Ինչո՞ւ են Տիգրան Ուրիխանյանն ու Վարդան Ղուկասյանը բացակայում նիստերից

«Ոչ մի արտառոց ոչ մի բան էլ չկա, ինքը տվյալ հարցին պատասխանել ա, այստեղ չեն, գործուղման են»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչո՞ւ են Տիգրան Ուրիխանյանն ու Վարդան Ղուկասյանը բացակայում նիստերից, արդյո՞ք խնդիրներ կան թիմի ներսում:

Ըստ նրա՝ խմբակցությունում ոչ մի խնդիր չկա. «Կգան, անձամբ իրենցից կլսեք»:

Հիշեցնենք, որ ԲՀ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հունիսի 14-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ վայր է դնում մանդատը՝ խոստանալով պատճառների մասին խոսել ավելի ուշ։

Իսկ հունիսի 26-ին նա Ֆեյսբուքում գրառում էր արել. «Աշխատանքային լիազորություններիս դադարեցման վերաբերյալ մամուլում շարունակվում է տարատեսակ ենթադրությունների շրջանառությունը, բայց դրանցից որևէ մեկը իրականության հետ կապ չունի։ Խնդրում եմ ենթադրություններ չանել, առավել ևս, չտրվել այլոց երևակայության ազդեցությանը։ Ասելիքս մեկն էր ու չափազանց պարզ՝ հայտնել էի աշխատանքային լիազորություններս դադարեցնելու մասին, միևնույն ժամանակ նշելով, որ ամեն ինչ առջևում է, իսկ վաղվա օրը լի է հաղթանակներով։ Որոշումս կապված է ոչ քաղաքական հարցերի հետ, իսկ երբ կրկին անցնեմ աշխատանքային լիազորությունների իրականացմանը, ինչպես միշտ, գործելու եմ հանուն քաղաքացիների շահի ու ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը»։

Նկատենք նաև, որ Ուրիխանյանն այս օրերին Լյուքսեմբուրգում մասնակցում էր ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին, սակայն հայկական պատվիրակության ուղիղ եթերներին երբեք ներկա չի եղել:

 

Տեսանյութեր

Լրահոս