«Հակակոռուպցիոն, դատավորների վեթինգի և այլ գործընթացներում անհրաժեշտ է առաջնորդվել  միջազգայնորեն ընդունված չափորոշիչներով». Գոնսալո Սերանո

Տնտեսական և սոցիալական խորհրդի հանձնարարականով 1997 թվականի դեկտեմբերի 12-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հունիսի 26-ը հռչակեց Խոշտանգումների զոհերի պաշտպանության միջազգային օր:

Օրվա շրջանակում անցումային արդարադատության համատեքստում խոշտանգման զոհերի իրավունքների թեմայով հանրային քննարկում է կազմակերպվել նաև Երևանում:

Քննարկմանը մասնակցում են ներկայացուցիչներ Հայաստանում ԵՄ պատվիրակությունից, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակից, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, պատգամավորներ, ոստիկանության ներկայացուցիչներ և այլք:

Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սերանոն կարևորելով քննարկումը՝ նկատեց, որ այն ծավալվում է շատ պատեհ ժամանակ. «Այսօրվա քննարկումը ծավալվում է շատ պատեհ ժամանակային համատեքստում, որովհետև ակտիվ քննարկվում են դատաիրավական համակարգի, հակակոռուպցիոն մեխանիզմների և մարդու իրավունքների բարեփոխումները և դրա ուղղությամբ իրականացվող գործողությունները:

Հավանաբար գիտեք, որ Բրյուսելում մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցավ բարձր մակարդակի հանդիպում մեր հայ գործընկերների հետ՝ այն շրջանակներում, ինչը մենք անվանում ենք Հայաստանի հետ ընդլայնված և համապարփակ համաձայնագիր: Այս համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է օրենսդրական մոտարկում, որն ուղղված է լինելու կյանքի պայմանների բարելավմանը, տարբեր ոլորտներում չափորոշիչների բարելավմանը բոլոր հայաստանաբնակների համար:

Շատ կարևոր ուղերձ, որ մենք ցանկանում ենք՝ որպես միջազգային հանրություն և, մասնավորապես, Եվրամիություն՝ փոխանցել  Կառավարությանը, որ մենք սատարում ենք բարեփոխումներին՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ անհրաժեշտ է այս բոլոր բարեփոխումներում՝ մասնավորապես հակակոռուպցիոն և դատավորների վեթինգի և այլ գործընթացներում, առաջնորդվել  և հավատարիմ մնալ միջազգայնորեն ընդունված չափորոշիչներին»:

Մարդու իրավունքների պաշտպանն իր խոսքում անդրադարձավ օրվա խորհրդին, խոսեց բարեփոխումների մասին ու այդ գործընթացներում նշեց քաղաքացիական հասարակության դերը. «Քաղհասարակությունն ունի նաև անկախ ներուժ, փորձագետներ, մասնագետներ, ովքեր կարող են՝ որպես քաղվերահսկողություն իրականացնող սուբյեկտներ, օգնել պետությանը, որպեսզի առավել արդյունավետ կատարվեն բարեփոխումները»:

Քննարկումը շարունակվում է:

 

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս