Սուդանի Զինվորական խորհուրդը և ընդդիմությունը քաղաքական համաձայնագիր են ստորագրել
Սուդանի անցումային Զինվորական խորհուրդը եւ հիմնական ընդդիմադիր ուժը՝ «Հանուն ազատության եւ փոփոխությունների» դաշինքը, հուլիսի 17-ի առավոտյան ստորագրել են քաղաքական համաձայնագիր: Այդ մասին հաղորդել է «Al Arabiya» հեռուստաալիքը: Փաստաթուղթն ստորագրվել է Խարտումում աֆրիկացի միջնորդների ներկայությամբ:
Հեռուստաալիքի տեղեկավտությամբ՝ Զինվորական խորհրդի ղեկավարի տեղակալ Մուհամեդ Համդան Դագալոն (Համիդին) հայարարել է, որ համաձայնագրի հաստատումը պատմական պահ է եւ ուղի է բացում համագործակցության նոր դարաշրջանի համար: Մամուլի ասուլիսում նաեւ հայտարարվել է, որ Սահմանադրության վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը հետաձգվել է մինչեւ հուլիսի 19-ը: Հուլիսի 17-ին ավելի վաղ Sky News Arabia հեռուստաալիքը տեղեկացրել է, որ Զինվորական խորհուրդը եւ ընդդիմադիր դաշինքը համաձայնության են եկել երկրի իրադրության կարգավորման եւ անցումային շրջանի հիմնական փուլերի շուրջը: Համաձայնությունները ներառում են կետեր, որոնք վերաբերում են անցումային շրջանին, բայց չեն արծարծում Սահմանադրական հռչակագիրը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: