Բաժիններ՝

«Պետության հետ շանտաժի լեզվով ոչ ոք խոսել չի կարող, դա խիստ ձևով պատժվելու է». Տավուշի մարզպետ

Իջևանում երեկվա դեպքերի ժամանակ ոստիկանություն բերման ենթարկված ցուցարարների հարազատները դժգոհում են: «Թող գործարան բացեն, աշխատատեղ ստեղծեն, մեզանից ի՞նչ են ուզում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ցուցարարներից մեկի մայրը:

Տավուշի մարզպետ  Հայկ Չոբանյանն էլ դիմելով ներկաներին՝ ասաց.

«Երկու օր առաջ ընդունեցի բողոքի ակցիայի մասնակիցներին, ովքեր տարբեր հարցեր էին առաջ քաշում: Հաջորդ օրը պայմանավորվեցինք «Հայանտառի» մեր գործընկերների հետ, որպեսզի իրենք էլ մասնակցեն այդ հանդիպմանը: Քննարկեցինք անտառհատման հետ կապված հնարավոր բոլոր հարցերը: Դրա շրջանակներում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ևս մեկ անգամ քննարկի «Հայանտառը», հետո նպաստի, որ մարդիկ օրինական կարգով ապահովվեն անտառի տրված հնարավորություններից՝ օրենքի սահմանված կարգով: Թափուկը տրամադրվում է բնակիչներին՝ անվճար, սեփական կարիքները հոգալու համար, երկրորդ տեսակը դա քամատապալն է: Արդեն հայտարարվել է, որ կոնկրետ այն անտառտնտեսությունը, որտեղ կա թափուկի չափաքանակ, բոլորը կարող են օգտվել դրանից: Դիմել, օրինական կարգով ստանալ փաստաթուղթ և օգտվել դրանից»:

Մարզպետը նշեց՝ անօրինական անտառահատումները 5-6 անգամ շատ են եղել:

«Հայաստանի հետ շանտաժի լեզվով խոսել չի կարելի: Սա պետություն է, ու շանտաժի լեզվով ոչ ոք չի կարող խոսել ո՛չ ներսում, ո՛չ դրսում: Պետության առջև ոչ մի անօրինական պահանջ չի ընդունվելու, խիստ պատժվելու է»,- խոսքն ուղղելով դժգոհող բնակիչներին՝ ասաց Հայկ Չոբանյանը:

«Առաջին օրվանից պահանջում են, որ վերացնենք Դիլիջանի անցակետը, որն ուղիղ նշանակում է հետևյալը՝ մենք շարունակելու ենք անօրինական անտառահատումը, փայտը տեղափոխելու ենք և վաճառելու ենք: Մենք ո՛չ ենք ասում ոչ միայն փայտահատությանը, այլև ցանկացած անօրինականության: 200 աշխատատեղի մասին, 2 օր է՝ հայտարարություն եմ անում և մեկ դիմում չեմ ստացել: Իմ եզրակացությունը հետևյալն է. եթե որևէ մեկն իսկապես սոցիալական կամ աշխատանքի խնդիր ունենար, մինչև այսօր գոնե դիմած կլիներ: Ով որ իր երեխային կերակրելու խնդիր ունի, հենց հիմա ցուցակագրվեք, և մենք ձեզ աշխատանք կառաջարկենք: Դուք այսպես կոռուպցիան ու անարդարությունն եք զարգացնում: Դուրս եկեք, մյուս բնակիչներին հարցրեք, կասեն՝ պատժեք նմաններին, նրանք իրավունք չունեն մեզ պատկանող անտառը ոչնչացնել:

Ինչ վերաբերում է ձերբակալվածներին, այդ հարցը գտնվում է իրավապահ մարմինների ուսումնասիրության և իրավասության ներքո, և որևէ մեկը միջամտելու իրավունք չունի: Անմեղ են, թե մեղավոր՝ կորոշի ՀՀ օրենսդրությունը: Մեկ տարի առաջ հեղափոխություն ենք արել հանուն արդարության, թույլ չենք տա ճանապարհ փակել հանուն անարդարության»,- հավելեց  մարզպետը:

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 17-ին,  Իջևանում մի քանի տասնյակ քաղաքացիներ փակել էին միջպետական ավտոմայրուղին՝ բողոքելով անտառահատումների արգելքի դեմ: Բախումները սկսվել են, երբ ոստիկանները փորձել են բացել ճանապարհը:

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր հայտարարել էր, որ միջադեպի արդյունքում և ապօրինի ծառահատման դեպքերի առնչությամբ քաղաքացիներ են բերման ենթարկվել ոստիկանություն: 

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս