխություն կկրի առաջիկայում։

Պատահական չէ, որ Կենտրոնական բանկը տնտեսության վերանայված աճի հույսերը շարունակում է կապել հիմնականում ծառայությունների հետ։ Որոշակի ակնկալիքներ են ի հայտ եկել նաև արդյունաբերության հատվածում` պայմանավորված վերջին մեկ-երկու ամիսների դրսևորումներով։

Երկու ոլորտում էլ ԿԲ-ն ցուցանիշները վերանայել է աճի ուղղությամբ։ Եթե ծառայությունների դեպքում լավատեսության համար հիմք է ծառայել զբոսաշրջության շարունակվող աճը, ապա արդյունաբերության մեջ կարևոր է համարվել ներդրումային ակտիվությունը։

Դժվար է, իհարկե, ասել, թե ինչի հետ է կապված ներդրումային ակտիվության վերաբերյալ Կենտրոնական դրամատան լավատեսությունը։ Մինչև այժմ հրապարակված պաշտոնական ցուցանիշներն այս առումով բոլորովին այլ բան են ասում։ Առաջին եռամսյակում տնտեսության մեջ ներդրումային աշխուժությունը չափազանց ցածր է եղել։ Ավելին, օտարերկրյա ուղղակի կապիտալի հոսքերը` նույն ԿԲ տվյալներով, գրեթե 3 անգամ նվազել են։ Տնտեսության իրական հատվածի նկատմամբ շարունակում է անտարբեր լինել նաև բանկային կապիտալը։ Չնայած վարկային շուկայի տեղաշարժերին, այնուհանդերձ՝ ինչպես արդյունաբերության, այնպես էլ՝ գյուղատնտեսության ոլորտում վարկային միջոցների ակտիվություն գրեթե չկա։

Հայաստանի տնտեսության համար ռիսկեր կան նաև արտաքին հատվածում` կապված գործընկեր երկրների տնտեսական զարգացումների հետ։ Գրեթե բոլոր դեպքերում կանխատեսվում է ակտիվության անկում։

Այս պայմաններում դեռ վաղ է ասել, թե որքանո՞վ է հիմնավոր Կենտրոնական բանկի լավատեսությունը։ Փորձը ցույց է տալիս, որ կանխատեսումները շատ դեպքերում չեն արդարանում։ Ավելին, դրանք  հաճախ վերանայվում են։ Ընդ որում, ինչպես աճի, այնպես էլ՝ նվազման ուղղությամբ։

Այնպես որ, բոլորովին էլ զարմանալի չի լինի, եթե հաջորդ եռամսյակի կանխատեսումներում Կենտրոնական բանկը Հայաստանի տնտեսության զարգացումների վերաբերյալ ներկայացնի այլ գնահատականներ, ասենք` նվազեցնի տնտեսական աճի ակնկալիքները։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս