«Սա՞ է հայկական ներուժը. Հայկական ներուժն այն է, որ ամբողջ աշխարհում հավաքում է 15 մլն դոլար և դրա համար ուրախանո՞ւմ». Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 28-րդ նիստին: Վարչապետն իր ելույթում, մասնավորապես, նշել է.
«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,
հոգևոր հայրեր, հոգաբարձուների խորհրդի հարգելի անդամներ,
տարածքային մարմինների ներկայացուցիչներ, պետական այրեր,
Ողջունում եմ Ձեզ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստի առիթով: Կարող եմ արձանագրել, որ թերևս յուրաքանչյուր հայ որոշակի էմոցիոնալ կապ ունի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ և թերևս այդ կապն արձանագրելու համար բավական է անցնել Հայաստանն Արցախին միացնող ճանապարհներով և այդ ճանապարհներին տեսնելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի խորհրդանիշները, հասկանալով, որ հիմնադրամի աջակցությամբ է այդ ամենը կառուցվել, նաև բազմաթիվ դպրոցներ, մանկապարտեզներ, ջրատարներ Հայաստանում և Արցախում: Այդպիսով հասկանալի է դառնում, թե հիմնադրամն ինչպիսի կարևոր առաքելություն է իրականացրել երրորդ հանրապետության կյանքում, Արցախի կյանքում՝ ամենդժվար և ամենածանր օրերին սատար լինելով Հայաստանի Հանրապետությանը և Արցախին:
Ես համաձայն եմ Հանրապետության նախագահի հետ, որ նոր ժամանակներում մենք պետք է նորովի դիտարկենք և գնահատենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատանքները և տեսնենք նաև մեդալի հակառակ կողմը:
Վերջերս մի քանի առիթներով, այդ թվում՝ սփյուռքի ներկայացուցիչներից մի քանի հետաքրքիր դիտարկումներ եմ լսել, որոնք կցանկանայի կիսել ձեզ հետ: Շատ բարձր գնահատելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունը, երբեմն ասվում է, որ հիմնադրամի գործունեության կոնկրետ դրվագները նպաստել են Հայաստանի կամ հայկական համաշխարհային ներուժի դեմիստիֆիկացիային: Ի՞նչ է նկատի առնվում. նկատի է առնվում այն, որ ընդհանուր առմամբ մենք ինքներս, նաև շատերն աշխարհում հայկական ներուժ ասելով հասկանում են շատ հզոր, շատ ազդեցիկ մի ուժ և դա այդպես է իրականում: Հետևաբար, ինչո՞վ է ազդել, ի՞նչ բացասական ազդեցություն են ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության որոշակի դրվագները հայկական ներուժի իմիջի վրա:
Ամեն տարի մենք ուրախությամբ արձանագրում ենք և դա իսկապես ուրախանալու առիթ է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի շրջանակում հանգանակվեց 15 մլն դոլար, 10 մլն դոլար, 20 մլն դոլար, 25 մլն դոլար: Դա, իհարկե, շատ կարևոր և գնահատելի է: Բայց եկեք հասկանանք, թե ինչպես է դա երևում կողքից, դրսից, ուրիշների համար: Ուրիշների համար հարց է ծագում՝ սա՞ է հայկական ներուժը: Հայկական ներուժն այն է, որ ամբողջ աշխարհում հավաքում է 15 մլն դոլար և դրա համար ուրախանո՞ւմ: Ուզում եմ ընդգծել, որ հայկական ներուժի դեմ ձեզ և մեզ հայտնի ուժերը տարեկան միլիարդավոր դոլարներ են ծախսում, որպեսզի հայկական ազդեցությունն ամբողջ աշխարհում նվազեցնեն: Գալիս են պահեր, որ հայկական ներուժի իմիջին հարվածելու համար երբեմն ինքներս ակամա շատ ավելի մեծ աշխատանք ենք անում, քան անում են մեր հակառակորդները:
Իհարկե հասկանալի է, որ հայկական ներուժը միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով չէ Հայաստանում ներդրումներ անում: Կան տասնյակ կազմակերպություններ և՛ սփյուռքում, և՛ Հայաստանում, որոնք անգնահատելի աջակցություն են ցուցաբերել, ցուցաբերում և դեռ համոզված եմ՝ կցուցաբերեն Հայաստանին և Արցախին: Բայց կարծում եմ, շատ կարևոր է ոչ միայն այն, ինչ տեղի է ունենում, տեղի ունեցողի բովանդակային խորքը, այլև այն, թե ինչպես է դա երևում և ինչպես է դա պատկերվում դրսի հայացքի համար, կողքի հայացքի համար և, ի վերջո, մենք մեր խորքում, ինքներս մեզ հետ մենակ մնալիս, ոչ հրապարակային ի՞նչպիսի հարցեր ենք դնում տեղի ունեցողի կապակցությամբ:
Կարծում եմ, ժամանակն է, որ այդ հարցերն ուղիղ, առանց սեթևեթանքի դնենք օրակարգում և քննարկենք: Իհարկե հասկանալի է, որ այս ընթացքում մենք ունեցել ենք բազմաթիվ խնդիրներ, մենք ունեցել ենք խնդիրներ կոռուպցիայի հետ, կարող են չարաշահումների առանձին դեպքեր լինել, եղել են: Իհարկե, մենք ամեն ինչ կանենք և անում ենք, որ դա բացառենք, բայց դա ընդհանուր գործ է: Իհարկե, հասկանալի է, որ մենք ծրագրերի խնդիր ունենք, պետք է ծրագրերն իսկապես այնպիսին լինեն, որ ոգեշնչեն հնարավորինս շատ մարդկանց, դրանց կարևորությունը հնարավոր լինի ապացուցել, այդ ծրագրերի իրականացման հարակից էֆեկտները պետք է ավելի ազդեցիկ լինեն, որպեսզի մենք ոչ միայն ուղղակի ասֆալտապատ ճանապարհ կառուցենք, այլ տեսնենք, որ այդ ճանապարհն իր հետ բերում է զարգացում, իր հետ բերում է նոր կյանք, նոր հնարավորություններ ավելի ու ավելի շատ մարդկանց: Այս ամենը հասկանալի է և քննարկումից դուրս, բայց սրանք ավելի շատ կազմակերպչական բնույթի հարցեր են:
Փիլիսիոփայական բնույթի հարցը հետևյալն է, որ մենք որպես ազգ, որպես ժողովուրդ պետք է փոխենք վերաբերմունքն այս ողջ գործընթացի նկատմամբ: Ինչ որ առումով «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է ոչ թե առանձին վերցրած ծրագրերի իրականացման հնարավորություն լինի, այլ, ըստ էության, դառնա մեր համազգային բյուջեն: Մենք ընդհանրապես պետք է մտածենք համազգային բյուջե ունենալու մասին և պետք է փոխենք մեր վերաբերմունքն այդ համազգային բյուջեի նկատմամբ: Մեր կառավարության գործունեության ամենակարևոր ուղղություններից մեկն այն է, որ մենք ուզում ենք փոխել Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքը պետական բյուջեի նկատմամբ և այդ վերաբերմունքի կարևոր փոփոխությունը պետք է լինի այն, որ յուրաքանչյուր քաղաքացի ընկալի, որ այդ փողը ոչ թե ինքը տալիս է ուրիշին, այլ այդ փողը տալիս է ինքն իրեն, ինչպես ընտանիքում ծախսվում են փողերը տարբեր նպատակներով, այդպես էլ բյուջեում:
Այսինքն Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է ընկալի, որ պետական բյուջեի միջոցները ծախսվում են հենց իր համար: Իհարկե, այս գաղափարաբանության շոշափելի էֆեկտը պետք է ապահովեն այդ գումարները ծախսողները, պետական բյուջեի դեպքում՝ կառավարությունը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի դեպքում՝ գործադիր մարմինը, հոգաբարձուների խորհուրդը:
Ես ուզում եմ ասել, որ ընդհանուր առմամբ հարցն ամենևին էլ փողը չէ, հարցը փիլիսոփայությունն է, պետք է շոշափելի, շատ ավելի մեծ և շատ ավելի անմիջականորեն ցույց տալ, որ ամբողջ հայությունը կանգնած է Հայաստանի կողքին, ամբողջ հայությունը կանգնած է սփյուռքի կողքին: Այո՛, 20-րդ դարում դրված խնդիրները լուծվել են, բայց մենք պետք է հաշվի առնենք, որ 21-րդ դարում մարտահրավերներն ավելի են լրջանում, մարտահրավերներն ավելի են ահագնանում և այդ ահագնացող մարտահրավերներին հայության արձագանքը, մեր բոլորի արձագանքը պետք է լինի համարժեք, որովհետև, ի վերջո, նախագահները, վարչապետները, կառավարություններն անցողիկ են, իսկ հայրենիքը հավերժ է, ժողովուրդը հավերժ է: Մենք պետք է տեր կանգնենք մեր հայրենիքի և մեր ժողովրդի հավերժությանը, հայրենիքի և ժողովրդի հավերժությունը մի հարց է, որը լուծում պետք է ստանա այսօր, ամեն օր այդ հարցը պետք է լուծում ստանա այսօր:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի էության և բովանդակության փոփոխությունը ես տեսնում եմ հենց այս խնդրի լուծման մեջ և համոզված եմ, որ մենք ունենք անհրաժեշտ կամք, անհրաժեշտ միասնություն, անհարժեշտ հմտություն և իմաստնություն մեր հայրենիքի և մեր ժողովրդի հավերժության օրակարգը սպասարկելու, մեր հայրենիքի և մեր ժողովրդի հավերժությունն ապահովելու համար: Շնորհակալություն»: